Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑԸ»

Հունիս 03,2010 00:00

Ըստ այս բուհի պրոֆեսորի գրքի՝ Աստվածամայրը անբարո կին էր

\"\"

«Առավոտի» խմբագրություն զանգեց Հովհաննես Թումանյանի տուն- թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը՝ մտահոգված երեւանյան գրախանութներում վաճառվող մի տարօրինակ գրքով: «Ժողովրդական, փիլիսոփայական, բարոյագիտական, կենցաղային իմաստություններ» վերնագրով այս գիրքը տպագրվել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Ընդհանուր մանկավարժության ամբիոնի երաշխավորությամբ: Երկրորդ վերնագիրն էլ «Էթնոմանկավարժություն» է: Հեղինակները հայր եւ դուստր՝ Մնացական եւ Արմենուհի Մանուկյաններն են: Ն. Թուխիկյանը պատմեց, որ գրքի 12-րդ էջում գրված է, թե Աստվածամայրն էլ անբարո կին էր, բայց Հիսուսը նրան ներեց եւ ընդունեց իբրեւ մայր: Եվ նման ձեւակերպումներով գիրքը երաշխավորվում է հանրապետությունում մանկավարժներ «արտադրող» ամենամեծ դարբնոցի (բուհի ղեկավարության եւ նրանց հովանավորողների սիրելի արտահայտությունն է) համապատասխան ամբիոնի կողմից:
Տիկին Թուխիկյանին անհանգստացնում էր հատկապես այն փաստը, որ այս հրատարակությունը կարող է իբրեւ օժանդակ ուսումնական ձեռնարկ օգտագործվել: «Անգամ մահմեդականները Մարիամին սրբուհի են դիտում, մինչդեռ մեզ մոտ նման գրքեր են տպագրում»,- նեղսրտել էր թանգարանի տնօրենը: Նա զանգել է ԿԳ նախարարություն, Մայր աթոռ, Մանկավարժական համալսարան, հեղինակ Մ. Մանուկյանին: Վերջինս նույնիսկ ասել է, թե Ն. Թուխիկյանը կարող է ցանկության դեպքում Եվրոդատարան էլ դիմել: Ինչ վերաբերում է ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանին, նա էլ «ցրողական» պատասխաններ է տվել, ինչը զարմանալի չէ. քանի որ Մանկավարժականի ռեկտոր Արտուշ Ղուկասյանն իր սանիկն է:
Գրքի հեղինակ, պրոֆեսոր Մնացական Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է Աստվածամորը անբարո կին որակել: Նա ասաց, որ այդ միտքը եւ այլ արտահայտություններ գրքում գործածվել են որպես ասույթներ, որոնք ունեն իրենց սկզբնաղբյուրները. «Կոնկրետ այդ միտքը մենք մանկավարժական մեկնաբանմամբ ենք ներկայացրել»: Հարցրինք՝ ի՞նչ աղբյուրից է օգտվել տվյալ դեպքում: Մանուկյանը պատասխանեց, որ օգտվել է «Սրբերի շքահանդես» գրքից, չգիտի՝ ով է հեղինակը, գիտի միայն, որ այն 10-15 տարի առաջ է տպագրվել: Մեր տարակույսին՝ գուցե դա աղանդավորական հրատարակություն է, պրոֆեսորը այսպես արձագանքեց. «Էդտեղ մենք տվել ենք ծնողի դերի գնահատման մեկնաբանությունը: Այսինքն, մեկնաբանում ենք այն, անկախ նրանից՝ ինքը ումից է հղիացել, Քրիստոսը նրան շա՛տ բարձր է դասել»: Ավելի ուշ Մ. Մանուկյանը եկավ խմբագրություն եւ հայտնեց, որ ձեւակերպումը Հոլբախի գրքից է: Ըստ նրա, փիլիսոփայական տեսանկյունից նայելով՝ անբարո բառը չի նշանակում անբարոյական: «Մեր հասարակության մեջ չի ընդունվում միայնակ, առանց ամուսին երեխա ունենալը, դա համարվում է հասարակական, բարոյական արժեհամակարգից դուրս: Իսկ մենք մեր մեկնաբանության մեջ մայրության գաղափարն ենք հիմք ընդունել ու շեշտել: Ասվածի մեջ հակաքրիստոնեական, հակահայկական բան չեմ տեսնում ու չեմ կարծում, որ սա այն հարցն է, որ պետք է հասարակական հնչեղություն ստանա»,- ասաց նա:
ԿԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է ԿԳ նախարարությունը, թե ինչ գիրք է երաշխավորվում ՀՀ պետական, այն էլ՝ մանկավարժական բուհում: «Զանգեք տվյալ ամբիոն, պարզեք, եթե երաշխավորությունը տվել են՝ կարդացե՞լ են այդ գիրքը: Էդ դոկտորները, պրոֆեսորները, որ եղել են երաշխավորողներ, կարդացե՞լ են, ի՞նչ են երաշխավորում: Թող ամբիոնի վարիչն իր մոտեցումն ասի դրա վերաբերյալ»,- ասաց նա:
Մանկավարժական համալսարանի Ընդհանուր մանկավարժության ամբիոնի վարիչ Լաուրա Ասատրյանը հեռախոսով փոխանցեց, որ ինքը ֆիզիկապես ի վիճակի չէ բոլոր գրքերն ու ատենախոսությունները կարդալ, բայց գիտի, որ դա ասույթների ժողովածու է: Նշեց, որ իրենց ամբիոնում գրքերը երաշխավորվում են գրախոսականների հիման վրա, Մանուկյանների գիրքն էլ բացառություն չէ:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու տեր Վահրամ քահանա Մելիքյանն ասաց, որ խնդրի վերաբերյալ կարծիք կհայտնեն գիրքն ուսումնասիրելուց հետո:

Հ. Գ. Հանրությանը միշտ էլ մտահոգել է այն հարցը, թե ի՞նչ սկզբունքների վրա է դրված մանկավարժությունը Մանկավարժական համալսարանում: Նման հակազգային, հակամանկավարժական եւ հակաքրիստոնեական ձեռնարկները զարմանալի չեն, որովհետեւ այս բուհում, ինչպես տեղեկացրել ենք նախորդ համարներում, անգամ «պատժական դաստիարակագիտություն» են դասավանդում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել