Վստահաբար, նույն ճակատագիրն է սպասում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի վերաբերյալ ԵԱՀԿ-ի ներկայիս առաջարկություններին:
ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը երեկ Հայաստանի իշխանություններին կոչ է արել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը համապատասխանեցնել ԵԱՀԿ եւ եվրոպական չափանիշներին՝ նախքան նախագծի վերջնական ընդունումը: «Եթե նախագիծն ընդունվի ներկայիս տեսքով, այն չի երաշխավորի հեռարձակման ոլորտում բազմակարծությունը: Նախագծով նաեւ չի հաջողվել ամուր հիմքեր ստեղծել թվայնացման գործընթացի համար,- նշել է Միյատովիչը:- Լավ նախագիծը կարող է պաշտպանել հեռարձակողների անկախությունը՝ դրանով իսկ նպաստելով ԶԼՄ-ների ազատությանը՝ միեւնույն ժամանակ խթանելով մրցունակ եւ տնտեսապես կայուն հեռարձակման դաշտի ստեղծմանը Հայաստանում»:
Մայիսի 20-ին Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը՝ այն հանրությանը ներկայացնելուց քիչ անց: Չորս օր անց՝ նախքան խորհրդարանական լսումները, Միյատովիչի գրասենյակը տրամադրեց օրենքի նախագծի մասին փորձագիտական կարծիք՝ մանրամասնելով մտահոգություն ներկայացնող մի շարք խնդիրներ: Փորձագիտական կարծիքը, որը ներկայացվել է Հայաստանի իշխանություններին, նաեւ ներառում է առաջարկություններ լրամշակումների համար:
Ըստ փորձագիտական վերլուծության, նախագծում առկա թերությունների թվում են հետեւյալ խնդիրները.
– Նախագիծը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին (ՀՌԱՀ) այլեւս չի պարտավորեցնում հիմնավորել հեռարձակման լիցենզիայի համար ներկայացված դիմումները մերժելու պատճառները:
– Անորոշ ժամանակով հետաձգում է թվային հեռարձակման համար մասնավոր մուլտիպլեքսորների ստեղծման հնարավորությունը՝ միեւնույն ժամանակ պահանջելով, որպեսզի 2013թ. հուլիսի 20-ին դադարեցվի անալոգային հեռարձակումը: Սա կարող է խախտել մրցակցության կանոնները:
– Օրինագիծը ՀՌԱՀ-ի ներկայիս պարտականություններից հանում է տարին առնվազն մեկ անգամ հաճախականությունների ցանկը հրապարակելու պարտականությունը: Սա լիցենզավորման եւ մրցույթների ընթացակարգերը, ինչպես նաեւ մուլտիպլեքսների հստակ կարողությունը եւ թիվը անորոշ է դարձնում եւ տարբեր մեկնաբանությունների եւ բյուրոկրատական հայեցողության ենթակա:
– Հստակ կանոններ չի պարունակում արբանյակային, բջջային ու ինտերնետային հեռարձակման վերաբերյալ՝ փորձելով տեսաձայնային լրատվամիջոցների ծառայությունների բոլոր ձեւերն ու տեսակները դնել ՀՌԱՀ-ի լիցենզավորման կամ թույլտվությունների խիստ ռեժիմի ներքո:
– Սահմանափակում է հեռուստաալիքների թիվը՝ առանց որեւէ մեկնաբանության:
– Չի համապատասխանում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների ընտրության եւ նշանակման միջազգային չափանիշներին:
ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության ներկայացուցչի գրասենյակը նաեւ առաջարկում է հանել Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերությունը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի իրավազորության տակից եւ նրա վրա տարածել միայն Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի իրավազորությունը՝ իրավական որոշակիություն ապահովելու նպատակով:
ԵԱՀԿ ներկայացրած դիտողությունների «Եզրահանգում» բաժնում ասվում է. «Իր մի շարք բանաձեւերում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ երաշխավորել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի անկախությունը որեւէ քաղաքական շահից եւ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի ազատությունը եւ բազմակարծությունը»:
ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակը շարունակաբար իր աջակցությունն է առաջարկել Հայաստանում հեռարձակման ոլորտը կարգավորող առավել ազատական օրենք մշակելու գործում, ինչին կմասնակցեին նաեւ հասարակական կազմակերպությունները, եւ ինչը կխթաներ արտահայտվելու եւ լրատվամիջոցների ազատությունը Հայաստանում: Օրինագծի՝ առաջարկվող տարբերակը, այդուհանդերձ, կասկածներ է հարուցում այն մասին, որ ԵԽԽՎ-ի բանաձեւերը եւ հեռարձակման մասին օրենսդրությանը վերաբերող՝ ԵԱՀԿ-ի Լրատվամիջոցների ազատության ներկայացուցչի բազմաթիվ կոչերը պատշաճ կերպով են արտացոլվել քննարկմանը ներկայացված օրինագծում: Բացի այդ, նախկինում արված առաջարկությունները լրիվ անտեսված են: