«Առավոտին» տված հարցազրույցում համոզմունք է հայտնել Եվրախորհրդարանի բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովը:
Մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանում թիվ 2216 բանաձեւի ընդունումից օրեր անց՝ մայիսի 26-ին, «Առավոտը» փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու խնդրանքով դիմել էր բանաձեւի հեղինակ, բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովին: Հունիսի 1-ին պարոն Կիրիլովից ստացանք մեր բոլոր հարցադրումների գրավոր պատասխանները, որոնք հրապարակում ենք մասնակիորեն, քանի որ նույնաբովանդակ պատասխաններ նա, առանց մեզ զգուշացնելու, ուղարկել է մեկ այլ թերթի եւս:
Եվրոպական խորհրդարանում ընդունված զեկույցը Հայաստանում մեծ դիմադրություն է առաջացրել, եւ, ի պատասխան դրա, իշխանությունները պնդում են, որ Կիրիլովը զեկույցը պատրաստել է ադրբեջանական լոբբինգի ազդեցության տակ: «Առավոտի» այս արձանագրմանը բանաձեւի հեղինակն այսպես է արձագանքել. «Ափսոսում եմ, որ Հայաստանում եղան մի քանի անհիմն մեկնաբանություններ եւ շահարկումներ՝ կապված բանաձեւի առանձին դրույթների հետ, որոնք կտրվել են կոնտեքստից եւ ներկայացվել որպես ինչ-որ մեկի թաքնված օրակարգի արդյունք: Բանաձեւը կազմվել է խորհրդարանի փորձագետների օգնությամբ, դրան նաեւ իրենց արժեքավոր մասնակցությունն են բերել գիտակ միջազգային փորձագետները, որոնք շատ մոտիկից ծանոթ են Հարավային Կովկասին: Հիմնական նախագիծը ներկայացվել է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, որտեղ շուրջ 300 լրացումներ են առաջարկվել Եվրախորհրդարանի բոլոր խմբակցությունները ներկայացնող պատգամավորների կողմից: Այնուհետեւ բանաձեւն ընդունվել է հանձնաժողովում՝ ձայների ճնշող մեծամասնությամբ (փաստացի միայն մեկ մասնակից է դեմ քվեարկել): Բանաձեւի տեքստի շուրջ եղել է լայն համաձայնություն՝ բոլոր քաղաքական խմբերի միջեւ, ուստի լիագումար նիստում եւս այն ընդունվել է ճնշող մեծամասնությամբ: Ես չեմ տեսել, որ որեւէ մեկը դեմ քվեարկած լինի դրան: Եվ ասել, թե որոշումը նախապատրաստվել է լոբբինգի ազդեցության տակ կամ մեկ մարդու կողմից՝ անլուրջ է եւ որոշակի արհամարհական վերաբերմունքի դրսեւորում է Եվրախորհրդարանի օրինաստեղծ ընթացակարգերի նկատմամբ»: Անդրադառնալով հայկական ուժերը ԼՂ հարակից տարածքներից դուրս բերելու վերաբերյալ Եվրախորհրդարանի պահանջին՝ Կիրիլովն ասել է, թե «սկզբնական նախագծում դա չի եղել: Այն ներառվել է օրինագծի մեջ Եվրոպայի ժողովրդական կուսակցության առաջարկությամբ՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ծավալված քննարկումների ժամանակ», ու բոլորը պաշտպանել են այդ առաջարկը, որովհետեւ այն հիմնված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերի վրա: Ըստ նրա, նման ու ավելի խիստ ձեւակերպումներ են եղել նաեւ ԵԽ-ի 2005թ.-ին ընդունած թիվ 1416 բանաձեւում:
Կիրիլովը՝ ի պատասխան «Առավոտի» հարցին, հակադարձել է նաեւ բանաձեւի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի արած հայտարարությանը, թե «բանաձեւում պարունակվող Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ դրույթները համահունչ չեն ո՛չ Մադրիդյան սկզբունքներին, ո՛չ Ակվիլայի հայտարարությանը, ո՛չ Մոսկվայի հռչակագրին», որ զեկույցը գրողը երբեւէ չի եղել Ղարաբաղում, տարածաշրջանում եւ չի խորհրդակցել անգամ ԵՄ անդամ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող Ֆրանսիայի ներկայացուցչի հետ, որ բանաձեւում որոշ դրույթներ հակասում են նաեւ ԵՄ դիրքորոշմանը: Կիրիլովի ասելով, բանաձեւի 7-րդ գլուխը ակնհայտորեն հայտարարում է, որ Եվրախորհրդարանը «լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին, Մադրիդյան հիմնարար սկզբունքներին եւ Ակվիլայի հայտարարությանը»: «Եվրախորհրդարանը միշտ աջակցել է այդ ջանքերին, եւ այդ իմաստով ոչինչ չի փոխվել: Ինչ վերաբերում է հայկական կողմի հետ կոնսուլտացիաներին, ապա կարող եմ ասել. քանի որ բանաձեւի առանցքում ԵՄ շահերն են, առանձին վերցրած երկրների համար շատ դժվար է փորձել ազդել բանաձեւի ընդունման գործընթացի վրա: Իհարկե, բանաձեւի նախապատրաստման ժամանակ մենք լսեցինք դիրքորոշումներ ու պահանջներ բոլոր երկրների եւ տարածաշրջանի խաղացողների կողմից, բայց այդ ամենը մնաց ետեւում, որովհետեւ բանաձեւի իմաստն այն չէ, որ բավարարի այս կամ այն երկրի պահանջմունքները, այլ այն, որ արտահայտի ԵՄ դիրքորոշումն ու քաղաքականությունը Հարավային Կովկասում: Մենք հենց դա էլ արել ենք, եւ դրա համար էլ բանաձեւն ընդունվել է Եվրախորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի կողմից՝ ընդհանուր համաձայնության պայմաններում»:
Եվրախորհրդարանի պատգամավորը արձագանքել է նաեւ Հայաստանում հնչող այն մեղադրանքներին, թե բանաձեւը հեռու է օբյեկտիվ եւ հավասարակշռված լինելուց: «Երբեմն փաստերն ավելին են ասում, քան խոսքերը: Ես արդեն ասել եմ, որ բանաձեւը ե՛ւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ե՛ւ լիագումար նստաշրջանում ընդունվել է ձայների գերակշիռ մեծամասնությամբ: Դա քաղաքական բոլոր խմբերի ընդհանուր համաձայնության արդյունք է, մի բան, որ Եվրախորհրդարանում հաճախ չի պատահում: Դուք կարծում եք, որ այդ ամենը կարող էր ընդունվե՞լ, եթե այն իսկապես անհավասարակշռված եւ ինչ-որ ազդեցությունների արդյունք լիներ, ինչպես դա ներկայացվում է Հայաստանում որոշակի շրջանակների կողմից»: Ավելին, իբրեւ բանաձեւի հավասարակշռված լինելու փաստ՝ Ե. Կիրիլովը մատնանշեց այն, որ «ավելի կառուցողական հարաբերությունների հաստատման կամ սադրիչ քաղաքականությունից եւ հռետորաբանությունից ձեռնպահ մնալու կոչերն ուղղված են ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին», որ բանաձեւում ԵՄ-ին առաջարկվում է Հարավային Կովկասում իր ծրագրերում ընդգրկել նաեւ Ղարաբաղին, ինչը, նրա ասելով, «շատ ցավագին է ընդունում ադրբեջանական կողմը»:
«Եվ վերջում թույլ տվեք ասել. ես խորապես համոզված եմ, որ այն, ինչ արվում է Եվրախորհրդարանի կողմից եւ կա նրա ընդունած բանաձեւում, արվում է հանուն հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների կենսական շահերի՝ հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու համար: Հեշտ չէ հին վերքերը բուժել, բայց պատմության մեջ ավանդական բարեկամության եւ համակեցության շատ եւ լավ օրինակներ կան: Հարավային Կովկասը կարող է դառնալ կայունության, կենսունակ խաղաղության եւ բարգավաճման տարածաշրջան: Դա անելու՝ թշնամանքն ու կասկածները հաղթահարելու համար անհրաժեշտ են խիզախ քաղաքական առաջնորդներ, որոնք պետք է ճկունություն դրսեւորեն եւ նայեն դեպի իրենց երկրների ապագան: Քաղաքական մթնոլորտը ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում դեռեւս մնում են վտանգավոր նման որոշումներ ընդունելու համար, ահա թե ինչու են պետք խիզախ առաջնորդներ, որոնք իրենց օրինական տեղը կարող են գրավել պատմության էջերում»,- եզրափակեց Եվրախորհրդարանում ընդունված թիվ 2216 բանաձեւի հեղինակ Եվգենի Կիրիլովը: