«Ար ԹԻ Այ Ինթերնեշենլ» կազմակերպության կողմից իրականացվող եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Տեղական ինքնակառավարման ծրագրի շրջանակներում երեկ Կապանում քննարկվում էր աղբահանության խնդիրը: Ծրագիրը իրականացվում է արդեն հինգ տարի՝ հանրապետության 40 քաղաքներում, այդ թվում նաեւ Սյունիքի մարզի բոլոր 4 քաղաքներում:
Աղբահանության բարելավման նպատակով իրականացված աշխատանքների արդյունքներն ակնհայտ են: Ինչպես ծրագրի պատասխանատուները նշեցին, համագործակցող համայնքներից 33-ին տրամադրվել են աղբահավաք մեքենաներ, կազմակերպվել են ուսուցողական դասընթացներ, 22 համայնք ստացել է նոր համակարգիչներ, որոնց միջոցով քաղաքացիներն արդեն կարող են ոչ միայն կատարել իրենց վճարումները, այլեւ տեղեկանալ իրենց վճարների շարժի մասին, Հայաստանի 33 քաղաքներում աղբահանությունն արդեն իրականացվում է նոր աղբատարներով: Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի խոսքով, Ագարակում աղբահանության վարձերի 250% աճ է նկատվում: Ագարակում ընդամենը մեկ աղբահավաք մեքենա է աշխատում: Կապանում, ըստ քաղաքապետ Արտուր Աթայանի, վարձավճարների հավաքագրումը 300 հազար դրամից աճել է՝ հասնելով 4 միլիոնի, իսկ Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի խոսքով՝ 200 հազար դրամից 1,8 միլիոն դրամի է հասել վարձի հավաքագրումը:
Այնուամենայնիվ, աղբահավաքման գործում դեռեւս խնդիրներ կան՝ կապված աղբահավաք մեքենաների, աղբամանների անհրաժեշտությունից մինչեւ հասարակության գիտակցության բարձրացումը, սեփական համայնքը մաքուր պահելու անհրաժեշտությունը պետք է գերիշխող կեցվածք լինի:
Աղբահանության խնդիրը հատկապես լուրջ է ծայրամասային թաղամասերում: Կապանի քաղաքապետը նշում է, որ քաղաքի միայն կենտրոնական փողոցներում մաքրության լիարժեք ապահովման համար մոտ 600 փոքր աղբամանի կարիք կա: