Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը նախաձեռնել է «Մեկ շաբաթ Հայրենիքում» ակցիան, որը իրականացվելու է հունիսի 21-27-ի հատվածում եւ, ըստ նախաձեռնության հեղինակների՝ «15 ռուսաստանաբնակ հայերին հնարավորություն կտա ծանոթանալ իրենց պապերի հայրենիքին»:
Ըստ «Երկրամասի», լայնորեն տարածված է կարծիք, որ Ռուսաստանի հայ համայնքի ազգային արժեքային համակարգը վտանգված է՝ ազգային մշակույթի անճանաչության պատճառով: «Ճակատագրի բերումով Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները գրեթե ծանոթ չեն Հայաստանի եւ Արցախի պատմական ժառանգությանը: Հենց այդ բացը մասնակիորեն լրացնելու նպատակով է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը հունիսի 21-27-ը նախաձեռնել «Մեկ շաբաթ Հայրենիքում» ակցիան», նշում են նախաձեռնողները:
Ակցիայի հեղինակները, առանց անուններ տալու, տեղեկացնում են նաեւ, որ ծրագիրը իրականացվում է հայաստանցի գործընկերների հետ: Ծրագրի շրջանակներում հայրենիք այցելած ռուսահայերը գիդի ուղեկցությամբ կլինեն Երեւանի տեսարժան վայրերում, Էջմիածնում, Սարդարապատում, Վազգեն Սարգսյանի եւ Պարույր Սեւակի տուն-թանգարաններում, Գոշավանքում, Սանահինում, Հաղպատում, Նորավանքում, Գառնիում, Գեղարդում եւ այլուր:
Այս ծրագիրը մշակութային եւ ժամանցային մասով շատ նման է ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին: Տարբերությունն այն է, որ «Արի տուն» ծրագրով սփյուռքահայերը Հայաստանում անցկացնում են ոչ թե մեկ, այլ երկու շաբաթ: «Մեկ շաբաթ Հայրենիքում» ակցիայով Հայաստան եկածները կգիշերեն հյուրանոցում, «Արի տուն» ծրագրով եկածները հայաստանցիների ընտանիքներում կմնան: «Մեկ շաբաթ Հայրենիքում» ակցիայի մասնակիցը պետք է վճարի տրանսպորտային ծախսերը եւ եւս 935 ԱՄՆ դոլար: «Արի տուն» ծրագրով Հայաստան եկածները վճարում են միայն տրանսպորտային ծախսերը, մնացածը՝ Հայաստանի Հանրապետությունը եւ հյուրընկալ ընտանիքը: «Արի տունը» 13-20 տարեկանների համար է, «Մեկ շաբաթ Հայրենիքումը» տարիքային սահմանափակումներ չունի:
«Մեկ շաբաթ Հայրենիքում» եւ «Արի տուն» ծրագրերով Հայաստան եկածները կարող են հանդիպել իրար, քանի որ «Արի տուն» ծրագրով առաջին 50 հոգանոց խումբը հայրենիքում կլինի հունիսի 23-ից: Այս խմբում կան եւ ռուսահայեր, եւ հայեր Կանադայից, ԱՄՆ-ից, Լատվիայից, Վրաստանից, Սիրիայից, Մերձավոր Արեւելքի այլ երկրներից: