Սանիտարական-կարանտինային կետի գործարկումով հակասանիտարական վիճա՞կ է ստեղծվել
Մի քանի տարի չէի եղել «Այրում» կայարանում, ուստի լրագրողիս առավել տեսանելի էին փոփոխությունները: Հանրապետության հյուսիս-արեւմտյան մուտքը հանդիսացող երկաթուղային կայարանում սանիտարական հսկողության նոր, միահարկ շենք է կառուցվել, սկսվել է մաքսային կետի շենքի շինարարությունը: Կայարանի առաջին գծի ռելսերի փայտե կոճղերը փոխարինվել են բետոնե կոճղերով: Փոփոխություններն սկսվել են 2008 թվականի ամռանից, երբ Հայաստանի երկաթուղին հանձնվել է ՌԴ հավատարմագրային կառավարմանը՝ ընդգրկվելով «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ կազմում:
«Այրում-Երեւան» երթուղու էլեկտրագնացքը 2 նոր՝ յուրաքանչյուրը 6 վագոնանոց շարժակազմով է համալրվել: «Այրումի» կայարանապետ Սամվել Օհանյանն ասում է, որ անցյալ տարի փոխվել են կայարան մտնող 3 գծերը, վերջին՝ 4-րդ գծի փոխարինումը ընթացքի մեջ է: 2009 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսներին կայարանում հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել: Սակայն միշտ չէ, որ փոփոխությունը արդիականացում է նշանակում: Այրումցի երկաթուղայինները մատնացույց արին կայարանի առաջին գծում «նորացված» ռելսերը, որոնց կողերը բավական մաշված են: Դրանք տարիներ շարունակ ինտենսիվ օգտագործված են եւ ուրիշ տեղից են հանվել-բերվել: Դոնի Ռոստովի երկաթուղային ինստիտուտն ավարտած կայարանապետը տեղացի է, նա անցյալ դարի 90-ական թվականներին մեծ գործ է արել Հայաստան մտնող գնացքները ժամանակին եւ անխափան ընդունելու համար: Այսօր «Այրում» կայարանում գնացքների շչակների ձայնը առանձնապես հաճախ չի լսվում, կայարանի մուտքի լուսացույցում միայն կարմիր լույս էր վառվում: Սա երկու պատճառ ունի՝ ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ որոշակի գործարար պասիվությունը: Կայարանապետի սենյակում անընդհատ հնչում էր հեռախոսազանգը, Սամվել Օհանյանը հեռախոսով պարզաբանում էր պահանջում «Երեւան» կայարանի ինչ-որ աշխատողից, ում կողմից սարքին գնահատված սառնարան-վագոնը սահմանին՝ Վրաստանի «Սադախլո» կայարանում անսարք էր ճանաչվել, քանզի բացակայել են վագոնի ռետինե հատակն ու ալյումինե միջնորմը: Կայարանապետն ասաց, որ 2008-ի համեմատությամբ 2009-ին 91-ով պակասել է Հայաստան մտնող գնացքների թիվը: Պակասել է նաեւ Հայաստանից բեռների արտահանումը. խիստ նվազել է ցեմենտի հայկական 2 գործարանների արտադրանքի առաքումը Վրաստան: Ներկայումս գործում է երկու գնացք՝ «Գյումրի -Այրում» էլեկտրագնացքը եւ «Թբիլիսի-Երեւան» մարդատարը: «Գյումրի-Երեւան» էլեկտրագնացքն ավելի քան 500 նստելատեղ ունի, այս գնացքով են ժամանում «Այրում» կայարանում աշխատող, հանրապետության այլ վայրերում բնակվող երկաթուղայինները: Հիմա էլեկտրագնացքը չի լցվում, իսկ մրգի սեզոնին այն լեփլեցուն է. Դեբեդի հովտի արեւահամ պտուղը հիմնականում դրանով է տեղափոխվում Վանաձոր, Գյումրի: «Այրում-Գյումրի» երթուղու տոմսի արժեքը 950-1000 դրամ է: «Երեւան-Թբիլիսի» գնացքը գործում է կենտ օրերին, տոմսի արժեքը՝ 2600-5600 դրամ: Այրումից Երեւան հասնելու համար, կախված վագոնի կոշտությունից, պետք է վճարես 1300-3600 դրամ:
Երկաթուղին ռուսներին հավատարմագրային կառավարման հանձնելուց հետո՝ երկաթուղայինների աշխատավարձը որոշ չափով աճել է: Երկաթուղայինի գերդաստանում ծնված ու մեծացած «Այրում» կայարանի հերթապահ Ժորա Խաչատրյանը 3 օրը մեկ, շուրջօրյա աշխատանքի դիմաց, 45 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Կայարանապետն էլ այս առնչությամբ նշում է, թե Ժորան եւ նրա նման այլ աշխատողներ, աշխատավարձից զատ, հավելյալ պարգեւատրումներ են ստանում, եւ ընդհանուր գումարը կազմում է 70 հազար դրամ: Հանրապետության երկաթուղային մուտք «Այրում» կայարանը չլուծված սանիտարական հիմնահարց ունի: Որքան էլ տարօրինակ հնչի, հիմնահարցն առաջացել է անցյալ տարի ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության «Այրում-Ջիլիզայի» սանիտարական-կարանտինային կետի գործարկումով: Երկրորդ հարկում գտնվող կայարանապետի լուսամուտների տակ կոյուղաջրի փոսալճակ կա: Նման մի փոս էլ կա «Այրում» կայարանի ոստիկանության շենքի բակում: Մինչ այդ էլ կայարանի բնակելի 5 շենքերի (այստեղ 28 ընտանիք է ապրում, որոնց անդամներն աշխատում են երկաթուղում) եւ կայարանի տարածքում գործող հիմնարկությունների կոյուղաջրերի հեռացումը բնականոն չէր ընթանում: Սակայն սանիտարական-կարանտինային կետի շահագործումից հետո կայարանի տարածքի կոյուղագիծը նախկինի նման Դեբեդ գետ ուղղվելու փոխարեն՝ շրջվեց դեպի կայարան: 2008 թվականի աշնանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալն աշխատանքային այցով եղել է «Այրում» կայարանում, տեսել հակասանիտարական վիճակը: «Այրումի» կայարանապետ Սամվել Օհանյանի խոսքերով՝ այստեղ ամռանը կոյուղաջրի հոտը խեղդում է, հնարավոր չի լինում աշխատասենյակի պատուհանը բացել: Կայարանի ջրամատակարարումը եւ ջրահեռացումը իրականացնում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Նոյեմբերյան» ենթատեղամասը, որը ընկերության «Սեւան» մասնաճյուղի կազմում է: «Այրում» կայարանում գործում է հասարակական զուգարան՝ Դեբեդ գետի վրա: Այստեղ ջրահեռացում կամ կոյուղի չկա, ամենը ուղիղ գետն է լցվում: Երկաթուղով Հայաստան ժամանող զբոսաշրջիկները, հյուրերը Հայաստանից առաջին տպավորություններն այստեղ են քաղում: 21-րդ դարում այսօրինակ «հնությունը» դժվար թե հաճելի սկիզբ դառնա: