Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱԲԱՆԸ ՍՏԵ՞Լ Է

Հունիս 03,2010 00:00

«Առավոտի» մայիսի 27-ի համարում տպագրված «Նոտարի մեղքո՞վ» հոդվածի առնչությամբ Համբարձումյանների ընտանիքը մեզ ներկայացրեց մի քանի փաստաթուղթ: Դրանք առնչվում են Համբարձումյաններից իրենց բնակարանը խլող հորաքրոջ փաստաբան Տիգրան Խուրշուդյանի պարզաբանումների հետ: «Ըստ փաստաբան Տիգրան Խուրշուդյանի, հայրս՝ Հարություն Համբարձումյանը, վատառողջ է եղել եւ մահացել է ԱՄՆ-ում,  մինչդեռ հայրս մահացել է Երեւանում՝ մեզ համար անհայտ հանգամանքներում եւ հիվանդ չի եղել: Նրա մահվան վկայականում էլ չկա գրված, թե ինչն է եղել մահվան պատճառը: Բացի այդ, հորս եւ մորս ամուսնությունն օրինական գրանցված է եւ մինչ հորս մահը ամուսնությունը պահպանվել է: Նրանք բաժանված չեն եղել: Այն, որ մենք 6-ամսյա ժամկետում չենք դիմել նոտարին ժառանգությունը ստանալու համար, ճիշտ է, մենք չենք դիմել, քանի որ տիրապետման փաստով ենք ընդունել մեր ժառանգությունը՝ 1998-ից ունենք օգտագործման իրավունք: Այդ բնակարանն էլ տվել ենք վարձով՝ սոցիալական խնդիրները լուծելու նպատակով, ինչն էլ տիրապետման եւ տնօրինման փաստն ապացուցում է: Հորաքույրս՝ Սոնյա Թովմասյանը, 1,5 տարի անց է կեղծ փաստաթղթեր ներկայացնելով դարձել միակ ժառանգ, ինչպե՞ս եղավ, որ 6 ամիս անց էլ նրա դիմումն ընդունել է նոտարը: Օրենքի պահանջը միայն մե՞զ համար է: Միաժամանակ փաստաբանը նշում է, որ մենք բնակվելու տեղ ունենք, այդ դեպքում ի՞նչ է, կարելի՞ է կեղծիքներով հափշտակել մեզանից մեր հայրական օջախը: Մի՞թե Սոնյա Թովմասյանն անտուն է ԱՄՆ-ում, մի՞թե նրա տները եւ բիզնեսները իրեն չեն գոհացնում:
Նա առաջարկում է դիմել Սոնյա Թովմասյանին՝ մեր հայրական տնից մեզ մասնաբաժին ստանալու համար, ի՞նչ է, արդարադատությո՞ւն է իրականացնում, թե՞ դատավոր է, որ դիմելով իրեն՝ վերականգնենք մեր խախտված իրավունքները (այնուամենայնիվ, դիմել ենք բազմիցս, նույնիսկ հրապարակումների միջոցով), սակայն նրան գտնելը բավականին դժվար է, նա փախած է մեզնից»,- ասաց Աղասի Համբարձումյանը:
Հիշեցնենք, որ «Նոտարի մեղքո՞վ» հոդվածում մենք անդրադարձել էինք նրան, որ Նոր Արեշի 46 փողոցի 37 տունը, ըստ օրինական կարգի, պետք է ժառանգեին Համբարձումյանները, սակայն այն նոտար Էմմա Շաբոյանի միջամտությամբ անցել է նրանց հորաքրոջը՝ Սոնյա Թովմասյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել