Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարվել է սպանություն

Հունիս 03,2010 00:00

Մեղրաշենցիների բողոքը

Մեղրաշենի համայնքի բնակիչները երկու նամակ են ուղարկել «Առավոտին»: Մեկն ուղղված է հանրապետության նախագահին, մյուսը՝ խմբագրությանը:
Ներկայացնում ենք նախագահին ուղղված նամակը:
«Մեր բողոքն ու հիշեցումը 2009թ. հունվարի 24-ին Պառավաքարի «Թազա պոստ» զորամասում սպանված Վազգեն Հունանյանի մասին է: Նախաքննության մարմինը կեղծ վկայություններով ու անալիզներ կեղծելով՝ ուզում է կատարվածը «ինքնասպանություն» որակել:
Ձեզ եւ «Առավոտին» ուղղված մեր առաջին նամակից հետո, Վազգենի հարազատների եւ մեր համառ ջանքերով, Իջեւանի քննչական բաժնից գործը տեղափոխվեց զինվորական դատախազության հատուկ  գործերի բաժին: Կարծես դադարեցին ահաբեկումները: Իսկ եթե հետեւողական չլինեինք կամ չկարողանայինք լինել, բարոյական ո՞ր նորմերով  պիտի «սեւ պիտակ» կպչեր անմեղ զինվորին, տանջահար անելուց ու կյանքից զրկելուց հետո էլ պիտի անարգվե՞ր նրա հիշատակը: Անշուշտ, պատկերացնում եք, թե որքա՜ն սարսափելի է՝ հանուն փողի ու կաշառակերության ճակատագրեր խեղելը:
2010թ. մարտի 24-ին համայնքապետարանը գրություն ստացավ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնից՝ հետեւյալ տեղեկատվությամբ. «Թիվ 90751109 քրեական գործի նախաքննությամբ հերքվել է Ձեր համայնքի բնակիչ Վազգեն Խաչատուրի Հունանյանին ինքնասպանության հասցնելու հանգամանքը եւ հիմնավորվել, որ քննությամբ դեռեւս չպարզված հանգամանքներում, անհայտ անձի կամ անձանց կողմից կատարվել է սպանություն»:
Ո՞ւմ է պետք  զավեշտի հասնող այս ճշմարտությունը: Համայնքի բոլոր բնակիչները, անչափահասն անգամ, տեսնելով Վազգենի տանջահար ու չարչրկված մարմինը, հենց առաջին իսկ հայացքից կասկածանք անգամ չունեին, որ տեղի ունեցածը դիվային ու հրեշավոր սպանություն էր, իսկ այն կարող էին իրականացնել միայն գազանից սերվածները: Նրանց պետք է դատել ոչ մարդկային օրենքներով: «Փաստեր չունենք»,- ասում էին, փաստերը մեզանից էին պահանջում: Մատնացույց ենք արել նույնիսկ կասկածյալ «Կյաժ» կոչվածին, որը զորամասում հեղինակություն է եւ բարձր  պաշտոնյայի բարեկամ, նրա կամակատարներին՝ եզդիներին: Եթե տասնհինգ զինվորի մեջ  է եղել վիճաբանությունը, կարծում ենք, իր գործը լավ իմացող քննիչի համար երբեք էլ դժվար չէ դուրս կորզել ճշմարտությունը: Իսկ եթե իրենց շահերը ոտնահարվեի՞ն, էլ չենք խոսում իրենց զավակների մասին:
Համայնքի ողջ բնակչության անունից, թերթի միջոցով խնդրում ենք հանրապետության նախագահին լինել ավելի հետեւողական: Ինքներդ էլ գիտեք, որ արտաքին թշնամուց ապահովագրվելու համար, նախեւառաջ, անհրաժեշտ է ազատագրվել ներքին թշնամուց, մանավանդ զինվորից, որը կարողանում է ձեռք բարձրացնել յուրայինի՝ իր ընկերոջ վրա: Նա հեշտությամբ կարող է ուրանալ ու ծախել իր հայրենիքը: Մենք ուզում ենք հավատալ ու ակնկալել ողջախոհություն ու արդարամտություն:
Ճշմարտության աչքերը երբ կուրանում են, մարդը փորձում է  խարխափելով քայլել՝ փորձելով իր ձեռքում ամուր պահել այն հենարանը, որով  պիտի կարողանա դուրս պրծնել «մոլորություն ու սուտ» կոչված լաբիրինթոսից: Դուք եք այդ հենարանը, այն ուժն ու հավատը, որն իր ետեւից հոժարակամ տանում է մարզեր ու համայնքներ, բնակչության մի ողջ զանգված, որն իրավունք ունի պատմելու,  բողոքելու ու պահանջելու իր նախագահից: Այս նամակը նորից չէր գրվի, եթե չհավատայինք ու չվստահեինք Ձեզ: Լիովին համոզված ենք, որ այս անգամ էլ դրական տեղաշարժ կլինի ու «մարդ» կոչված հրեշները, Աստծո եւ Ձեր օգնությամբ, կգտնեն  իրենց արժանի պատիժը: Իսկ մենք՝ ապահով ու հպարտ զինվորներ կտանք այն երկրին, որտեղ պատշաճ ու բարձրակարգ է օրենքի գերակայությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել