Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի՝ կաշառք վերցնելու մեջ կասկածվող «Էլեկտրամատակարարում» ամբիոնի վարիչի եւ 2 դասախոսների գործն ավարտման փուլում է:
Պաշտպաններն ու մեղադրող կողմը հանդես եկան ճառերով:
Լոռու մարզի դատախազությունը հիմնավոր համարեց ամբիոնի վարիչի ու 2 դասախոսների՝ կաշառք վերցնելու մեղքը եւ պահանջեց նրանց ազատազրկման ենթարկել՝ հաշվի առնելով այդ արարքի հասարակական վտանգավորությունը:
Մեղադրող Վահագն Ստեփանյանը ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի «Էլեկտրամատակարարում» ամբիոնի վարիչ Էդուարդ Մխիթարյանի համար պահանջեց 8, իսկ մյուսների՝ դասախոս Ժոզեֆ Կարայանի եւ Միսաք Յախշիբեկյանի համար՝ 4 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, համաձայն մեղադրականի՝ 2008թ. նոյեմբերին ու 2009թ. ամռանն ամբիոնի վարիչ Էդուարդ Մխիթարյանը դասախոսներ Հովհաննես Արաբյանից, Միսաք Յախշիբեկյանից ու Ժոզեֆ Կարայանից գումարներ էր պահանջել՝ 10 ուսանողի կուրսային նախագիծ աշխատանքները դրական գնահատելու համար:
Դասախոսներ Հովհ. Արաբյանն ու Մ. Յախշիբեկյանը հայտարարել էին, թե իրենց իսկ առարկայից կուրսային նախագծերի աշխատանքները գնահատելու համար ուսանողներից գումար են պահանջել՝ ամբիոնի վարիչի ցուցումով ու այդ գումարները փոխանցել նրան: Դատարանը, հաշվի առնելով, որ դասախոս Յախշիբեկյանն ընդունել է իր մեղքը, կալանքը՝ որպես խափանման միջոց նրա նկատմամբ չէր կիրառել, իսկ դասախոս Արաբյանին դատարանը համաներմամբ ազատ էր արձակել՝ հիմք ընդունելով նրա ինքնախոստովանական ցուցմունքը:
Մինչ օրս ամբիոնի վարիչն ու դասախոս Ժ. Կարայանը կալանավորված են:
Ամբիոնի վարիչ Մխիթարյանը շարունակում է պնդել, որ ինքը ոչ ոքից կաշառք չի վերցրել, իրավասու չի եղել գնահատել ուրիշի կուրսային աշխատանքները: Դասախոս Ժ. Կարայանն էլ մինչ օրս կալանավորված է 1 վկայի՝ ուսանող Հունան Քոչարյանի ցուցմունքի հիման վրա:
Վերջինիս տված ցուցմունքի համաձայն՝ չկալանավորված դասախոս Միսաք Յախշիբեկյանի ղեկավարած կուրսային նախագիծն առանց պարապելու ստանալու համար, ամբիոնի վարիչի գիտությամբ պայմանավորվել է դասախոս Ժ. Կարայանի հետ՝ 20 000 դրամի դիմաց կուրսայինի հարցը լուծված համարել: Սակայն հետո պարզվել է, որ դեռ 2008թ.-ից Հ. Քոչարյանը համաներմամբ ազատության մեջ գտնվող մյուս դասախոս Հովհ. Արաբյանից «ապառիկով» քննություն էր ստացել եւ դեռ չէր վճարել. 15 000 էլ դրա համար պիտի վճարեր:
Հովհ. Արաբյանը հերքել է ուսանողի մեղադրանքները: «Այդ դեպքում կամ ուսանողը պետք է սուտ ցուցմունք տալու համար քրեական հետապնդման ենթարկվի, կամ էլ արդեն վկայի կարգավիճակ ստացած դասախոս Արաբյանը»,- ասում է Ժ. Կարայանի պաշտպան Ռ. Հակոբյանը:
Պաշտպան Ռ. Հակոբյանը նշեց, որ դատաքննությամբ հիմնավորվել է Ժ. Կարայանի անմեղությունը, ապացուցվել է, որ վկա Հ. Քոչարյանը ակնհայտ սուտ ցուցմունքներ է տվել, որոնցից մեկն էլ հեռախոսը վաճառելու հետ է կապված, թե իր օգտագործած հեռախոսը վաճառել է 35.000 դրամով. «Այնինչ, այդ հեռախոսների նորերը հիշյալ ժամանակահատվածում արժեին 30.000 դրամ»:
Ինչպես Կարայանի, այնպես էլ ամբիոնի վարիչի փաստաբանները հայտարարում են, թե ուսանողներին Ազգային անվտանգությունում վախեցրել ու ճնշել են, ու գործն այդ ընթացքով էլ հասել է դատարան: Ճնշման մի օրինակն էլ, ըստ փաստաբան Հակոբյանի, Ժ. Կարայանին կաշառք փոխանցելու մեջ մեղադրող ուսանող Հունան Քոչարյանի հեռախոսային խոսակցությունների վերծանման արդյունքներն են: Կաշառք տալու օրը ուսանողը մեկ օրվա ընթացքում բազմիցս զանգել է Ազգային անվտանգության աշխատակիցներից մեկին:
Կալանավորված դասախոս Կարայանը, ով մեղադրվում է մեկ հոդվածով՝ կաշառք ստանալու համար, դատախազության մեղադրանքով ենթակա է 4 տարվա ազատազրկման, իսկ նախաքննությանն «օգնած» Մ. Յախշիբեկյանին, ով մեղադրվում է 2 հանցագործությունների՝ կաշառք ստանալու եւ կաշառքի միջնորդության մեջ, սպառնում է նույնպես 4 տարվա ազատազրկում, ընդ որում, վերջինիս համար մեղադրող դատախազը դատարանին միջնորդեց պատիժը կիրառել պայմանական՝ այսինքն՝ չազատազրկել Յախշիբեկյանին:
Այս փաստը կալանավորված դասախոսների պաշտպանները համարում են խտրական մոտեցում: «Նա, ով խոստովանում է իր մեղքը, ստացվում է, օգնում է նախաքննությանը, իսկ նրանք, ովքեր պնդում են, որ մեղավոր չեն, ենթարկվում են խտրական վերաբերմունքի»,- ասում են պաշտպանները: