Ազատության հրապարակում վերջերս կառուցված ստորգետնյա ավտոկայանատեղին շահագործման հանձնելուց հետո՝ տարածքի վերգետնյա ոչ մի հատվածում չի թույլատրվում ավտոմեքենաների կայանումը: Յուրաքանչյուր վարորդ, անկախ այն բանից՝ աշխատանքի բնույթից ելնելով է կայանում, թե ոչ, կայանելու դեպքում տուգանվում է: Օրերս «Առավոտին» է դիմել «Օպերայի» տարածքի առեւտրի օբյեկտներից մեկի սեփականատերը՝ դժգոհելով, որ առաքիչները չեն կարողանում մոտենալ օբյեկտին, որպեսզի ապրանք մատակարարեն: Ըստ նրա, բեռնատար մեքենաների վարորդները կիլոմետրերով հեռու են կանգնում, որպեսզի չտուգանվեն. «Այդպես աշխատել հնարավոր չէ, ինչքա՞ն կարող են բեռները ձեռքով կրել-բերել խանութ կամ սրճարան: Կամ էլ մեքենաները հո չե՞ն կանգնեցնելու ստորգետնյա կայանատեղիում ու այնտեղից բեռները կրել: Ճիշտ կանեն, որ ճանապարհային ոստիկաններն ու Երեւանի քաղաքապետարանն այդ հարցը վերանայեն, որպեսզի տնտեսվարողները չտուժեն»:
Այս խնդրի առնչությամբ Ճանապարհային ոստիկանությունից հայտնեցին, որ նշյալ հատվածի վերգետնյա մասում մեքենաները կարող են կայանել միայն գիշերվա ժամը 1-ից առավոտյան ժամը 7-ը, ուստի խորհուրդ տվեցին, որ առաքիչներն ու օբյեկտների տերերը տեղավորվեն այդ ժամանակի մեջ եւ այդ ժամերին կազմակերպեն ապրանքների առաքումը: