Սոցիալական վիճակը շատ ծնողների ստիպում է իրենց երեխաներին «պաշտպանել» թանկ հաճույքներից
Սայլակով կամ հեծանիվով զբոսնող երեխաները նայում էին վարձով տրվող այս խաղալիք
մեքենաներին ու երազում, որ իրենց փոխադրամիջոցն էլ մի օր նման տեսք ունենա:
Այս ծնողներին հաջողվել է իրենց երեխաներին համոզել, որ օգտվեն ժամանցի առավել «էժան»
այս տարբերակից:
Քիչ մայրեր էին կարողանում իրենց թույլ տալ 600-800 դրամով գիպսե արձանիկներ գնել, որ իրենց երեխան ներկի:
Սա այն դրամարկղն է, որտեղից կարուսելների համար տոմս են գնում: Ծնողները, իրենց բերանից կտրելով, ժամերով հերթ էին կանգնում, որ գոնե այդ օրը 100 դրամանոց մի կարուսել կարողանային երեխային նստեցնել:
Հաշվի առնելով, որ հայերը «երեխասեր» ազգ են, Երեխաների պաշտպանության օրը մայրաքաղաքի բոլոր համայնքներում մեծ ու շքեղ միջոցառումներ ու համերգներ էին կազմակերպվել՝ իբր հայ մանուկներին ուրախացնելու համար: Իրականում Հայաստանում ցանկացած նման տոն պարզապես առիթ է՝ ամենաանկապ «զրթուզիբիլները»՝ «տզզիկ, պզզիկ», փուչիկ եւ այլն, մի քանի անգամ բարձր գներով վաճառելու, օդից գումարներ աշխատելու համար:
Ես էլ եմ ծնող եւ սարսափելի էր տեսնել, թե հունիսի 1-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Վահան Զատիկյանի անվան այգուց քանի երեխա հեռացավ «ծեծվելով» եւ արցունքն աչքերին: Մանուկներն ընդամենը ծնողներից պահանջում էին իրենց համար մի հասարակ փուչիկ կամ բամբակ գնել: Սովորական օրերին դա առանձնապես մեծ ծախս չէ եւ սոցիալապես ոչ ապահով ընտանիքներն իրենց կարող էին թույլ տալ 50 դրամ ծախսել, բայց հունիսի 1-ին այդ հասարակ «հաճույքներն» այլ արժեք էին ստացել. բամբակը՝ 250 դրամ, փուչիկը՝ 250-300 դրամ, 1 բաժակը 20 դրամով վաճառվող ադիբուդին այդ օրը դարձել էր 100 դրամ: Խաղալիք մեքենաները սովորական օրերին երեխաները կարողանում էին վարել 200 դրամով, իսկ այդ օրը 1 պտույտը՝ Վահան Զատիկյանի արձանի կողքով, 500 դրամ էր: Ընդ որում, հաշվի առնելով մեծ պահանջարկը, 1 պտույտի փոխարեն երեխաներին կեսճամփին իջեցնում էին ու նոր երեխա վերցնում՝ ծնողին պատճառաբանելով, թե ձեր երեխան շատ չարաճճի է, ուզեց իջնի՝ մենք էլ իջեցրինք:
Այգում գիպսե արձանիկներ են վաճառվում, որոնք երեխաները ծնողների օգնությամբ կարող են ներկել: Նախկինում դրանք վաճառվում էին 200-300 դրամով, այդ օրը՝ ի պատիվ մեր մանուկների, ամենափոքր արձանիկը 600-800 դրամ էր: Երեխաները տեսնում էին, թե ինչպես էին իրենց հասակակիցները հաճույքով նկարչություն անում ու ծնողներին ստիպում էին մի քանի անգամ թանկ վճարել, բայց չզրկել իրենց այդ հաճույքից:
Հասկանալի է, որ հարուստը մեղավոր չէ, որ կարող է իր երեխային անգամ այդքան թանկացած բամբակ, պաղպաղակ, խաղալիք գնել, բոլոր կարուսելներից թույլ տալ օգտվել, բայց տեսնել էր պետք, թե ինչ հիասթափություն կար այն մանուկների աչքերում, որոնց ծնողները ստիպված քաշում էին իրենց բալիկի թեւից, ինչ է թե՝ նա ուզում էր գնդակ ունենալ, ուզում էր իր ձեռքում էլ մեծ բամբակներից պահել կամ Զատիկյանի արձանի մոտ մեքենա քշել՝ հատկապես որ, վաճառականները զոռով փուչիկները, խաղալիքները տալիս էին երեխաների ձեռքը ու ծնողներին անհարմար դրության մեջ գցելով՝ ստիպում էին իրենց արտաբերած թիվը վճարել:
Դատարկ գրպանով իրենց երեխաներին զբոսանքի բերած մայրիկները ստիպված էին երեխաներին համոզել, որ ավելի էժան զվարճանքներից օգտվի, օրինակ՝ բարձրանա Զորավար Անդրանիկի արձանի վրա ու լուսանկարվի:
Գարեգին Նժդեհի հրապարակում հունիսի 1-ին ցայտաղբյուրներն ու շատրվանները միացրել էին: Երեխաները, հասկանալով, որ դա իրենց «պատվի համար» է, մերկանում էին ու նետվում ջուրը: Նշենք, որ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունն արգելել է շատրվանների բացօթյա այդ ավազաններում լողալ: Քանի որ դրանք նորմալ չեն ախտահանվում, երեխաները կարող են մի շարք վարակիչ հիվանդություններ ձեռք բերել: Այդ օրը մեր մանուկների առողջությունը պատկան մարմիններին կարծես թե այդքան էլ չէր հետաքրքրում:
Օպերայի շրջակայքում սովորական օրերին պաղպաղակի բազմաթիվ սառնարանների ու վաճառակետերի կարելի է հանդիպել: Հունիսի 1-ին տարածքի փողոցներից բոլոր սառնարանները հավաքել էին, որ ծնողները 100 դրամանոց «բրիկետ» գնելու փոխարեն ստիպված իրենց երեխային սրճարան տանեին ու նույն պաղպաղակի համար վճարեին 600 դրամ: