Շվեդական «Օրիֆլեյմ» ընկերությունը նախորդ ողջ տարվա ընթացքում իր աշխատողների համար վճարել էր 14 մլն 590 հազար դրամ: Դա ապշեցուցիչ էր, քանի որ նույնիսկ Կենդանաբանական այգին ավելի շատ սոցվճարումներ էր կատարել, քան այդ ընկերությունը: Պետեկամուտների կոմիտեի հրատարակած այս տարվա առաջին առամսյակի տվյալներով՝ ապահովադիրների ցանկում «Օրիֆլեյմը» 1000 ապահովադիրների ցանկ չի մտել եւ չի վճարել նույնիսկ 3 մլն դրամ: Այս մասին «Առավոտում» հրապարակված նյութից հետո խմբագրություն են զանգում «անկախ դիստրիբյուտորներ» եւ պնդում, որ «Օրիֆլեյմը» շատ մաքուր է աշխատում, որ ցանցային բիզնեսով զբաղվող ընկերությունից պահանջել, որ աշխատողներին գրանցեն, նույնն է, թե՝ «Երեւան Սիթիից» պահանջեն, որ այնտեղից առեւտուր անողներին գրանցեն ու նրանց համար սոցվճար տան: Այս ընթացքում մենք փորձում էինք «Օրիֆլեյմի» շահերը պաշտպանող այդ «անկախ դիստրիբյուտորներին» բացատրել, որ դրանք տարբեր բաներ են, որ «Օրիֆլեյմը» պայմանագիր է կնքում իր դիստրիբյուտորների հետ, ինչը «Երեւան Սիթին» իր գնորդների հետ չի անում, 23% զեղչով է ապրանքները վաճառում, նրանց ստիպում է իրենց հետեւից նոր մարդիկ բերել ու միավորներ հավաքել եւ այլն:
Երեկ «Օրիֆլեյմ» ընկերության ղեկավարները որոշել էին ասուլիս հրավիրել, որպեսզի իրենց հասցեին «թթու խոսք» ասող լրագրողներն անձամբ ծանոթանային, թե ովքեր են աշխատում այդ ընկերությունում, ինչպես նաեւ «ներսից» տեղեկանային ընկերության բիզնեսի որոշ մանրամասների հետ: Այսպես, ընկերության՝ Կովկասի տարածաշրջանային տնօրեն Նատալյա Պոպովան, ԱՊՀ եւ Բալթյան երկրների մասնաճյուղի փոխնախագահ Մատց Պալմկվիստը եւ «Օրիֆլեյմ-Արմենիայի» տնօրեն Նաիրա Մարգարյանը եկել էին ապացուցելու, որ 2009-ի արդյունքներով օծանելիքի եւ կոսմետիկայի հայաստանյան շուկայի 39%-ը գրաված «Օրիֆլեյմը» բաց եւ թափանցիկ է աշխատում: Ն. Մարգարյանի խոսքերով՝ «Ձեր հրապարակումը ստիպեց հասկանալ, որ մենք քիչ ենք հանդիպում լրագրողների հետ, դրա համար մեզ լավ չեն ճանաչում: Պարզապես մենք շատ համեստ մարդիկ ենք»: «Առավոտի» հետ զրույցում Մատց Պալմկվիստը վստահեցրեց, որ իրենք բարեխիղճ հարկատուներ են. «Մենք լավ ենք վճարում, որովհետեւ ուզում ենք, որ ձեր պետությունը լավ աճի ու զարգանա: Եթե աճ լինի՝ մարդիկ նույնպես գումար կունենան ու մեր կոսմետիկաներն ավելի լավ կսպառվեն»: Ընկերության ղեկավարներն ասում էին, որ «Օրիֆլեյմն» իր կոսմետիկաները ներկայացրել է աշխարհի 62 երկրում, բայց դրանք Հայաստանում առանձնահատուկ լավ են վաճառվում. «Պատճառն այն է, որ մեզ հաջողվել է որակի եւ գնի ճիշտ համադրություն ստանալ»: