Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղնախարարը գյուղացու կողքի՞ն է

Հունիս 03,2010 00:00

\"\"Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի հավաստմամբ, այս տարի ծիրանը շուկայում քիչ է լինելու ու թանկ. «Եթե նախորդ տարի ունեցել ենք մոտ 85 հազար տոննա ծիրանի բերք, ցրտահարության պատճառով այս տարի կունենանք 40%-ով պակաս»: Նրա խոսքով, ծիրանի բերքի մոտ 60%-ի կորուստ միայն Արտաշատում է արձանագրվել. «Որ աղետալի պատկերացումներից դուրս գանք, ասեմ, նախորդ տարի արտահանել ենք ընդամենը 13 700 տոննա ծիրան, մթերել՝ 4000 տոննա, այս տարի էլ արտահանումների ու մթերումների հետ կապված խնդիրներ չենք ունենա»: Նրա խոսքով, գյուղատնտեսությանը ցրտահարության, կարկուտի ու անձրեւի հասցրած վնասների չափերը մարզերում դեռ ուսումնասիրում են, բայց ամենից շատ տուժել են հատկապես Արմավիրում, Գեղարքունիքում, Շիրակում եւ Սյունիքում. «Նախորդ տարի գյուղատնտեսությունը բնական աղետներից 12 միլիարդ դրամի վնաս է կրել, որից 6 միլիարդը՝ կարկտահարությունից էր: Մենք այժմ ավելի լուրջ խնդիրներ ունենք, ի՞նչ անենք, որ եղած բերքը պահենք, այսօր գլուխ են բարձրացրել մի շարք հիվանդություններ… գյուղացին ժամանակին պետք է օգտագործի անհրաժեշտ թունանյութերը»: Չնայած գյուղատնտեսությանը հասցված վնասի մեծ չափերին, գյուղնախարարը շուկայում գյուղմթերքի թանկացում չի ակնկալում. «Ըստ ոլորտների ու տեսակների, շուկայում արդեն գնաճ կա, բայց այն կառավարելի է ու թռիչքային գնաճ չի լինի»: Պարոն Ալավերդյանը նաեւ ասաց, որ լրջորեն պայքարում են մարզերում առնետների դեմ. «Բյուջեով մոտ 300 միլիոն դրամ է նախատեսված մկնանման կրծողների, առնետների եւ այլ վնասատուների դեմ պայքարելու ծրագրի համար: Անհո՛գ եղեք, մենք մեր գյուղացու կողքին ենք»: Հերթական անգամ անդրադառնալով Հայաստանում ոչխարաբուծության զարգացմանը՝ գյուղնախարարը նշեց, որ հունիսի 1- ի դրությամբ 919 հազար 800 գլուխ մանր եղջերավոր անասուն կա. «Հունվարից մինչեւ այսօր արտահանվել են 22 հազար գլուխ գառներ եւ վերարտադրության ոչ պիտանի ծեր մայր ոչխարներ, որոնցից 13 հազար գլուխը ներկրվել էր Վրաստանից եւ Ռուսաստանից: Ունենք անհրաժեշտ խմբաքանակը, էլի արտահանելու ենք»:
Կառավարությունը վերջերս քննարկում էր ներկրված սպիրտով արտադրվող կոնյակի բաղադրության մեջ տեղական խաղողի սպիրտը 60%-ից հասցնել 100%-ի առաջարկությունը, եթե քննարկումների արդյունքում կառավարությունը նման որոշում ընդունի, ապա ակնհայտ է, որ որոշ ձեռնարկություններ էապես տուժելու են: «Առավոտը» հարցրեց գյուղնախարարի կարծիքը. «Այո՛, եղան քննարկումներ, բայց դեռ վաղ է մտածել, որ նման որոշում կընդունվի, ես չեմ կարծում, որ միանգամից պետք է բերենք դնենք 100%, որ ընդհանրապես սպիրտ չներկրենք: Երբ 130 հազար տոննա խաղողի փոխարեն կունենանք 500 հազար տոննա, որ բավարարի մեզ եւ ներքին, եւ արտաքին շուկայում, նաեւ երբ այլեւս խնդիր չենք ունենա կոնյակի արտադրության եւ արտահանման հետ կապված, միգուցե նման որոշումները տեղին լինեն, դեռեւս դրա մասին խոսք լինել չի կարող»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել