Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ «ԼԱՑՈՒԿՈԾԻ» ՉԵՆ ՆԱՅԵԼՈՒ

Հունիս 03,2010 00:00

\"\"Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը որոշել է անօրեն տնտեսվարողներին ավելի շատ տուգանել՝ անկախ նրանց բողոքներից:

Ներկայումս այն տնտեսվարողները, որոնք մրցակցային դաշտում օրինախախտում են անում՝ հակամրցակցային համաձայնության են գալիս, գներն անհիմն բարձրացնում են, չարաշահում գերիշխող դիրքը, պատժվում են առավելագույնը նախորդ տարվա հասույթի 2%-ի չափով կամ 500 հազար դրամով: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը գտնում է, որ այդ պատիժը նրանց քիչ է: Ընդամենը մի քանի հարյուր հազար դրամի տուգանքը դաշտը չի կարգավորում եւ չի սաստում անօրեն տնտեսվարողներին: Մենք տնտեսվարողների գիտենք, որոնք նույն խախտման համար մի քանի անգամ տուգանվում են, բայց քանի որ նրանց ստացած եկամուտները գերազանցում են տուգանքը, առանց վարքագիծը փոխելու շուկայում նույն տեմպերով շարունակում են իրենց գործունեությունը:
Այս խնդիրը կարգավորելու համար երեկ Ա. Շաբոյանը եւ ԵԱՀԿ դեսպան, երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը ստորագրեցին փոխըմբռնման եւ համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է մեր շուկայում մրցակցությունը բարելավելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել: Համաշխարհային բանկի եւ ՄԱԿ-ի փորձագետները պետք է ուսումնասիրեն մեր շուկան, հակամենաշնորհային օերնսդրությունը եւ Հայաստանի համար մշակեն մրցակցության նոր կանոններ ու չափորոշիչներ: Հետագայում ՄԱԿ-ի համաժողովում մեր երկրի մրցակցային դաշտի վերաբերյալ զեկույց պետք է պատրաստեն: Հայաստանից առաջ միջազգային փորձագետները Թուրքիայի մասին են նմանատիպ զեկույց պատրաստել: Ինչպես նշեց հանձնաժողովի նախագահը՝ «Մենք ընդունում ենք, որ մեր երկրում օրինախախտ տնտեսվարողների նկատմամբ մեղմ պատիժներ են կիրառվում, դրա համար էլ օրենսդրական փոփոխություններ պետք է արվեն, եւ առաջիկայում զգալիորեն պետք է խստացվեն պատասխանատվության միջոցները: Ամբողջ աշխարհում հակամրցակցային համաձայնության համար տուգանքը տարեկան հասույթի 10%-ի չափով է, իսկ մեզ մոտ ընդամենը 2%-ի է հասնում»: Նշենք, որ երբ հանձնաժողովը այս կամ այն խախտման համար տնտեսվարողներին տուգանում է, վերջիններս բողոքում են, թե այդ տուգանքի տակից չեն կարող դուրս գալ, որ կլուծարվեն, շուկայից դուրս կմղվեն եւ այլն: Վերջին նիստի ժամանակ, երբ հանձնաժողովը օղիների շուկայում սպառողներին մոլորության մեջ գցելու եւ անբարեխիղճ մրցակցության համար «Ալեքս Գրիգին» տուգանեց յուրաքանչյուր անուն օղու համար 500 հազար դրամով՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ներկայացուցիչը նեղվեց, որ դա շա՜տ մեծ գումար է իրենց համար, որ ծանր դրության մեջ են հայտնվելու եւ այլն: Ուստի «Առավոտի» հարցին՝ չե՞ք կարծում, որ տուգանքի չափը մեծացնելուց հետո հանձնաժողովի նիստերի դահլիճում ամեն անգամ «լացուկոծ» է լինելու՝ Ա. Շաբոյանը պատասխանեց, որ՝ ոչ. «Մենք միանշանակ որոշել ենք տուգանքի չափը մեծացնել եւ այդ որոշումը տանելու ենք մինչեւ վերջ»:
Հայաստանում խորամանկ տնտեսվարողներ կան, որոնք, օգտվելով օրենքի բացից, մրցակցային դաշտում ինչ խախտում ասես, որ չեն անում, հետո տուգանվում են ու իրենց ընկերությունը լուծարում: Նույն օրը նույն գործարարը մեկ այլ անվանմամբ նոր ընկերություն է բացում ու «հանգիստ խղճով» նույն շուկայում աշխատում: Ասուլիսին ներկա էր նաեւ ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման կոնֆերանսի (UNCTAD) ներկայացուցիչ Ուլա Շվագերը, ուստի լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ են պատրաստվում անել այդպիսի տնտեսվարողների հետ: Ուլա Շվագերի խոսքերով. «Դա շատ լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում: Մենք դիտարկում ենք, որ հանձնաժողովին ավելի մեծ գործառույթներ տրվեն: Քննարկում ենք այն տարբերակը, որ նոր բացված կազմակերպությունը պատասխանատվություն կրի նախորդի համար: Այդտեղ իրավական շղթա պետք է ստեղծվի, որ նրանց թույլ չտանք խուսափել պատասխանատվությունից»:
Վերջին օրերին դոլարի փոխարժեքը Հայաստանում զգալի իջել է: Մեկ ամիս առաջ 1 դոլարը 385 դրամ էր, իսկ երեկվա դրությամբ՝ 374-375 դրամ: Հենց դոլարը թեկուզ 1 դրամ թանկանում է՝ հաջորդ օրն իսկ շուկայում ներմուծվող բոլոր ապրանքների գները բարձրանում են: Գործարարները «հարգելի պատճառ» ունեն՝ դոլարը թանկացել է, իսկ հիմա, երբ դոլարը կտրուկ էժանացել է՝ ոչ մի ապրանքի գին շուկայում չի իջնում: Այս առնչությամբ Ա. Շաբոյանը վստահեցրեց, որ գների փոփոխությունը մշտապես իրենց ուշադրության ներքո է լինելու. «Մենք մի շարք խանութներում 20-օրյա մոնիտորինգ ենք իրականացնում եւ ոչ միայն հաշվի ենք առնում փոխարժեքի տատանումները, այլեւ գները համեմատում ենք միջազգային շուկայի հետ»: Հանձնաժողովը մայրաքաղաքի խոշոր խանութներից պահանջել է հատկապես սոցիալական նշանակության բոլոր տիպի ապրանքների՝ կարագի, ձեթի, շաքարավազի մասին մանրամասն տեղեկատվություն տրամադրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել