Դմիտրի Մեդվեդեւը այսպես է բնորոշել Հայաստան-ՌԴ հարաբերությունները
ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնել էին, որ Դոնի Ռոստովում տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը, տնտեսական համագործակցությանը, հումանիտար ոլորտում շփումների ակտիվացմանը վերաբերող հարցեր, խոսել են միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներից: Դմիտրի Մեդվեդեւը ասել է, թե որպես «մոտ գործընկերներ, ռազմավարական դաշնակիցներ»՝ իրենք պետք է հաճախակի հանդիպեն. «Ըստ էության, մենք հենց այդպես էլ վարվում ենք: Վերջերս Դուք մասնակցեցիք մայիսի 9-ի՝ ֆաշիստական զավթիչների դեմ այն ժամանակ մեր ընդհանուր պետության հաղթանակի 65-ամյակի տոնակատարություններին: Ես ցանկանում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել, որ Դուք այդ օրը մեզ հետ էիք: Դա ցույց է տալիս մեր պետությունների մերձավորության աստիճանը եւ ռազմավարական հարաբերությունները զարգացնելու հետագա ցանկությունը»: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ Մեծ հաղթանակի 65-ամյակի միջոցառումների փայլուն կազմակերպման համար եւ ասել. «Ես հպարտ էի. հզոր շքերթը մեր ընդհանուր պատմության եւ մեր մարտական եղբայրության հրաշալի հիշեցում էր»: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Դմիտրի Մեդվեդեւի՝ այս տարվա օգոստոսին Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ:
Երեկ Սերժ Սարգսյանն այցելել է Դոնի Ռոստովի հայ առաքելական Սուրբ Համբարձում եկեղեցի, Պատմա-ազգագրական թանգարան, հարգանքի տուրք է մատուցել Մեծ հայրենականին մասնակցած Մյասնիկյանի շրջանի հայ զինվորների հիշատակին: Հայ համայնքի հետ հանդիպմանը Հայաստանի նախագահն ասել է. «Այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն ամուր հիմքերի վրա են եւ, համոզված եմ, այդպես էլ շարունակվելու են: Այս իրողությունը մեր համայնքների զարգացման համար ակնհայտ առավելություն է եւ բարենպաստ պայման, քանզի կա փայլուն բարեկամություն նոր հայրենիքի՝ Ռուսաստանի եւ պատմական հայրենիքի՝ Հայաստանի միջեւ: Ավելին՝ կա փոխըմբռնման եւ փոխվստահության այնպիսի աստիճան, որը կարող է օրինակ դառնալ շատերի համար»: Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ հայ-թուրքական արձանագրությունների սառեցման պատճառների մասին. «Թուրքիան այսօր պատրաստ չէ վավերացնել արձանագրությունները: Դրա տապալումն արդարացնելու նպատակով նա նորանոր նախապայմաններ է առաջ քաշում: Ավելին՝ նա փորձում է ներխուժել մի ոլորտ, ես նկատի ունեմ արցախյան հարցի լուծման գործընթացը, որտեղ ակնհայտորեն անելիք չունի: Ոչ հուսալի եւ անվստահելի գործընկերոջ հետ, որ պարբերաբար խախտում է նախնական պայմանավորվածությունները, մենք ներկա պահին խոսելիք չունենք: Վստահ եմ, որ հիշում եք իմ համահայկական ուղեւորության ընթացքում հենց այստեղ՝ Դոնի Ռոստովում, ունեցած մեր հանդիպման ժամանակ հնչած մտքերը, մտահոգություններն ու գաղափարները: Ժամանակը ցույց տվեց, որ Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու համար մենք մեր կողմից արեցինք առավելագույնը, իսկ Թուրքիան պատրաստ չէ դրան: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա մենք աներկբա հնչեցրել ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մենք չենք պատրաստվում սակարկել որեւէ մեկի հետ»: