Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՑԱՆԿԱՑԱՆ ՎԵՐԱԾԵԼ ԲԱՆԱՎԵՃԻ

Հունիս 03,2010 00:00

ԿԳՆ-ն երեկ հայտարարություն է տարածել, ըստ որի՝ նախարար Արմեն Աշոտյանն էլ էր հրավեր ստացել մասնակցելու «Մենք դեմ ենք օտար լեզվով ուսուցմանը Հայաստանում» համաժողովին եւ իր պատրաստակամությունն էր հայտնել արտահայտել ՀՀ կառավարության մոտեցումները տվյալ հարցի վերաբերյալ. «Նախարարի` համաժողովին մասնակցելու նպատակը նաեւ կառուցողական քննարկման ծավալումն էր: Մինչդեռ տարօրինակ է, որ համաժողովի նախաձեռնող խումբն այսօր հայտնում է. «Համաժողովը բաց է բոլոր հյուրերի մասնակցության համար, սակայն համաժողովի կազմակերպիչները նպատակահարմար չեն գտնում պաշտոնական տեսակետը եւս մեկ անգամ հնչեցնելըու»՝ այսպիսով բացառելով այլակարծության որեւէ դրսեւորում: Վստահ ենք, որ նման մոտեցումը սահմանափակում է հարցի շուրջ կառուցողական երկխոսության եւ առողջ քննարկումների հնարավորությունը, եւ մեզ մնում է միայն ափսոսանք հայտնել, որ համաժողովի կազմակերպիչները նպատակ ունեն միայն «համակողմանիորեն ներկայացնել մասնակիցների անհամաձայնությունը»: Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ԿԳՆ-ն պատրաստակամ է միշտ մասնակցել կրթության եւ գիտության ոլորտին վերաբերող յուրաքանչյուր հարցի հրապարակային քննարկմանը»:
Համաժողովի բացման խոսքում նախաձեռնող խմբի անդամ Էդգար Առաքելյանը հիմնավորեց, թե ինչու ելույթի հնարավորություն չեն ընձեռել Աշոտյանին. «Սա դեմ հանդես եկող մարդկանց բողոքի դրսեւորումն է, եւ որեւիցե նպատակ չունենք սա վերածել բանավեճի: Դրա համար կան այլ հարթակներ, այլ հնարավորություններ»: Իսկ այն պնդման կապակցությամբ, թե նման մերժումը այլակարծության բացառում է՝ ասաց, թե դրա մասին պետք էր մտածել այն ժամանակ, երբ նախարարը նախընտրում էր բացառապես միայնակ իր տեսակետները շարադրել տարբեր հեռուստաալիքներով: «Այո, սա բանավեճ չէ: Սա հայտարարություն է,- ելույթում նշեց արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը:- Ես պատրաստ եմ վիճել, օրինակ, մածունի սեւ ու սպիտակ լինելու հարցի շուրջ եւ ապացուցել, որ մածունը սեւ է: Այս հարցի մասին կարելի է վիճել: Բայց օտարալեզու դպրոցի հարցում չենք վիճում՝ այն էլ անկախության 20-րդ տարում: Սա ծիծաղելի է, սա ծաղր է, որը փաթաթել են մեր վզին ու կեղծ բանավեճ ստեղծել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել