Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք չէ հերոսանալ»

Հունիս 03,2010 00:00

«Առաջին անգամ չէ, որ իրեն սպառած գործիչը ցանկանում է կենդանության նշաններ ցույց տալ եւ խոսում է կամ թատերականացված ներկայացումների լեզվով, կամ ցանկալին իրականության տեղ է ընդունում»,- մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի ղեկավարի՝ Նովրուզ Մամեդովի հայտարարությունները՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե տարածաշրջանային քաղաքական էլիտան եւ միջազգային հանրությունը գիտակցում եւ օժանդակում են Ադրբեջանի դիրքորոշումը:
«Պարոն Մամեդովը՝ նշելով, թե միջազգային հանրությունն Ադրբեջանին պաշտպանում է, երեւի ի նկատի ունի իրենց Սուլթանի՝ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարություննե՞րը, հա՞, այդ քանի անգամ է միջազգային հանրությունը պաշտպանել Ադրբեջանի նմանատիպ ռազմատենչ հայտարարությունները»,- ասաց ԱԺ պատգամավորը: Այնուհետեւ ՀՀԿ խմբակցության քարտուղարն ասաց. «Ես կարծում եմ, որ Ադրբեջանն այնքան է նեղն ընկել, որ արդեն սկսում է անհեթեթ հայտարարություններ անել: Եթե խոսք գնաց դիրքորոշումների պաշտպանության մասին, ապա նշեմ, որ նախագահ Սարգսյանը վերջերս այցելելով Եվրոպայի քաղաքական մայրաքաղաք Բրյուսել՝ ե՛ւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, ե՛ւ Եվրահանձնաժողովի նախագահի հետ հանդիպմանը խոսել է ԼՂ հիմնահարցի առնչությամբ, եւ այդ հարցը հստակ պաշտպանություն է գտել Եվրոպական կառույցներում:
Է. Շարմազանովի խոսքերով, թե՛ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները եւ թե՛ Եվրահանձնաժողովի նախագահը հստակ ասել են, որ իրենք պաշտպանում են Հայաստանի դիրքորոշումն առ այն, որ ԼՂ հարցը պետք է լուծվի Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում: «Այսինքն, Ադրբեջանի՝ Թուրքիային ԼՂ հիմնախնդրի բանակցություններ խցկելու գաղափարը միջազգային հանրության կողմից պաշտպանություն չի ստացել: Ես հիմա ցանկանում եմ իրենց հարց տալ. այդ ե՞րբ է միջազգային հանրությունը պաշտպանել սուլթան Իլհամի ռազմատենչ կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը փոփոխելու վերաբերյալ հայտարարությունները»,- ասաց խորհրդարանականը: Նրա խոսքերով, ընդամենը թատերականացված միջոցառումներ անելու, անհեթեթ վիճակում հայտնվելու համար պետք չէ կուրծք ծեծել եւ սեփական ժողովրդի մոտ հերոս ձեւանալ, քանի որ ե՛ւ ժողովուրդը, ե՛ւ միջազգային հանրությունը լավ հասկանում են այդ ամենը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել