Ընդդիմությունն այս անգամ գոհ է
Երեկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի ղեկավարած գրասենյակը մայիսի 31-ի եւ հունիսի 1-ի՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել: Ըստ այդմ, մայիսի 31-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները այցելել են Սարյանի արձանին հարող տարածք, որտեղ հավաքված են եղել մի խումբ քաղաքացիներ: «Ժամը 19-ի սահմաններում ՀՀ ոստիկանության աշխատակիցները, արգելելով մի խումբ քաղաքացիների մուտքը Ազատության հրապարակ, Սարյանի արձանին հարող տարածքից որոշ քաղաքացիների փորձել են հրավիրել ՀՀ ոստիկանության բաժին՝ ըստ ոստիկանության ներկայացուցչի՝ «նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բացատրություն վերցնելու նպատակով»: Սակայն, ի պատասխան ոստիկանության ներկայացուցիչների պահանջների, մի խումբ քաղաքացիներ դրսեւորել են ագրեսիվ վարքագիծ եւ դիմել են սադրանքների, ընդ որում, ըստ նախնական տվյալների, սադրանքներ հրահրողները ներկայացել են որպես ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ: Վերջիններս ձերբակալված են, եւ քննության արդյունքներով կպարզվեն միջադեպի մանրամասները»,- հաղորդել են ՄԻ պաշտպանի գրասենյակից:
Իսկ ահա հունիսի 1-ին լրագրողների եւ ՄԻ պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի աշխատակիցների ներկայությամբ ՀԱԿ-ի ներկայացուցիչներին Ազատության հրապարակ մուտք գործելն արգելելու ՀՀ ոստիկանության աշխատակիցների գործողությունների վերաբերյալ Պաշտպան Արմեն Հարությունյանն արձանագրել է, որ «Ազատության հրապարակ տանող բոլոր մուտքերը հսկում էին ՀՀ ոստիկանության աշխատակիցները, որոնք արգելում էին վերը նշված անձանց մուտքն Ազատության հրապարակ, ինչի կապակցությամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից չի տրվել իրավական որեւէ հիմնավորում»:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանը համարել է, որ ոստիկանության աշխատակիցների «ոչ իրավաչափ գործողությունների հետեւանքով խախտվել են վերը նշված անձանց սահմանադրական իրավունքներն ու ազատությունները»:
Նկատենք, որ վերջին շրջանում սա այն բացառիկ դեպքերից մեկն է, երբ ՄԻ պաշտպանը տեղի ունեցած միջադեպին հստակ գնահատական է տվել:
«Առավոտը» փորձեց Պաշտպան Արմեն Հարությունյանին մշտապես քննադատող Հայ ազգային կոնգրեսից այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ: Ի պատասխան մեր հարցադրմանը՝ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանն արձագանքեց. «Լավ է, որ վերջապես ընդունեց, որ ոստիկանությունն ապօրինի գործողություններ է կատարել: Անկախ ամեն ինչից, մենք պետք է այդ փաստը դրական գնահատենք»:
Նա նաեւ տեղեկացրեց, որ ոստիկանության ապօրինի գործողությունների վերաբերյալ Կոնգրեսը ՀՀ գլխավոր դատախազությանը կատարված հանցագործության մասին արդեն իսկ հաղորդումներ է ներկայացրել: Թե հատկապես ինչ բովանդակության հաղորդումների մասին է խոսքը՝ մանրամասնեց ՀԱԿ իրավական հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը. «Հաղորդումներից մեկը ՀՀ Քր. օր.-ի 163-րդ հոդվածի հիմքով է՝ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելուն կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելը կամ դրանց, ինչպես նաեւ ժողովներին, հանրահավաքներին, երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը», 164-րդ հոդվածի հիմքով՝ «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը» եւ 309-րդ հոդվածի հիմքով՝ «Պաշտոնեական լիազորություններն անցնելը», որն, ի դեպ, համարվում է պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություն: Հաղորդումները վերաբերում են մայիսի 28-31-ին տեղի ունեցած միջադեպերին»:
Հիշեցնենք, որ գործող օրենքով Գլխավոր դատախազությունը պարտավոր է 10 օրվա ընթացքում հստակեցնել ստացված հաղորդումների վերաբերյալ իր դիրքորոշումը եւ կամ քրեական գործ հարուցելու, կամ քրգործ հարուցելը մերժելու, կամ գործը ըստ ենթակայության ուղարկելու մասին որոշում կայացնել: