Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՅԻՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՑԱԿԱԶՄԸ

Հունիս 03,2010 00:00

Մարքսիստը՝ Հայաստանի երեք նախագահների եւ հատկապես երկրորդ նախագահի 4 միլիոն դոլարի մասին

\"\"

«Ստայե նուժեն նովիյ վաժակ»,- 2008-ի նախագահական ընտրություններից հետո հայտարարեց մարքսիստ Դավիթ Հակոբյանը, իսկ ավելի ուշ լքեց Հայ ազգային կոնգրեսը: Իր այդ քայլից տեւական ժամանակ անց մարքսիստը չի փոշմանել: Ավելին. «Պատմությունը՝ հետագա տարիները, ցույց տվեց, որ իմ կողմից հնչեցված կարգախոսը ճիշտ եւ ժամանակին էր»: Մարքսիստը բարձր է գնահատում ՀՀ առաջին նախագահի անձը, դերը, նշանակությունը եւ գլուխ է խոնարհում նրա կատարածի առջեւ, համոզված է, որ ժողովուրդն ու պատմությունը դեռ կգնահատեն Լեւոն Տեր-Պետրոսյանին, քանի որ կոմունիստներից ընդունած 30 հազար քառակուսի կիլոմետր Հայաստանը նրա օրոք դարձավ 45 հազար քառակուսի կիլոմետր. «Բայց հասարակության կողմից տրված քաղաքական պենալտին չռեալիզացնելուց հետո հասարակությունը պատասխան է պահանջում: Ինչպես 1996-ին Մանուկյան Վազգենը, հետագայում հայր եւ որդի Դեմիրճյաններն այդ 11 մետրանոց տուգանայինները չկարողացան իրացնել՝ տակտիկական զինանոցի սնանկության, անվճռականության եւ այլ պատճառներով, այնպես էլ 2008-ին Տեր-Պետրոսյանն ավարտեց իր պատմական առաքելությունը»: Իսկ վերջին երկու նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, որոնք իշխանության են եկել արցախյան հարցի դիվանագիտական փուլը շահարկելով, մարքսիստի գնահատականներով՝ չեն կարող խուսափել պատմական պատասխանատվությունից. «Որովհետեւ 1995 թվականից սկսած՝ 7 ազատագրված տարածքները՝ 10 հազար քառակուսի կիլոմետր, պահել են ստերիլ՝ բնակեցնելու եւ վերաբնակեցնելու փոխարեն: Ահա թե ինչը Եվրոպառլամենտին համարձակություն տվեց անառակաբարո ռեզալյուցիա շեփորահարելու համար: Ամեն տարի մոնիտորինգի եվրոպական խմբերին էլ բերում ու ցույց էին տալիս, թե իրենց հանձնարարականները ինչպես են կատարել ու ինչ ստերիլ են պահել: Այնպես որ, վերջին երկու նախագահներն ավելի շատ են պատասխանատու, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի դիվանագիտական ամենամեծ սխալը 1995-ին կայացավ նրանում, որ զինադադարի մասին Ադրբեջանի երեք աղերսագրերից հետո նրանց կապիտուլյացիոն ակտ ստորագրել չտվեց: Հատկապես Քոչարյանը. չորս միլիարդ դոլար գողանալու փոխարեն՝ նա պարտավոր էր այդ գումարն օգտագործել այդ տարածքները բնակեցնելու եւ վերաբնակեցնելու համար: Ահա ազգային դավաճանության առաջին հանցակազմը»: Այստեղ մարքսիստը Բիսմարկին է հիշում. «Տարածքը նվաճում է սուրը, իր հետեւից ամրագրում է մոր արգանդը»: Ու թեպետ մարքսիստը նոր լիդերի անհրաժեշտություն է տեսնում, սակայն համոզված է, որ համազգային ընդդիմության ձեւավորման գործում առաջին նախագահը դեռ կարող է իր գործունեությունը շարունակել. «Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է լուրջ փիքր անի իր հետնորդի մասին»:
Մեր զրուցակիցն այս պահին չի կարեւորում, թե որ քաղաքական սուբյեկտը կարող է ստանձնել լիդերի դերը. առաջնային խնդիրն, ըստ նրա, որ լիդերը կարողանա կոնսոլիդացնել ողջ ընդդիմադիր դաշտը եւ դառնա համաժողովրդական ընդդիմության, նաեւ՝ ազգի առաջնորդ՝ «ինչպես ֆրանսիական հեղափոխության ժամանակ հայր Միրաբոն»:
Մեր զրուցակիցը ողջունում է ՀԱԿ երիտասարդների վերջին օրերի ակցիաները՝ «դեմոկրատիայի հրապարակախոսական ինստիտուտը»՝ Ազատության հրապարակը, նորից վերցնելու եւ գործընթացներն ակտիվացնելու առումով: «Բայց հասարակությունն այն աստիճան բարոյահոգեբանական անկման մեջ է, որ… այդ ինստիտուտը պետք է օգտագործվեր այն ժամանակ, երբ հասարակությունը բարոյահոգեբանական վերելք էր ապրում: Նիրհած, կռթնած, նիհիլիզմի, պեսիմիզմի մեջ ընկղմված հասարակությանը չեմ կարծում, թե նորից կարող են առաջնորդել դեպի բարոյահոգեբանական ապոգեյ: Չեմ հավատում դրան՝ ինչքան էլ հրապարակախոսության ինստիտուտը ձգտեն վերցնել իրենց վերահսկողության տակ: Համենայնդեպս, այդ ինստիտուտն այնքան է վարկաբեկված, որ ժողովուրդը չի ցանկանում միտինգների մասին լսել կամ մասնակցել դրանց»: Քաղաքական դաշտում նոր «առկայծումների եւ բոցկլտումների» հիմքեր նա չի տեսնում, քանի որ «բոլորը զբաղված են 2012-ի ընտրությունների մասնակցության փնտրտուքներով»: Պառլամենտական ընտրությունների մարքսիստը գնալու է իր կուսակցությամբ: Նա կարծում է, որ ռադիկալ-արմատական դիրքերից միայն ինքն է հանդես գալիս. «Պատմությունն ու ժամանակը ցույց են տալիս, որ իմ տեսական դրույթները միակ ճշմարիտ ուղին են: Հայ-թուրքական արձանագրությունները ես անվանեցի դիվանագիտական ծուղակ՝ արցախյան հիմնահարցի համար, խաբկանք, Ղարսի պայմանագրի ռեստավրացիա կատարվեց: Վաղուց էի ասում, որ նոր դիվանագիտական շքախումբ է պետք, որ Արցախը պետք է որպես ինքնուրույն պետական սուբյեկտ հանդես գա, որ Հայաստանի պառլամենտը պետք է դենաստացիայի ենթարկի 21 թվականի Հայաստանը մասնատող երեք անեքսիոն պայմանագրերը եւ այլն, եւ այլն. պատմությունն ապացուցեց, որ ես իրավացի էի: Այդ տեսակետից նոր տնտեսական, ազգային դոկտրինայի, արցախյան հիմնահարցի նոր դիվանագիտության առումով ես այսօր ինձ գաղափարական մրցակից չեմ տեսնում: Իսկ, որպես կադր, իմ անհրաժեշտությունն ազգն ինչքանով կընդունի՝ ժամանակը ցույց կտա»: Նախագահական ընտրություններին էլ մարքսիստը կմասնակցի միայնակ. «Այլեւս ոչ մի թեկնածուի չեմ սատարի, նրանք ինձ կամ չեն ընկալում, կամ չեն ուզում ընկալել»: Բայց Հայաստանի վերջին դիվանագիտական կրախներն, ըստ մեր զրուցակցի, ավելի շուտ շեփորահարում են արտահերթ նախագահական ընտրությունների մոտալուտ լինելը, քան հերթական պառլամենտական ընտրությունները: Մի բանում մարքսիստը հաստատ է համոզված. «Այսօրվա պառլամենտական բոլոր սուբյեկտներին՝ հանրապետականներին, դաշնակներին, հորինածերկրականներին հասարակությունը բացարձակապես չի ընդունում: Հասարակությունը պահանջում է նոր եւ վճռական ուժեր ու գաղափարներ: Եթե ազգը կարողանա այդ քաղաքական երկունքն ապրել եւ ճիշտ ընտրություն կատարել՝ ողջունելի է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել