Դրանք երեկ հնչել են մամուլի տարբեր ակումբներում հրավիրված ասուլիսների ժամանակ
ՀԱԿ-ը ղրղըզական սցենար չի ուզում
Երեկ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը ՄԱԱ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ հակադարձել է Դոնի Ռոստովում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությանը, թե՝ Հայաստանի ներքաղաքական կյանքը կայուն է, եւ հակաճգնաժամային միջոցառումները տալիս են իրենց արդյունքները։ «Երկրում այժմ ոչ թե կայունություն է, այլ՝ ապատիա, դեպրեսիա ու հուսալքություն: Սա այն կայունությունը չէ, որը պետք է երկրին։ Մենք կողմ չենք երկիրը պերմանենտ ընտրությունների մեջ պահելուն, պարզապես պետք է վերջ տրվի ընտրությունները կեղծելու արատավոր ավանդույթին ու պետք է անցկացնել նորմալ ընտրություններ։ Բայց մեծ հաշվով, մեր հասարակությունը չի համակերպվել անարդարությունների եւ բռնությունների հետ, եւ հանուն ազատության պայքարն իր արդյունքը տալու է»,- «news.am»-ի մատուցմամբ, հայտարարել է Ստ. Դեմիրճյանը՝ հավելելով, թե՝ ե՛ւ 2003-ին, ե՛ւ 2008-ին, ե՛ւ այժմ ընդդիմությունը կողմ է իշխանափոխության սահմանադրական ճանապարհին։ «Մենք չենք ցանկանում, որ Հայաստանում կրկնվի ղրղըզական սցենարը, այլ ուզում ենք, որ ձեւավորվի իշխանափոխության ժողովրդավարական ավանդույթը»,- վստահեցրել է ՀԺԿ առաջնորդը: Հարցին՝ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում ՀԺԿ-ն դրանց ի՞նչ ձեւաչափով է մասնակցելու՝ առանձի՞ն, թե՞ ՀԱԿ-ի հետ դաշինք կազմած, Ստ. Դեմիրճյանն արձագանքեց, որ ՀԺԿ-ն մշտապես ողջունել է համախմբված պայքարի գաղափարը. այժմ նման համախմբումը առավել քան հրատապ է, քանի որ պետք է երկրում վերականգնել սահմանադրական կարգը:
Ստ. Դեմիրճյանը խոսել է նաեւ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության համար դատապարտված Համլետ Ստեփանյանի՝ վերջերս մեկուսարանում, խորհրդավոր պայմաններում մահանալու փաստի մասին. «Իշխանություններն ի սկզբանե ամեն ինչ արել են «27»-ի բացահայտումը կոծկելու համար, եւ այդ գործով դատապարտյալների հանկարծամահ լինելը կասկածանքի տեղիք է տալիս։ Եթե անգամ Համլետ Ստեփանյանը մահացած լինի իր բնական մահով, ապա հասարակությունը միեւնույն է՝ կասկածում է, որ մահը եղել է պարտադրված։ Նման կասկածները բնական են եւ մշտապես կլինեն, քանի որ հասարակությունը չի վստահում իշխանություններին եւ համոզված է, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով արդարադատություն չի իրականացվել»:
Վերադասավորումներ ու դիրքային պայքար
«Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էլ երեկ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն էր: Նա խոսել է առավելապես ներքաղաքական խնդիրների, քաղաքական դաշտում հնարավոր վերադասավորումների մասին:
«Առաջիկա ամիսներին որոշակի տակտիկական, դիրքային պայքար կլինի իշխանության եւ ընդդիմության միջեւ, ինչպես նաեւ որոշակի վերադասավորումներ կլինեն թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներսում»,- «tert. am»-ի մատուցմամբ, կանխատեսել է Ս. Սուրենյանցն ու մասնավորեցրել, թե Սերժ Սարգսյանը փորձելու է ավելի մոնոլիտ դարձնել իշխանությունը, որպեսզի առաջիկա ընտրություններին մասնակցի այդ մոնոլիտ իշխանությամբ, ԲՀԿ-ն մնալու է քաղաքական համակարգում՝ նաեւ իր առաջնորդի խարիզմայի շնորհիվ, իսկ ՀՅԴ-ի մասին էլ ասել է՝ «ծերունիների մասին հարգանքով են խոսում։ ՀՅԴ-ն անելիք չունի քաղաքական դաշտում»:
ՀԱԿ-ում հնարավոր վերադասավորումների մասին խոսելիս նա շեշտել է. «Եթե ՀԱԿ-ը չկարողացավ ավելի արդյունավետ ինստիտուցիոնալ կառույցներ ստեղծել՝ ավելի երկարաժամկետ պրոյեկտի վերածվելու համար, լուրջ խնդիրներ կունենա»։ Սուրենյանցը բացառել է ՀԱԿ-ի մասնատման հնարավորությունը՝ պարզաբանելով, որ այսօր ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը տիրապետում է մեծ հասարակական ու քաղաքական ռեսուրսի, իսկ ՀԱԿ-ի կազմից դուրս եկող ուժերը կզրկվեն դրանից: Ըստ նրա, Կոնգրեսը պետք է լուրջ հետեւություններ աներ Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո, քանի որ դրանք «ցույց տվեցին, որ ՀԱԿ-ի եւ հասարակության միջեւ որոշակի ճեղքվածք է առաջացել»: Նա նաեւ անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ Դոնի Ռոստովում արած հայտարարությանն ու ասել, թե «կայունություն լինում է նաեւ ճահճում, ուստի՝ լավ է այն կայունությունը, որն ունի զարգացման ռեսուրս»։
Ս. Սուրենյանցը անդրադարձել է նաեւ վերջին օրերին Ազատության հրապարակում բողոքի ակցիաներ կազմակերպելու փորձեր անող երիտասարդ ակտիվիստների նկատմամբ ոստիկանության կողմից գործադրվող բռնություններին՝ դրանք որակելով որպես «ադեկվատության դաշտից դուրս»: Շեշտելով, թե՝ համոզված է, որ ակցիայի կազմակերպիչները որեւէ օրենք չեն խախտում, նա միաժամանակ հայտարարել է, որ իր համար երիտասարդների բողոքի արտահայտման նման ձեւն ընդունելի չէ: