Հայ-չինական բարեկամության եւս մեկ դրսեւորում
Երեկ Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում չինական երգ ու պարի մրցույթը բուհի ներսում տոնի էր վերածվել: Համալսարանում գործող Կոնֆուցիուսի ինստիտուտը առաջին անգամ նախաձեռնել էր նմանօրինակ մրցույթ: Ի դեպ, նման ինստիտուտներ կան աշխարհի լավագույն համալսարաններում՝ նպատակ ունենալով այսկերպ տարածել չինական մշակույթն ու լեզուն: Մրցույթի կազմակերպիչ եւ Կոնֆուցիուսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն Նաիրա Գրիգորյանն «Առավոտի» հետ զրույցում մանրամասնեց. «Չինական մշակույթով եւ լեզվով հետաքրքրված հայ ուսանողները մեծաթիվ են, հետաքրքրված են նաեւ դպրոցահասակները, մենք էլ որոշեցինք հայ-չինական մրցույթ կազմակերպել ու ներգրավել հետաքրքրվողներին: Սա մի ձեւ է ամրապնդելու նրանց գիտելիքը՝ չինական մշակույթի եւ լեզվի մեջ. չինական երգերը բարդ են, բայց մեր երեխաները հեշտությամբ են յուրացնում, իսկ մեզ այս հարցում օգնում էին նաեւ չինացի ուսանողները»: Տիկին Գրիգորյանի խոսքով, մրցույթը երեք փուլից է բաղկացած, ուսանողները ներկայացնելու էին չինական երաժշտական եւ պարային համարներ, չինական պոեզիա եւ միայն վերջին փուլում հայտնի կդառնան լավագույնները. «Լավագույններին ընտրելիս ուշադրություն ենք դարձնելու նրանց հագուստին եւ գրիմին, ներկայացման յուրահատկություններին, չինական շեշտերին ու ինտոնացիային»:
Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտի չինարենի ուսուցիչ Ճան Ծին Ճըն էլ մեզ հետ զրույցում կիսեց հայաստանյան իր առաջին այցելության տպավորությունները. «Հայաստան վերջերս եմ եկել եւ հիմա ուսումնասիրում եմ հայոց պատմությունն ու մշակույթը, արդեն հասցրել եմ որոշակի ընդհանրություններ տեսնել: Ձեր երկիրը, ինչպես մերը, ունի հարուստ պատմություն եւ մշակույթ: Ինձ այնքան հաճելի է աշխատել Հայաստանում հայ երեխաների եւ ուսանողների հետ, որ մի տեսակ դժվար կլինի նորից վերադառնալ Չինաստան: Հայ փոքրիկներից շատ բան եմ սովորում, նրանք էլ արագ յուրացնում են չինարենն ու չինական պարի շարժումները: Այս մրցույթը հայ-չինական բարեկամության եւս մի դրսեւորում է, մեր երկրների համագործակցության ամրապնդման լավագույն ձեւերից մեկը»:
Մասնակիցներից Անի Քոսակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ մանկուց հետաքրքրված էր չինական պարով. «Չինական ֆիլմեր էի դիտում, որ կարողանամ չինացու տեսքի ինձ բերել, աչքերս մատիտով ներկում էի, չինական հագուստներ պատրաստում, մի խոսքով՝ չինացու կերպար էի ընդօրինակում, հիմա էլ ուրախ եմ, որ հայ-չինական երգ ու պարն եմ ներկայացնելու: Կարծում եմ, ինձ մոտ ստացվում է: Սա նաեւ մանկության երազանքս էր, որ իրականացավ, եթե ամեն ինչ բարեհաջող լինի ու մրցույթում լավագույնը ճանաչվեմ, ապա հայ-չինական համագործակցության շրջանակներում Չինաստանը կներկայացնեմ հենց Չինաստանում»:
Ուսանողուհի Վարդուհի Հարությունյանն էլ ասաց. «Ես այս մրցույթում ներկայացնելու եմ չինական պարը, ճիշտ է՝ դժվարությամբ եմ սովորել այն, բայց, ի վերջո, ստացվեց: Հաճելի եւ ուսանելի է չինացիների հետ շփումը՝ ոչ միայն զուտ լեզուն ամրապնդելու հարցում, այլեւ չինական մշակույթին ծանոթանալու առումով: Շփման ընթացքում մենք նրանց հայկական մշակույթն ենք ներկայացնում, չինացիներն էլ՝ իրենցը: Մեր չինացի ուսուցիչները շատ են կապվել Հայաստանի հետ, անընդհատ ասում են, թե չեն ցանկանում այլեւս մեկնել Հայաստանից, որովհետեւ այստեղ մշտապես զբաղված են հաճելի գործով»: