Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՂԱՄԱՐԴԻԿ ԱՄԱՉՈՒՄ ԵՆ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ

Հունիս 02,2010 00:00

Հիվանդություն, որի պատճառ կարող է դառնալ ոչ լիարժեք սեռական կյանքը

\"\"

«Պրոստատիտը արական սեռական գեղձամկանային օրգանի՝ շագանակագեղձի բորբոքումն է»,- ասում է ուրոլոգ Ռոման Ապրեսյանն ու հավելում, որ պրոստատիտը հաճախ հանդիպող հիվանդություն է. շագանակագեղձի բորբոքման պատճառ կարող է դառնալ տեղային մրսածությունը, անկանոն սեռական կյանքը եւ այլն: Ռ. Ապրեսյանի փոխանցմամբ՝ այս հիվանդության պատճառ կարող են դառնալ նաեւ ոչ լիարժեք բուժված թոքաբորբը, վերին շնչուղիների ինֆեկցիաները:

Մեր հարցին, թե վերոնշյալ պատճառներից ո՞րն է ամենահաճախ հանդիպողը, բժիշկը պատասխանեց. «Պրակտիկայում հաճախ հանդիպում ենք կոնգեստիվ պրոստատիտ, որը հայտնի է նաեւ լճացման պրոստատիտ անվամբ, ինչն էլ առաջանում է սեռական ոչ լիարժեք կյանքով ապրելու արդյունքում: Շատ երիտասարդներ պարզապես ժամանակի սղության պատճառով ամիսը մեկ կամ երկու սեռական ակտ են ունենում: Շատերն էլ պարզապես վախենում են սեռավարակներից ու չեն վստահում պաշտպանող միջոցների արդյունավետությանը, բայց ամեն տարիք պահանջում է իր սեռական ակտիվությունը: Մարդու կամքից անկախ՝ գեղձը դատարկվելու կարիք ունի: Այս կարգի բարդույթ ունեցող անձանց խորհուրդ ենք տալիս ակտիվացնել սեռական կյանքը, խոսքը անկանոն կապերի մասին չէ»:

Հարցրինք նաեւ, թե կարո՞ղ է, արդյոք, պրոստատիտի պատճառ դառնալ նյարդային լարված վիճակն ու սթրեսը: «Նյարդային լարվածությունը, սթրեսը անմիջական կապ չունեն այս հիվանդության հետ, բայց նյարդային լարվածության, գերհոգնածության, սթրեսային վիճակից տուժում է օրգանիզմի իմունային համակարգը, որն այդ պահին կտրուկ անկում է ապրում: Այս ֆոնի վրա հնարավոր է թաքնված օջախներում արթնանան հարուցիչներ, ինչի արդյունքում էլ զարգանա հիվանդության փուլ»,- բացատրում է բժիշկը:

Ռ. Ապրեսյանն ասում է, որ պրոստատիտը, ինչպես եւ այլ հիվանդություններ, երկու փուլով է ընթանում: Տարբերում են շագանակագեղձի բորբոքման երկու փուլ կամ երկու ձեւ՝ սուր եւ քրոնիկական:

«Առաջինի դեպքում հիվանդությունը սովորաբար ընթանում է ցավոտ միզարձակությամբ, դժվարամիզությամբ, արյունամիզությամբ, ընդհուպ մինչեւ ջերմաստիճանի բարձրացում»,- մանրամասնում է բժիշկը ու նշելով, որ հիվանդները գանգատվում են ընդհանուր թուլությունից եւ ախորժակի բացակայությունից, ինչի արդյունքում հիվանդությունը կարող է անցում կատարել դեպի երկրորդ՝ քրոնիկական փուլ: Իսկ քրոնիկական պրոստատիտի ընթացքում խանգարվում է սեռական օրգանների ֆունկցիան, առաջանում է սեռական անկարողություն: «Քրոնիկական պրոստատիտը բնորոշվում է երկարատեւ ընթացքով, նկատվում են թվացող ապաքինման եւ սրացման շրջաններ: Հիվանդը միզարձակումից հետո միզուկի եւ շեքի շրջանում զգում է այրող ցավեր, նկատվում է արտադրություն՝ միզուկից»,- ասում է ուրոլոգը, ըստ որի՝ հիվանդները ամաչում են այս թեմայի շուրջ զրուցել բժշկի հետ՝ մտածելով, որ ամեն ինչ ինքնուրույն կանցնի:

Ըստ մեր զրուցակցի՝ «ցավոք, հիվանդների մեծ մասը դիմում է բժշկի՝ միայն դանակը ոսկորին հասնելու ժամանակ: Բայց պրոստատիտի ժամանակ խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնաբուժությամբ, օգտագործել գովազդվող դեղորայք, տաք լոգանք ընդունել, ինչը, թերեւս, ժողովրդի մեջ ամենատարածված բանն է»: Բժիշկը ընդգծեց, որ պրոստատիտ հիվանդությունը ամենադժվար ախտորոշվող հիվանդություններից մեկն է: Անհրաժեշտ է անցկացնել լրջագույն համալիր հետազոտություն, որից հետո նշանակել համապատասխան բուժում:

Ինչ վերաբերում է բուժման մեթոդին, Ռ. Ապրեսյանի խոսքերով, աշխարհում հայտնի զանազան բուժման տարբերակներից առաջինը հակաբակտերիալ եղանակով բուժումն է: «Նախկինում հայտնի շագանակագեղձի մերսումներն Եվրոպական ասոցիացիայի ուրոլոգների կողմից այսօր արգելված են: Ոչ հմուտ մասնագետի կողմից անցկացված մերսումը կարող է բերել գեներալիզացիայի, այսինքն՝ ամբողջ օրգանիզմով մեկ թարախի տարածման»,- նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով նման հիվանդություններ բուժող մասնավոր օֆիսների կասկածելի մասնագետներին, որոնց թիվն այսօր քիչ չէ, Ռ. Ապրեսյանը հայտնեց, որ շատ հաճախ վերջինների կողմից հիվանդին տրվում է սխալ ախտորոշում, իրականացվում սխալ բուժում, արդյունքում՝ հիվանդի մոտ առաջանում է հիասթափություն:

Ռ. Ապրեսյանը խորհուրդ տվեց 40-ը բոլորած տղամարդկանց տարին մեկ անգամ այցելել բժիշկ-ուրոլոգի՝ պրոֆիլակտիկայի համար. սեփական առողջության նկատմամբ հետեւողական լինելու դեպքում կարելի է կանխել եւ ժամանակից շուտ ձերբազատվել հիվանդությունների տհաճ ցավերից ու անցանկալի հետեւանքներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել