Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հունիս 02,2010 00:00

2011 թվականը Հայաստանի ծանրորդների համար պատասխանատու մրցաշրջան է

\"\"

Հունիսի 11-ին Սոֆիայում մեկնարկում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, օգոստոսին պատանիները կհավաքվեն Սինգապուրում՝ վիճարկելու այդ տարիքային խմբի անդրանիկ ամառային օլիմպիական խաղերի մեդալները, իսկ սեպտեմբերին Անթալիայում կայանալու է մեծահասակների աշխարհի առաջնությունը, որից էլ սկսվում է Լոնդոն 2012-ի վարկանիշների հաշվառումը:

Մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանին հանդիպեցինք՝ հայ մարզասերին այս կարեւորագույն մեկնարկների նախապատրաստության ընթացքին եւ մասնակցությանը իրազեկ պահելու նպատակով: Բայց, հասկանալի է, որ առաջին հարցը ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանի հանկարծամահ լինելուց հետո մեր գլխավոր թիմի հետագային առնչվող խնդիրն էր լինելու:

– Պարոն Խաչատրյան, գլխավոր մարզչի մահն անսպասելի էր: Այն էլ՝ այս կարեւորագույն պահին, երբ ամեն մի օրը վճռորոշ նշանակություն կարող է ունենալ նախանշած ծրագրերի իրականացման ճանապարհին: Բայց կորուստը որքան էլ մեծ է, մարզական կյանքը չի կարող կանգ առնել: Ֆեդերացիան նոր նշանակում կատարելու որոշում արդեն կայացրե՞լ է:

– Աշոտ Մխիթարյանի կորուստը, իսկապես, ծանր է բոլորիս համար, նախ՝ որպես մարդու, գործընկերոջ, ապա, նաեւ՝ մասնագետի: Ինչ վերաբերում է նրան արդեն փոխարինող նշանակելուն, անձամբ ես գտնում եմ, որ շտապելու հարկ չկա: Բայց ոչ այն պատճառով, որ համապատասխան մասնագետ չեմ տեսնում: Փառք Աստծո, Հայաստանում հավասարազոր բարձրակարգ մարզիչները քիչ չեն: Ծանրամարտը հանրապետության առաջատար մարզաձեւերից մեկն է, որը բարձր դիրքեր եւ հեղինակություն ունի նաեւ ամբողջ աշխարհում: Իմ համոզմամբ, ամենաճիշտն այն է, որ մինչեւ սեպտեմբերին Անթալիայում կայանալիք աշխարհի առաջնության ավարտը հավաքականի հետ աշխատի մարզչական խորհուրդը՝ բոլոր քայլերը համաձայնեցնելով ֆեդերացիայի ղեկավարության հետ: Ես անձամբ վերահսկելու եմ բոլոր աշխատանքները, ավելի հաճախ եմ ներկա լինելու հավաքներին ու մարզումներին: Կրկնում եմ, սա իմ տեսակետն է: Բայց մոտ օրերս խնդիրը պետք է քննարկենք ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, որից հետո միայն վերջնական որոշում կկայացվի: Չմոռանանք, որ խոսքը ոչ թե անհատի, այլ երկրի անվան մասին է:

– Բայց աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է լինելու, ընդամենը չորս ամիս է մնում, որի ընթացքում մարզումներ, հավաքներ, մրցումներ պիտի կազմակերպել ամենաարժանավորներին ընտրելու համար: Առանց գլխավոր մարզչի դա հնարավո՞ր է:

– Այ, հենց այդ կարճ ժամանակի համար եմ ասում: Չէի ցանկանա, որպեսզի նորանշանակ մասնագետը, Աստված չանի, վատ մասնակցության դեպքում մեղադրվի ու հեռացվի, ոչ էլ չեմպիոններ ու մեդալակիրներ ունենալու համար ուրիշի արածը նրան վերագրվի: Ոչ մի մասնագետ երեք-չորս ամսում աշխարհի չեմպիոն չի կարող աճեցնել:

Ավելին ասեմ. մեր ֆեդերացիայում, սկսած 2006 թվականից, հավաքականի գլխավոր մարզիչը միանձնյա որոշումներ չի կայացնում: Ամեն մի հարց ինձ մոտ քննարկվում է մարզչական խորհրդի անդամների հետ ու նոր միայն որոշում կայացվում:

– Իսկ հավաքներն ու մարզումնե՞րը:

– Դրանք բոլորը վաղօրոք հաստատված են տարվա միջոցառումների պլանով ու ընթանում են ըստ դրա: Այնպես որ, ամեն բան շարունակվելու է իր սովորական հունով:

– Այսինքն՝ Թուրքիայում մենք աշխարհի նոր մեդալնե՞ր ենք նվաճելու:

– Իսկ ինչո՞ւ ոչ: Դեռ մի բան էլ ավելին ենք ուզում անել: Մենք մեր ժողովրդին, երկրի ու մարզական ղեկավարությանը խոսք ենք տվել ու մեր խոստումները չենք մոռանում:

– Հիմա մեր ազգային հավաքականն ի՞նչ է անելու:

– Հունիսի 10-11-ին Ծաղկաձորում ուսումնամարզական հավաքներ կլինեն, որոնք կշարունակվեն Աբովյանում: Դրանից հետո կլինի Հայաստանի գավաթի առաջնությունը, որի արդյունքներով էլ կորոշվեն աշխարհի առաջնություն մեկնող ութ տղաների եւ յոթ աղջիկների անունները:

– Հունիսի 11-ին Սոֆիայում մեկնարկում է աշխարհի երիտասարդների առաջնությունը:

– Հենց այս պահին հավաքականն Աբովյանի մարզաբազայում ուսումնամարզական հավաք է անցկացնում: Անցած տարի մեզ չհաջողվեց աշխարհի չեմպիոն ունենալ: Բայց այս տարի արվում է ամեն բան՝ այդ բացը լրացնելու համար:

– Ովքե՞ր են Սոֆիայում մրցահարթակ մտնելու:

– Տղաներից՝ 69 կգ քաշային Զորիկ Պողոսյանը եւ ծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը: Աղջիկները, քիչ լինելու պատճառով, Բուլղարիա մեկնելու փոխարեն, նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը: Այդպես ավելի նպատակահարմար ենք գտել, քանի որ մեծերի աշխարհի առաջնությունը վարկանիշային է, եւ այնտեղ ամեն մի միավորը կարեւորագույն նշանակություն է ունենալու:

– Սինգապուրի 1-ին պատանեկան օլիմպիական խաղերի առավելագույն՝ երկու ուղեգիր ունենք: Ենթադրվում է, որ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն անպայման մասնակցելու է: Մյուսն ո՞վ կլինի:

– Այդքան կտրուկ չէի ասի: Հիմա Ծաղկաձորում Սմբատի հետ միասին մարզվում են Վլադիկ Կարապետյանը (62 կգ), Գոռ Մինասյանն ու Միշա Մուրադյանը (երկուսն էլ՝ +94 կգ): Հավաքի ավարտին ով իրեն ավելի լավ դրսեւորի՝ նա էլ կմեկնի Սինգապուր:

– Վալենսիայում, Եվրոպայի պատանեկան առաջնության ժամանակ ադրբեջանցիները սկանդալ էին ուզում սարքել, ինչի մասին մի քանի տողով գրել ենք: Իրականում ի՞նչ էր եղել:

– 62 կգ քաշում նրանց ծանրորդը վարժությունը կատարելիս քաշը չֆիքսեց, որի համար մրցավարները մոտեցումը չհաշվեցին: Ադրբեջանցիները, դժգոհ այդ որոշումից, բողոքեցին: Մրցավարական հանձնաժողովը նրանց ներկայությամբ (որպես EWF-ի գործկոմի անդամ՝ ես էլ այնտեղ էի) երեք անգամ նայեցին տեսագրությունը եւ համոզվեցին, որ մրցավարները միանշանակ ճիշտ են վարվել: Իսկ երբ մեր Վլադիկ Կարապետյանը հաջող ավարտեց մոտեցումը եւ դարձավ չեմպիոն, Ադրբեջանի ամբողջ պատվիրակությունն սկսեց սանդրանքների դիմել, իբր թե մրցավարները կողմնակալ են եղել եւ ոսկին նվիրել հայ ծանրորդին: Բանը հասավ նրանց ու մրցավարների միջեւ քաշքշուկի: Կազմակերպիչները ստիպված նրանց կարգի բերելու համար ոստիկանություն հրավիրեցին: Մենք այդ ամենին ընդհանրապես չենք միջամտել: Իսկ երբ արդեն պարգեւատրման ժամանակ պետք է բարձրանար մեր եռագույնը եւ հնչեր օրհներգը, ադրբեջանցի մարզիկը ցուցադրաբար իջավ պատվանդանից ու հեռացավ: Ավելին, դահլիճում գտնվող ադրբեջանցի ու թուրք մարզասերները (նաեւ՝ Թուրքիայի պատվիրակությունը) այդ պահին մեր դրոշին թիկունքով շրջվեցին: Այդ ժամանակ դահլիճում մոտ 200-250 հայ հանդիսականների մեջ խժդժություն ծագեց: Եվ եթե ես եւ դահլիճում գտնվող Հայաստանի հյուպատոս Մհեր Բադալյանը չլինեինք, իրադարձությունները կարող էին անցանկալի զարգացումներ ստանալ:

– Եվ կազմակերպիչները դա կո՞ւլ տվին:

– Ես կատարվածի մանրամասն նկարագրությամբ պաշտոնական նամակ եմ ուղարկել մեր մարզաձեւի միջազգային ու եվրոպական ֆեդերացիաներ՝ խնդրելով համապատասխան գնահատական տալ: Որքան տեղյակ եմ, նախատեսվում է Ադրբեջանի ֆեդերացիային դրամական խոշոր տուգանքի ենթարկել: Չի բացառվում նաեւ, որ որակազրկման հարցն էլ քննարկման առարկա դառնա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել