Երեկ Չարենցի տուն-թանգարանում բացվեց անվանի դերասան Ազատ Գասպարյանի թոռնուհու՝ 5-ամյա Շուշանիկի ցուցահանդեսը: «Ես ամեն առավոտ նկարում եմ: Չգիտեմ ինչ եմ նկարում՝ մի օր Պույ-պույ մկնիկին, մի օր՝ ծիածան, մի օր՝ մեր տունը կամ պապիկենցը»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց փոքրիկ Շուշանիկը: Ներկայացված էր 20 աշխատանք: Փոքրիկ նկարչուհու մայրը՝ Նաիրի Գասպարյանը, նշում է. «Ես այն մայրերից չեմ, որ տարվում են իրենց երեխայով, նրա փոխարեն որոշում՝ ինչ է դառնալու: Նրան դուր է գալիս նկարելը՝ թող նկարի: Համարձակ ձեռք ունի, ինչ մտածում է տվյալ պահին, այն էլ նկարում է, ոչ ոքի կարծիքը հաշվի չի առնում: Շուշանիկը արագ կողմնորոշվում է գույների ընտրության մեջ, ինչն ինձ շատ է դուր գալիս»: Իսկ ցուցահանդեսի գաղափարը, ինչպես պարզեցինք, պապիկինն է՝ Ա. Գասպարյանինը: