Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական դետեկտիվ

Հունիս 02,2010 00:00

Նոր ֆիլմ՝ «Սպիտակ գայլերի որսը»

Անպատժելիության գաղափար չկա, ոճիր գործող մարդը միշտ պատժվում է՝ եթե ոչ մարդու, ապա անպայման Աստծու կողմից: Սա է նոր՝ «Սպիտակ գայլերի որսը» առաջին հայկական դետեկտիվ ֆիլմի հիմնական ասելիքը: Պրոդյուսեր եւ սցենարիստ Ժիրայր Հակոբյանը եւ ֆիլմի ստեղծագործական խումբը պրեմիերային ընդառաջ երեկ հանդիպեցին լրագրողների հետ:

Ժ. Հակոբյանը, որ նախկինում աշխատել է ոստիկանությունում, գտնում է, որ հայկական կինեմատոգրաֆիան դետեկտիվ ժանր չունի. «Սպիտակ գայլերի որսը» այս ժանրի մեկնարկն է լինելու: Ֆիլմը «Օրենքի դաշտ» նախագծի առաջին աշխատանքն է: Վերջինիս շրջանակներում կստեղծվի հինգ ֆիլմ, որոնք կլինեն հայկական դետեկտիվ ժանրի առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերը»:

Թե ինչո՞ւ է ֆիլմն անվանվել «Սպիտակ գայլերի որս», ռեժիսոր Արմեն Միրզոյանը մեկնաբանեց. «Դա խորհուրդ ունի. բնության մեջ ամեն ինչ կապակցված է. գայլը դուրս է գալիս նապաստակի որսի՝ մոռանալով, որ ինքն էլ որսորդ ունի՝ մարդը: Այս գաղափարն է ֆիլմի առանցքում՝ մարդկային հասարակության մեջ հանցագործը պլանավորում է իր հանցանքը՝ մոռանալով, որ կա որսորդ՝ ոստիկանը»:

Ժ. Հակոբյանը հավելեց. «Ֆիլմի փիլիսոփայությունը հանցագործության պատժելիության մասին է, քանի որ ոչ մի հանցագործություն անպատիժ չի մնում: Ֆիլմաշարի միջոցով ցանկացել ենք ներկայացնել հայ ոստիկանի իրական կերպարը»:

Ֆիլմը նկարահանել է «Գետրիկ փրոդաքշնը»: Ժ. Հակոբյանը շեշտեց, որ հովանավորներ չեն ունեցել, իսկ բյուջեն չհրապարակեց:

Նշենք, որ «Օրենքի դաշտ» նախագիծը ապրիլ ամսին արժանացել է մոսկովյան «Դետեկտիվ ֆեստ» միջազգային փառատոնի հատուկ մրցանակին: «Սպիտակ գայլերի որսի» գլխավոր դերերում նկարահանվել են Վասիլ Սարգսյանը, Հմայակ Հակոբյանը, Աննա Աթոյանը եւ Մուրադ Նադիրյանը:

Ֆիլմի պրեմիերային հրավիրված են ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ ոստիկանապետը, ռազմական ոստիկանության պետը եւ այլ պաշտոնատար անձինք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել