Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային պատկերասրահ» փառատոնը փակվեց

Հունիս 02,2010 00:00

Բացվեց մեկ ուրիշ փառատոն

\"\"
Փառատոների հիմնադիրներ Գարիկ Նազարյանը եւ Մարիամ Շահինյանը:

Այսօր Ազգային պատկերասրահի Որմնանկարների դահլիճում կկայանա ապրիլի 21-ին «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության հովանավորությամբ մեկնարկած «Ազգային պատկերասրահ» միջազգային 6-րդ փառատոնի եզրափակիչ՝ 8-րդ համերգը: Այն նվիրվում է հայ մեծանուն կոմպոզիտորներ Գագիկ Հովունցի, Էդգար Հովհաննիսյանի՝ 80, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի՝ 90-ամյա հոբելյաններին: Ինչպես «Առավոտին» հայտնեցին «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը եւ տնօրեն Գարիկ Նազարյանը, այս համերգով կմեկնարկի հիմնադրամի մեկ այլ նախագիծ՝ Հենրիկ եւ Գերոնտի Թալալյանների անվան ալտի եւ ջութակի փառատոնը: Մ. Շահինյանի խոսքերով. «Այս նախաձեռնությունը 2008-2009թթ. անցկացված Գ. Թալալյանի անվան թավջութակի հանրապետական փառատոնի շարունակությունն է՝ ուղղված Հայաստանում ալտի եւ թավջութակի կատարողական դպրոցի տասնամյակների ընթացքում ձեւավորված ավանդույթների եւ նվաճումների զարգացմանն ու առաջընթացին»:

Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ համալրելով «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի ամենամյա նախագծերի շարքը («Ազգային պատկերասրահ» եւ «Վերադարձի» դասական երաժշտության փառատոներ), Թալալյան եղբայրների անվան փառատոնը մեզ համար ստեղծագործական յուրահատուկ նշաձող է, պատասխանատվության ու փառատոնի առջեւ դրված խնդիրների լուծման անհրաժեշտության առումով: Գ. Նազարյանն էլ հայտնեց, որ հունիսի 2-22-ը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Չարենցավանի Ա. Խաչատրյանի եւ Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցների դահլիճներում հայաստանցի ճանաչված ալտահարներն ու թավջութակահարները, այդ թվում՝ Արամ Թալալյան, Լիլիթ Մխիթարյան, Գայանե Խաչատրյան, Մերի Դոլմազյան, Յանա Դարյան, Արմեն Թորոսյան, կհնչեցնեն ալտի, թավջութակի եւ դաշնամուրի համար գրված պիեսներ, սոնատներ, ինչպես նաեւ Գ. Թալալյանի որդու՝ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դոցենտ Արամ Թալալյանի մշակումները: «Փառատոնային 5 համերգների ընթացքում հանդես կգա նաեւ փառատոնի ալտահարների եւ թավջութակահարների անսամբլը՝ Արամ Թալալյանի ղեկավարությամբ: Հայ եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունների թվում ունկնդրին կմատուցվեն նաեւ մեզ մոտ սակավ հնչող գործեր»,- ասաց Գ. Նազարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել