Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՏՐՈՆԻ ՀՈՒՅՍԵՐՆ ՈՒ ՀՈԳՍԵՐԸ

Հունիս 02,2010 00:00

Զանգեզուրյան խճանկար

Կապանում մեկ շաբաթ շարունակ թատերական աշխուժություն էր. Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) եւ Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ այս տարի երկրորդ անգամ Կապանում անցկացվեց մոնոներկայացումների «Արմմոնո» փառատոնը, որի փակումը կլինի այսօր: Փառատոնային ներկայացումներից զատ, Գորիս եւ Կապան քաղաքներում կայացավ Գալյա Նովենցի եւ Երվանդ Ղազանչյանի մեծարման երեկոն: Փառատոնի բացման ժամանակ ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը մարզային թատրոնների պահպանման եւ զարգացման գործում ունեցած ներդրման համար ՀԹԳՄ ոսկե մեդալ հանձնեց Կապանի թատրոնի դերասան Արտավազդ Գրիգորյանին: Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանն էլ ՀՀ ժողովրդական արտիստներ Գալյա Նովենցին եւ Երվանդ Ղազանչյանին, արվեստի բնագավառում նշանակալից ավանդի համար, քաղաքապետարանի կողմից պատվոգրերի արժանացրեց: Իսկ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը երեկոյի հյուրերին պարգեւատրեց Ակսել Բակունցի անվան ոսկե հուշամեդալով: Սակավախոս Գալյա Նովենցը Կապանի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունի: «Ինձ համար թանկ է այս հյուրասեր, ընտիր ժողովուրդը: Ուզում եմ, որ այստեղ այլեւս ռումբեր չպայթեն, պատերազմ չլինի»,- ասաց նա: Հ. Պարոնյանի անվան թատրոնի դերասան Սամվել Բաղինյանը հիշեց Թատերական ինստիտուտում սովորելու տարիները. «Դասից փախչում էինք, որպեսզի դիտեինք Երվանդ Ղազանչյանի բեմադրությունները: Երբեմն մենք մեր ունեցածը չենք գնահատում ըստ արժանվույն, օտարամոլ ենք դարձել…»:

Երվանդ Ղազանչյանը երանությամբ է հիշում 1958-62թթ. Կապանի թատրոնում աշխատած տարիները. «Ամենավերջին գյուղը գնում էինք բեռնատար մեքենայով, մի մասում դեկորացիան էր դրվում, մյուս մասում՝ դերասան-դերասանուհիներն էին, լույս չկար, բայց չէինք տրտնջում, ամենավերջին գյուղը գնալիս անգամ մեկը չէր փորձում, օրինակ, իր հագի տաբատով բեմ դուրս գալ կամ գրիմ չանել, «պարիկ» չդնել, նվիրում կար դեպի թատրոնը… Այն ժամանակվա հանդիսատեսը զարմանալիորեն պատրաստ էր ամեն ինչի հավատալու, Կապանում ամեն պրեմիերայից առաջ իրարանցում էր, հերթ, ծանոթներին էին անհանգստացնում՝ տոմս ձեռք բերելու համար: Հիմա, դժբախտաբար, հոգեւորը նահանջել է…»:

«Առավոտի» հետ զրույցում Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանը փաստում է, որ քաղաքում փառատոնի ազդագրերը փակցնելուց հետո մարդիկ խանդավառությամբ հետաքրքրվում էին ներկայացումներով: Կապանի թատրոնն այս տարի նշելու է հիմնադրման 75-ամյակը, տնօրենն ասաց, որ աշնանն այդ առթիվ միջոցառումների շարք է նախատեսվում: Այս թատրոնում են իրենց բեմական ուղին կերտել Երվանդ Ղազանչյանը, Գալյա Նովենցը, Գուժ Մանուկյանը, նույն բեմում են խաղացել Վաղարշ Վաղարշյանը, Ավետ Ավետիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Դավիթ Մալյանը, Վահրամ Փափազյանը եւ այլ մեծեր: Կ. Արզումանյանի խոսքով՝ կապանցիները թատրոն սիրող ժողովուրդ են. «Նախորդ տարվա «Արմմոնոյին» գերմաներեն, լեհերեն՝ առանց թարգմանության ներկայացումներ էին լինում՝ լեփ-լեցուն հանդիսատեսով»: Տնօրենը, սակայն, մտահոգված է մարզերի նկատմամբ ուշադրության պակասից, աշխատավարձից, ասում է՝ այժմ թատրոնի աշխատողներին միայն հավատն է պահում. «Մայրաքաղաքում հնարավորություն կա հեռուստատեսությունում, սերիալներում նկարահանվելով՝ կողմնակի եկամուտ ստանալ: Պետությունը պետք է ճիշտ ռազմավարություն մշակի, որպեսզի մարզերում թատրոնի նվիրյալները չլքեն այն: Օրինակ, մեր թատրոնը առանց տրանսպորտային միջոցի, սպասարկում է ողջ մարզը՝ Կապան, Սիսիան, Քաջարան»:

Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը եւս գեղարվեստական ղեկավար չունի, ինչպես Կապանինը: Ներկայացումները հրավիրված ռեժիսորներն են բեմադրում: 1985թ. վերաբացված թատրոնի առաջին ռեժիսորը Երվանդ Մանարյանն է եղել: Ըստ Գորիսի թատրոնի բեմադրող ռեժիսոր Սերժ Սայունցի. «Գորիսցին թատերասեր է, բայց վերջերս մի քիչ դժվար է գալիս թատրոն, մարդկանց սոցիալական վիճակն է վատ, հեռուստատեսությունն իր սերիալներով հեղեղել է էկրանը, ավելի շատ գերադասում են տանը՝ բազմոցին նստած, ինչ-որ բան նայել, քան թատրոն այցելել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել