ՌԴ Պետդումայի «Միասնական Ռուսաստան» խմբակցության պատգամավորները Դումային առաջարկել են երկրորդ ընթերցմամբ ընդունել «Երեխաներին՝ նրանց առողջությանն ու զարգացմանը վնասող տեղեկությունից պաշտպանելու մասին» օրինագիծը: Այս փաստաթուղթը գրեթե նույն բովանդակությունն ունի, ինչ ՀՀ հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի կողմից մշակված «չափորոշիչները»: Ռուս պատգամավորների հեղինակած փաստաթուղթն ուղղված է «պոռնոգրաֆիայի, ցենզուրայից դուրս հայհոյանքի, թմրանյութերի եւ ալկոհոլի, նաեւ ծխախոտի օգտագործումն արդարացնելու, ընտանիքի արժեքները մերժելու, նաեւ բռնությունը կամ դաժանությունը արդարացնելու կամ դրա թույլատրելիությունը հիմնավորելու դեմ»: Օրինագծի հեղինակները մտադիր են սահմանափակել այսօրինակ ֆիլմերի ցուցադրությունն ու տեղեկությունների տարածումը: Տեխնիկական իմաստով, ըստ ռուս փորձագետների, դա արտահայտվելու է նրանով, որ հեռուստատեսությամբ կարող են արգելվել, օրինակ՝ «Ռեմբո» կամ «Կարիբյան ծովահենները» ֆիլմերը, լրատվական կամ այլ հաղորդումներում վթարի կամ աղետի, հիվանդության, մահացու դեպքերի նկարագրությունը կամ դրվագների ցուցադրումը, «որոնք կարող են երեխաների մեջ վախ, սարսափ ու խուճապ առաջացնել»: Այդպիսի ֆիլմերն ու հաղորդումները արգելվում են հեռարձակել ցերեկային ժամերին՝ 6-22-ը: Իսկ նման տեղեկություններ հրապարակող թերթերը պետք է տարածվեն փաթեթավորված, փակված-կնքված վիճակում: Փորձագետներն այդ օրինագծի պահանջների կատարումը նույնիսկ տեխնիկապես անհնարին են համարում:
Նախատեսվում էր, որ օրինագիծը Պետդումայում քննարկման կներկայացվի հունիսի 2-ին, բայց այն հետաձգվել է անորոշ ժամանակով: