ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովը Հյուսիսային Կովկասում Մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության վիճակը որակել է «ամենալուրջն ու ծանրը»՝ այն տարածքներում, որոնցով ԵԽ-ն զբաղվում է:
BBC-ի մատուցմամբ, ԵԽԽՎ-ի այս եզրակացությունն արձանագրված է Չեչնիային, Ինգուշեթիային եւ Դաղստանին վերաբերող բանաձեւի այն նախագծում, որը նախատեսվում է ներկայացնել հունիսին կայանալիք ԽՎ նստաշրջանի քննարկմանը:
Զեկույցի հեղինակները պնդում են, որ Չեչնիայում իշխանությունները «վախի մթնոլորտ» են ստեղծել, որ հանրապետությունում շարունակում են անհետանալ ընդդիմադիրներն ու իրավապաշտպանները, իսկ դատական ատյանները անուշադրության են մատնում իրավապահ մարմիններում տեղի ունեցող չարաշահումները: Զեկույցում նշվում է նաեւ, որ Չեչնիայում անձի պաշտամունք է ձեւավորվել, ինչը «ժողովրդավարության համար ամոթալի երեւույթ է»: Փաստաթղթի հեղինակները շեշտել են, որ Ինգուշեթիայում «անհանգստացնող է 2009-ից սկսված բռնությունների աճը», իսկ Դաղստանում ավելի հաճախակի դարձած ահաբեկչական ակտերը հանգեցնում են ուժայինների կողմից դաժան եւ անօրինական գործողությունների: ԵԽԽՎ բանաձեւը կոչ է անում Ռուսաստանի դաշնային եւ տարածաշրջանային իշխանություններին՝ ահաբեկչության դեմ պայքարել իրավական պետության գործիքների օգնությամբ՝ հետապնդել եւ դատել նրանց, այդ թվում՝ իրավապահ ուժերի այն ներկայացուցիչներին, ովքեր ոտնահարում են մարդու իրավունքները: Բանաձեւում ՌԴ իշխանություններին նաեւ կոչ է արվում կատարել ՄԻ Եվրոպական դատարանի որոշումները:
ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ներկայացուցիչների ասելով, բանաձեւը կարող էր ներկայացվել ավելի խիստ ձեւակերպումներով, բայց իրենց հաջողվել է առանցքային հարցերում փաստաթղթի հեղինակների հետ փոխզիջումներ գտնել: