Աֆղանստանից ստացված տեղեկությունների համաձայն, անօդաչու ինքնաթիռի հարվածների արդյունքում սպանվել է «Ալ-Քաիդայի» հիերարխիայում թվով երրորդ մարդը՝ Մուստաֆա Աբու Յազիդը (նկարում): Մահմեդական կայքերում, ըստ BBC-ի, «Ալ-Քաիդան» արդեն հայտարարություն է տեղադրել այն մասին, որ ծագումով եգիպտացի Աբու Յազիդը, որը նաեւ հայտնի էր որպես Շեյխ Մասրի, զոհվել է իր կնոջ եւ երեք երեխաների հետ միասին:
Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ դա տեղի է ունեցել վերջերս, Պակիստանի եւ Աֆղանստանի սահմանին գտնվող գյուղական շրջաններից մեկում, որը հաճախ է օդային հարվածների թիրախ դարձել: Շեյխ Մասրիի մահվան մասին տեղեկություններ նախկինում էլ մի քանի անգամ եղել են, բայց դրանցից եւ ոչ մեկը չէր հաստատվել: Այս անգամ ամերիկացիները հակված են կարծելու, որ ստացված տեղեկությունները լուրջ հիմքեր ունեն:
Շեյխ Մասրին համարվում էր Ուսամա բին Լադենի գլխավոր կապավորը: