Երկուշաբթի օրը, ուշ երեկոյան, Մոսկվայի արեւելքում, Բորովսկի մայրուղու եւ Բոգդանով փողոցի խաչմերուկում «Nissan» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 12-ամյա մի դեռահասի, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, մեքենայի ղեկին եղել է կովկասցի մեկը: Աղբյուրի տեղեկություններով, պատահարից հետո դեպքի վայր ժամանած վարորդի համերկրացիների եւ զոհված երեխայի հարազատների միջեւ զանգվածային ծեծկռտուք է սկսվել, որին մասնակցել է մոտ 40 մարդ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները կասեցրել են հակաօրինական գործողությունները: Պատահարի վայր են ուղարկվել ոստիկանության մի քանի ստորաբաժանում: Ըստ իրավապահների, վարորդը, որ մոսկվացի չէ, ավելի ուշ կալանավորվել է: Մեքենայի ղեկին եղած երիտասարդ տղամարդու մոտ որեւէ փաստաթուղթ, այդ թվում՝ վարորդական իրավունք չի եղել: