Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելն աշխարհն իրար է խառնել

Հունիս 02,2010 00:00

\"\"ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Իսրայելից պահանջել է հետաքննել «Ազատության նավախմբի» հետ կապված միջադեպը: Ավելի վաղ նման կոչով Իսրայելին էր դիմել նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ պաշտպանության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը։ Նա, նաեւ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Չինաստանի ներկայացուցիչները Իսրայելին կոչ են արել ապաշրջափակել Գազայի հատվածն ու այդ տարածք տեղափոխվող մարդասիրական եւ առեւտրային բեռների համար ազատ մուտքի թույլտվություն տալ:

Հիշեցնենք, որ լույս երկուշաբթի գիշերը Իսրայելի ռազմանավերը զավթել էին Գազայի հատվածի համար նախատեսված 10 հազար տոննա մարդասիրական օգնությամբ եւ շինանյութով բեռնված վեց նավ: Միջադեպի արդյունքում 19 մարդ էր զոհվել, այդ թվում՝ թուրք եւ պաղեստինյան շարժման համակիր 9 նավաստի, մոտ 30-ը վիրավորվել էր:

Ինչպես երեկ փոխանցել է BBC-ն, Արաբական պետությունների լիգան հայտարարել է հունիսի 1-ին արտակարգ նստաշրջան հրավիրելու մասին: Այս կազմակերպությունը Իսրայելի գործողությունները որակել է «հրեշավոր հանցագործություն» եւ «ահաբեկչական ակտ»: Իսրայելի գործողությունները դատապարտել են նաեւ Թուրքիան, Եգիպտոսն ու Հորդանանը: «Hurriyet»-ի մատուցմամբ, հունիսի 1-ին, դեսպանների մակարդակով արտակարգ նստաշրջան է հրավիրել նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը: Իսրայելը պնդում է, թե տեղի ունեցածը «Ազատության նավախմբի» կողմից սադրանքի արդյունք է եղել, որ նա չի ենթարկվել իսրայելցի ծովայինների պահանջներին եւ առաջինն է նրանց վրա հարձակվել, մինչդեռ իսրայելցիները միայն ինքնապաշտպանվել են, ու արդյունքում նրանցից վեցը վիրավորվել է: Միջադեպի պատճառով Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն ընդհատել է Կանադա կատարած իր պաշտոնական այցն ու վերադարձել Իսրայել: Երեքշաբթի օրը նա հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Երկուշաբթի եւ երեքշաբթի աշխարհի բազմաթիվ քաղաքներում Իսրայելի գործողությունների դեմ բողոքի ցույցեր են անցկացվել: Այդուհանդերձ, երեկ Իսրայելի ռազմածովային ուժերի մի սպա հայտարարել է Գազայի հատվածի ուղղությամբ շարժվող եւս մեկ նավ զավթելու՝ Իսրայելի մտադրության մասին:

Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասը կատարվածը որակել է «սպանդ» եւ Արեւելյան ափի տարածքներում եռօրյա սուգ է հայտարարել, իսկ Իսրայելի բանակը բերվել է ռազմական բարձր աստիճանի պատրաստության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել