Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում գիտության արժեքը չեն հասկանում

Հունիս 02,2010 00:00

Կարծում են որոշ գիտնականներ

Հայաստանի բիոֆիզիկայի ասոցիացիայի նախագահ Ծովակ Ավագյանի համոզմամբ, Հայաստանում գիտությունը չի զարգանում, որովհետեւ գիտության արժեքը չեն հասկանում: «Առավոտի» հետ զրույցում նա մտաբերեց նախորդ տարի ԱՄՆ նախագահ Օբամայի՝ ամերիկյան գիտությունների ակադեմիայում ելույթը. «Ես խոստանում եմ, ամերիկացի ժողովուրդը սոված կմնա, բայց գիտնականները կունենան այն, ինչ ուզում են»: Պարոն Ավագյանի խոսքով, հարցն այն չէ, թե Հայաստանում չկան կարգին գիտնականներ, խնդիրն այլ տեղ է. «Չկա աջակցություն գիտնականին ու գիտական ոլորտին, այնպես չէ, որ գիտնականը ինքը ստեղծի ու վաճառի, ինչպես ասում էր մեր վարչապետը, այլ պետք է վաճառքը կատարի պետությունը: Իսրայելի օրինակով բացատրեմ, այնտեղ գիտնականներին հարցրին՝ ինչքա՞ն է ձեզ պետք՝ գիտությունը Իսրայելում բարձրացնելու համար, աջակցեցին, ու գիտնականները չխաբեցին իրենց պետությանը եւ վերադարձրին այն, ինչ պետությունը տվել էր: Մեր երկրում միայն խոսում են զարգացմանը խթանելու մասին, բայց որեւէ լուրջ քայլ կամ նախաձեռնություն չկա, մեր գիտությանը հատկացված գումարներով՝ ոլորտը չի կարող զարգանալ, այն էլ մեր օրերում»: Չնայած պարոն Ավագյանը լավատես է, բայց մոտ ապագայում ոլորտում զարգացումներ չի տեսնում: Ծ. Ավագյանը նաեւ արձանագրել է, որ վերջին 10 տարվա ընթացքում հայ գիտնականների մեծ արտահոսք կա դեպի արտասահման. «Դա չի նշանակում, որ գնացողները հայասեր չեն, շատ լավ էլ հայասեր են, բայց գիտնականը պետք է միշտ պրպտումների մեջ լինի, իսկ Հայաստանում հնարավորությունները սահմանափակ են, այն փողերը, որ դրվեցին շինարարության համար, կարելի էր դնել գիտության ու արտադրության մեջ: Թե չէ հարյուրավոր հսկա շենքեր սարքեցին, ու հիմա ձեռքները կրակն են ընկել, դրանք չեն վաճառվելու, մնալու են 100 տարի»: Գիտության զարգացման առանձնապես մեծ հեռանկարներ չի տեսնում նաեւ ամերիկաբնակ ֆիզիկոս Արթուր Սիմոնյանը: Նրա գնահատմամբ, Հայաստանում գիտությունը զարգացման բուռն փուլում էր խորհրդային տարիներին: Հետընթաց ապրած գիտության զարգացմանը խթանելու համար մենք դեռ պետք է հասնենք խորհրդային տարիների մակարդակին: «Ահագին կորուստներ ունեցանք, ինֆրաստրուկտուրան վերացավ, ֆինանսական աջակցությունը կորավ, մնում է հուսալ, որ մեր երկրում գիտությունը կկարողանա վերականգնվել, քանի որ ուրիշ ճար չունենք, գիտությունն այն ոլորտն է, որ երկիրը ներկայանալի է դարձնում աշխարհում, մեր հասարակությունը ե՞րբ պետք է հասկանա գիտության արժեքը»,- ասում է նա: Սիմոնյանի խոսքով, ինչպես հայ, այնպես էլ ամերիկացի երիտասարդներին գիտությամբ զբաղվելը չի հետաքրքրում, բայց Ամերիկայում երիտասարդներին հետաքրքրելու եւ ոլորտում ընդգրկելու համար պետությունը հատուկ միջոցառումներ է կազմակերպում. «Ես հույս ունեմ, Հայաստանում էլ երիտասարդներին կխրախուսեն»: Գերմանիայի Դորտմունդի համալսարանի պրոֆեսոր Ռոլանդ Ուինթերն էլ 5 տարի անց երկրորդ անգամ կրկին Հայաստան էր այցելել վերջերս: Մեզ հետ զրույցում նա նկատեց. «Հայ ուսանողների եւ գիտնականների մակարդակը բավականին բարձր է, բայց նրանք չունեն լայն հնարավորություններ արտասահմանցի գործընկերների հետ համագործակցելու, պետությունը պետք է ապահովի Հայաստան-արտերկիր կապուղին: Մեր համալսարաններում ռուս եւ այլազգի շատ ուսանողներ փոխանակման ծրագրերով գալիս են Գերմանիա՝ վերապատրաստման կամ մագիստրատուրայում ուսումը շարունակելու, բայց դեռեւս հայ ուսանողի չեմ տեսել, ինչը, իհարկե, կնպաստեր գիտության զարգացմանը Հայաստանում»:

ԱՄՆ-ի Ռատգերս համալսարանի պրոֆեսոր Յենս Ֆոլքների համար էլ «Հայաստանը ավանդույթների երկիր է ու իր ավանդույթները շարունակում է, հայկական գիտությունը խորհրդային տարիներին հիացնում էր: Այժմ էլ հայ գիտնականների քանակը Ամերիկայում եւ Եվրոպայում գնալով մեծանում է, նրանց գործունեությունն էլ հենց վկայում է, որ Հայաստանը ունի ոլորտի զարգացման ներուժ, միաժամանակ Հայաստանում գիտության ոլորտի գերխնդիրն այն է, որ դեռ ոլորտը շատ զարգացած չէ եւ պետությունը չի կարողանում անհրաժեշտ գումարներ տրամադրել գիտությանը, իսկ գիտությունը փող է պահանջում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել