Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԼԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՉԷԻՆ ԱՇԽԱՏՈՒՄ

Հունիս 02,2010 00:00

Տեխնիկական թերություններ՝ միասնական քննությունների առաջին օրը

\"\"
Դիմորդները ստորագրում են, որ թեստերի փաթեթները փակ են եղել:

Ծնողական դժգոհություններ, դիմորդների հուզված դեմքեր, պատասխանատուների հավաստիացումներ, թե այս տարի քննությունները օբյեկտիվ են լինելու… Երեկ այս տրամադրություններով մեկնարկեցին միասնական քննությունները: Երեւանի թիվ 20, 195 դպրոցներում ձեւավորված քննակենտրոններում 331 դիմորդ քննություն հանձնեց աշխարհագրություն, 513-ը՝ ընդհանուր պատմություն, 1766-ը՝ կենսաբանություն առարկաներից: ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանի փոխանցմամբ՝ անցյալ տարվա համեմատությամբ այս տարի դիմորդների թիվը նվազել է. անցյալ տարի շուրջ 19 հազար էր, այս տարի, ներառյալ ԼՂՀ դիմորդները՝ 17655:

Քննությունների առաջին իսկ օրը հայտնաբերվեցին տեխնիկական թերություններ: Օրինակ՝ թիվ 20 դպրոցի քննասենյակում հանկարծ զանգեց լրագրողներից մեկի հեռախոսը. սա փաստեց, որ խլացուցիչները լավ չեն գործում: Այս մասին Գ. Խաչատրյանն ասաց. «Տեխնիկան կատարյալ չէ, դրա համար էլ դիմորդներին խնդրում ենք հանձնել հեռախոսները, եւ կարծում, որ խլացուցիչները գուցեեւ «գործ չունենան» անելու»: Թիվ 20 դպրոցի քննակենտրոնի ղեկավար Վարդուհի Փիլիպոսյանն էլ նշեց, որ նշված քննակենտրոնում կենսաբանությունից քննություն է հանձնում 340 դիմորդ՝ ունեն 13 «բացակա»: Հասարակության մեջ տարածված այն կարծիքին, թե քննակենտրոնի ղեկավարները պատահական մարդիկ չեն, այլ հատուկ «առաքելություն» կատարողներ, տիկին Փիլիպոսյանն այսպես արձագանքեց. «Բոլորս էլ պատասխանատու ենք, որ քննասենյակում ամեն ինչ նորմալ լինի: Մեզ վրա ոչ մի ճնշում չի եղել, մեր բոլոր քայլերում ազատ ենք եւ կարող ենք անել այն, ինչ իրավասու ենք»:

«Առավոտի» հետ զրույցում ծնող Քնարիկ Հովսեփյանն ասաց. «Դժվար է դպրոցների տեղը գտնելը: Երեխաները ծանոթ չեն տարածքին, օրինակ՝ մենք եկել ենք Արեշից»: Ծնող Արմինե Հարությունյանն էլ նկատեց. «Թեստերի ձեւակերպումներն այնպիսին են, որ ստուգում են ոչ թե երեխայի իմացածը, այլ չիմացածը»:

ԳԹԿ տնօրենը պարզաբանեց. «Այսօր գործում է ընդամենը երկու քննակենտրոն, եւ ինչ էլ անեինք, չէինք կարող համաչափ բաշխել քննական կենտրոնները քաղաքով մեկ: Երբ հայոց լեզվի քննությանը գործի 39 քննակենտրոն, արդեն ամեն մեկն իր բնակավայրին համեմատաբար մոտ գտնվող տեղում կհանձնի քննություն»: «Առավոտի» տեղեկություններով՝ այս տարի բուհ ընդունվելն «արժե» $15-20 հազար: Այս մասին պարոն Խաչատրյանն ասաց. «Այդպիսի խոսակցություններ միշտ էլ լինում են. կարծում եմ, եթե սկսես պաշտպանվել, ապա կստացվի, որ ինչ-որ բան այն չէ: Ուստի ավելի լավ է դրա մասին ընդհանրապես չխոսենք»:

Թիվ 195 դպրոցում եւս չէին գործում խլացուցիչները: Ծնող Արմեն Հովակիմյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Երբ մոնիտորով հետեւում էի քննասենյակի մթնոլորտին, նկատեցի, որ երեխաներից մեկը մյուսներին հակառակ դիրքով է նստած: Սա ինչ-ինչ կասկածների տեղիք է տալիս»: Քննությունից դուրս եկած դիմորդ Արսենը «Առավոտին» ասաց. «Վատ չէր, գիտե՞ք, կարողանում էինք միմյանց օգնել»: Նարինե Գրիգորյանն էլ կենսաբանության թեստի մասին հայտնեց. «Խնդիրները դժվար էին: Մի մասը ծրագրային չէին»: Ըստ Երջանիկ Գալստյանի. «Կենսաբանության թեստը բավականին բարդ էր. այնպիսի կենդանիների անուններ էին գրված, որ չէի հասկանում»: Ծնող Մանուշակ Ալեքսանյանն էլ նկատեց. «Երկու տարի առաջ էլ դիմորդ երեխա ունեի, բայց այդ տարի պրոցեսն ավելի լավ էր կազմակերպված, քան այս տարի»:

Քննական գնահատականները, ըստ ԳԹԿ տնօրենի՝ կփակցվեն 1-2 օրից: Դրանից հետո մեկ օրվա ընթացքում դիմորդները կունենան բողոքարկելու հնարավորություն: Իսկ հաջորդ քննությունը՝ հայոց լեզու եւ գրականություն առարկայից, հունիսի 4-ին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել