Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանի տիկինը՝ Լիլիա Չանչուն, երեկ՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը այցելել է Գավառի մանկատուն:
Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ հյուրը շրջել է մանկատան տարածքում, ծանոթացել կառույցի ներքին կարգուկանոնին եւ կենցաղային պայմաններին: Երեխաները երգերով ու պարերով են ներկայացել դեսպանի տիկնոջը, իսկ հետո չինուհին եւ հայ երեխաները միասին հայկական քոչարի են պարել: Տիկին Չանչուն եղել է նաեւ Ալբանիայի, Հոլանդիայի, Բելգիայի մանկատներում, իսկ Գավառի մանկատանը հայտարարել է. «Ճիշտ է, այնտեղ մանկիկներն ավելի ապահովված են, բայց նրանք շատ տխուր են, նրանց հետ շփվել չի ստացվում, նրանց աչքերից արտասուքը կախված է, իսկ այստեղ մանկիկները ավելի պայծառ են, հեշտ է նրանց ժպիտ պարգեւել: Ես առաջին անգամ եմ Հայաստանում եւ չեմ կարող թաքցնել իմ հիացմունքը, ես հմայված եմ Հայաստանով: Ես խոսք եմ տալիս հաջորդ տարի եւս այցելել Գավառի մանկատուն եւ հուսով եմ, որ մանկատան հովանավորների ցուցակում իմ անունն էլ կավելանա»:
Չինաստանի դեսպանատան անունից տիկին Չանչուն մանկատանը նվիրել է գրքեր, համակարգիչ, միկրոալիքային վառարան, էլեկտրական թեյնիկներ, DVD նվագարկիչ, վավերագրական ֆիլմերի խտասկավառակներ եւ քաղցրավենիք: