Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բացվել է Քրիստոսից առաջ առաջին դարում Տիգրան Մեծի հիմնադրած Տիգրանակերտ քաղաքի թանգարանը: Հաղորդելով այս մասին, «Արմինֆո» գործակալությունը մեջբերում է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի խոսքը. «Թանգարանի բացմամբ եւս մեկ անգամ հաստատվում է պատմական ճշմարտությունը. Տիգրանակերտը մեր հայրենիքն է, ինչպես նաեւ՝ Վանը, Մուշը, Կարսը եւ Արդահանը»:
Սերգեյ Շահվերդյանը վստահ է, որ Տիգրանակերտը կդառնա հանրապետության խոշորագույն տուրիստական կենտրոններից մեկը: Թանգարանում ցուցադրված են պեղումների ընթացքում հայտնաբերված նյութեր: ՀՀ ԳԱԱ ազգագրության եւ հնագիտության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը տեղեկացրել է, որ հրատարակման է պատրաստվում թանգարանի նյութերի վերաբերյալ գիրք:
Հիշեցնենք, որ Տիգրանակերտի պեղումները նախաձեռնել էր հասարակական կազմակերպությունների «Երկիր» միությունը՝ 2005-2006 թվականներին: Վերջին տարիներին պեղումները ֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը: Տիգրանակերտը համարվում է նախաքրիստոնեական շրջանի խոշորագույն բնակավայրը Արցախի տարածքում, Հայկական բարձրավանդակում Տիգրան Մեծի հիմնադրած եւ նրա անունով կոչված չորս քաղաքներից մեկը: