Մեծ վարդապետի բացառիկ այս լուսանկարը, հենց Կոմիտասի մակագրությամբ, արդեն 44 տարի է, որպես սրբազան մասունք, իր ծոցատետրում պահում է Խորհրդային Հայաստանում Կիրովականի գործկոմի առաջին տեղակալ, ժողկրթության բաժնի վարիչ, Հայրենական մեծ պատերազմի եւ աշխատանքի վետերան՝ 78-ամյա Վլադիմիր Ավետիսյանը: Կոմիտասի լուսանկարը նրան է նվիրել Կիրովականի քիմիագործների մշակույթի պալատի դիմացի շենքում տեղակայված գրախանութի աշխատող տիկին Մարիամը:
Գրքասեր վետերանը, նախկին պաշտոնյան հարուստ գրադարան ունի, իր բոլոր գրքերը, ամսագրերն ու այլ հրատարակությունները գնում էր այդ գրախանութից: Թերեւս այդ էր պատճառը, որ նրան հարազատի նման էին ընդունում: 1966 թվականին, երբ լույս էր տեսել Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմը, Վլադիմիր Ավետիսյանն ավելի հաճախ էր մտնում գրախանութ, հետաքրքրվում էր՝ երբ կստանան Սեւակի եւ Շիրազի հատորները: Մի օր էլ գրքերը վերցրած, խանդավառված եւ անհամբեր գրախանութից դուրս չեկած՝ թերթում է, իր խոսքերով, շքեղ հրատարակությամբ գրքերը, երբ նրան է մոտենում տիկին Մարիամն ու ասում. «Դուք այդքան շատ եք սիրում Կոմիտասին, ես Ձեզ մի նվեր եմ տալու, որը աշխարհում միակն է ու ինձ մոտ է: Դա ոչ սովորական մի նվեր է: Կոմիտասն է ինձ տվել, իր ձեռքով մակագրված.
Կռունկ, ուստի կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռունկ, մեր աշխարհեն խաբրիկ մը չունի՞ս»:
Վլադիմիր Ավետիսյանը չի հիշում Մարիամի ազգանունը, բոլորը նրան տիկին Մարիամ էին ասում: Նա հայրենադարձ էր, Մեծ եղեռնից հրաշքով փրկվածներից մեկը:
1909 թվականին՝ Ադանայի հայկական ջարդերի ժամանակ բազմանդամ ընտանիքը, հարազատներն ու ազգականները մորթվել էին, մի օր հետո հարեւանները դիակների տակից ուշակորույս վիճակում գտել էին երեք տարեկան աղջնակին, հանձնել որբանոց, որտեղից նրան տեղափոխել են Կոստանդնուպոլիս: Մարիամը լավ ձայն ուներ ու դրա շնորհիվ ընդգրկվում է Կոմիտասի ղեկավարած երգչախմբում: Լինելով խմբի ամենափոքրիկ երգչուհին, արժանանում է Կոմիտասի ուշադրությանը եւ նրանից ստանում այն լուսանկարը, որը տասնյակ տարիներ անց ինքն է նվիրում Վլադիմիր Ավետիսյանին: