Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՀԱՆԴԻՊԵՆՔ ՎՃՌԱԲԵԿՈՒՄ

Հունիս 02,2010 00:00

Մայիսի 25-ին ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրում դատավոր Ա. Ալավերդյանը վճռել է մերժել «Առավոտի» եւ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ-ի հայցն ընդդեմ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի: Հիշեցնենք, որ «Առավոտը» 2009թ. օգոստոսի 19-ին էլեկտրոնային հարցում էր ուղարկել մարզպետարան եւ խնդրել տեղեկացնել, թե ինչ նպատակներով են ծախսվել ՀՀ պետական բյուջեից՝ «Այլ նպաստներ բյուջեից» տողով ստացված գումարները: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով այս տեղեկությունը տրամադրելու համար մարզպետարանը 5 օր ուներ, սակայն այդպես էլ չպատասխանեց:

Դատարանում մարզպետարանի ներկայացուցիչ Ալիկ Սահակյանը ընդունեց, որ իրենք մեր հարցումը ստացել են («Առավոտ», 13.03.2010՝ «Լոռու մարզպետարանը հարցումը ստացել է»): Դատարանը հայտարարեց, որ վճիռը կհրապարակվի ապրիլի 22-ին, սակայն վճռից մեկ օր առաջ՝ ապրիլի 21-ին մարզպետարանը մեզ ուղարկեց ակնկալած տեղեկությունը («Առավոտ», 23.04.2010՝ «Մարզպետարանը խորամանկո՞ւմ է»):

Դատարանի վճռում էլ է նշված, որ մարզպետարանը հարցումը ստացել է, սակայն հին հասցեներով, որոնք այդ պահին մարզպետարանի պաշտոնական հասցեները չէին: Դատարանը ընդունում է նաեւ, որ մենք այդ փոփոխության մասին կարող էինք տեղյակ չլինել: Նկատենք, որ «Առավոտը» հարցումը ուղարկել է այն էլեկտրոնային հասցեներով, որոնք այդ պահին տեղադրված էին Լոռու մարզպետարանի lori.region.am կայքում: Դատարանը արձանագրել է նաեւ, որ 19.08.09թ. ուղարկած մեր հարցմանը պատասխան ենք ստացել 21.04.2010թ.: Այսինքն՝ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետի փոխարեն՝ հարցումը ստանալուց 245 օր անց: Այսքանից հետո վարչական դատարանը որոշել է, որ հարցմանը չպատասխանելը չի կարող գնահատվել ոչ իրավաչափ:

«Առավոտը» եւ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ-ն վճիռը բողոքարկելու են վճռաբեկ դատարանում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել