ԴՐՎԱԳ-1
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում էր քննվում ԵԿՄ Էրեբունու բաժանմունքի նախագահ Մանվել Բատիկյանի, Արթուր Ներսիսյանի, Հակոբ Անդրեասյանի եւ Վարդան Խաչատրյանի նկատմամբ հարուցված բազմադրվագ քրեական գործը: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է հետեւյալը. 2008 թ. դեկտեմբերի կեսին Մանվել Բատիկյանը փաստաթղթեր կեղծելու, դրանք օգտագործելու միջոցով մոտ $1,5 մլն ընդհանուր արժողությամբ ուրիշի գույքի՝ Երեւանում գտնվող 7-8 բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու հարցում նախնական համաձայնության է եկել իր ծանոթ Նազիկ Խաչատրյանի հետ։
Ըստ հատուկ քննչական ծառայության ձեռք բերած ապացույցների, նա կազմակերպել է Երեւանի Նոր Նորք նոտարական տարածքի նոտարի կնիքի, ինքնասոսնձվող պաշտպանիչ պիտակների հափշտակությունը:
Սցենարն այսպիսին էր. 2008թ. դեկտեմբերի 28-ի՝ լույս 29-ի գիշերը Մ. Բատիկյանն իր ծանոթ Վարդան Խաչատրյանին ավտոմեքենայով տանում է Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի մոտ, մատնացույց անում շենքի 1-ին հարկում գտնվող «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Գայանե Ենգիբարյանի աշխատասենյակի պատուհանները: Բատիկյանը նրան տրամադրում է աքցան, դանակ, 2 լիտր տարողությամբ 2 պոլիէթիլենային շշերով բենզին՝ հանձնարարելով մուտք գործել նոտարի աշխատասենյակ, նոտարի աշխատասեղանի դարակներից (կամ երկաթյա պահարանից) հափշտակել նոտարի կնիքի ռետինե շերտն ու ինքնասոսնձվող պաշտպանիչ պիտակները, այնուհետեւ հրկիզել աշխատասենյակում գտնվող գույքը: Այդ «ստից» գործի դիմաց Բատիկյանը խոստանում է վճարել 50 հազար դրամ։
Վարդան Խաչատրյանը լծվում է «հույժ պատասխանատու» գործին: Նա աքցանով կտրում է «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Գ. Ենգիբարյանի աշխատասենյակի ճաղավանդակի ճաղերից մեկը, բացում պատուհանի փեղկը եւ մուտք գործում աշխատասենյակ, երկաթյա պահարանից հափշտակում նոտարի թիվ 83145593 ՀՀ զինանշանով կնիքի ռետինե շերտն ու թիվ 2686636-ից մինչեւ 2686946 հերթական համարների ինքնասոսնձվող պաշտպանիչ պիտակները, ապա բենզինով հրկիզելով աշխատասենյակը՝ Բատիկյանի հետ դեպքի վայրից դիմում է փախուստի։ Բատիկյանը կատարում է խոստումը՝ հանցակցին տալով 50000 դրամը։
ԴՐՎԱԳ-2
Նազիկ Խաչատրյանը «Գինդ» թերթից առանձնացնում է Երեւանում վարձով տրվող եւ վաճառվող բնակարանների վերաբերյալ հայտարարությունները եւ տեղեկացնում Բատիկյանին:
Նախ վերջինս վարձակալության պայմանագիր է կնքում Երեւանի Զաքիյան փողոցի 2-րդ շենքի 71-րդ բնակարանի սեփականատեր Նինել Միրզոյանի հետ, նրանից վերցնում նրա բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վկայականը։ Օգտագործելով Երեւանի Մալաթիա նոտարական տարածքի նոտար Սուրեն Գրիգորյանի կնիքն ու նոտար Գայանե Ենգիբարյանի աշխատասենյակից հափշտակված ինքնասոսնձվող պաշտպանիչ պիտակները, Բատիկյանն ու Խաչատրյանը 2008թ. դեկտեմբերի 30-ին իրավունք վերապահող կեղծ լիազորագիր են կազմում, համաձայն որի՝ Նինել Միրզոյանը լիազորել է Նազիկ Խաչատրյանին լինել իր ներկայացուցիչը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում, քաղաքապետարանում, պետական եւ ոչ պետական այլ մարմիններում, ստանալ վերոհիշյալ հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականը, իր փոխարեն տալ դիմումներ, հանձնել, ստանալ փաստաթղթեր, տեղեկանքներ, այդ թվում՝ անշարժ գույքի սահմանափակումների մասին միասնական տեղեկանք, ստորագրել առուվաճառքի պայմանագիր, ինչպես նաեւ կատարել տվյալ հանձնարարության հետ կապված այլ գործողություններ։
ԴՐՎԱԳ-3
Բատիկյան-Խաչատրյան երկյակի թիրախ է ընտրվում նաեւ Երեւանի Անդրանիկի փողոցի 75-րդ շենքի 42-րդ բնակարանի սեփականատեր Գնել Հովհաննիսյանը («Գինդ» թերթում հրապարակված հայտարարությունների միջոցով): Նախ՝ ծանոթանում եւ վարձակալության պայմանագիր են կնքում նշված բնակարանի սեփականատեր Գ. Հովհաննիսյանի հետ: Կեղծ լիազորագիրը Ն. Խաչատրյանը 2009թ. մարտի 23-ին ներկայացնում է կադաստրի պետական կոմիտեի «Շենգավիթ» տարածքային ստորաբաժանում եւ հաջորդ օրն իսկ ստանում Երեւանի Անդրանիկի փողոցի 75-րդ շենքի բն. 42 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականի կրկնօրինակը։ 2009թ. մարտի 30-ին Նազիկն արդեն 23 մլն դրամ արժողության տան սեփականատերն էր: Սակայն կարճ ժամանակով, քանի որ ապրիլի 4-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները բռնում են նրան:
ԴՐՎԱԳ-5
2009թ. օգոստոսի սկզբին Մանվել Բատիկյանի ծանոթ Հակոբ Անդրեասյանը նրան տեղեկացնում է, որ Ջրվեժ գյուղում միայնակ բնակվում է թանկարժեք հնաոճ իրերի առքուվաճառքով զբաղվող մի մեծահասակ տղամարդ, եւ առաջարկում է ավազակային հարձակմամբ հափշտակել վերջինիս գույքը։ Բատիկյանն ու Անդրեասյանը կատարվելիք ավազակային հարձակմանը ներգրավում են «թեթեւ քաշային» Արթուր Ներսիսյանին։ Վերջինս Հակոբ Անդրեասյանին պարտք էր 640 000 դրամ եւ համաձայնում է պարտքը մարել այդկերպ: 2009թ. օգոստոսի լույս 7-ի գիշերը, ժամը 00-ի սահմաններում, Մանվել Բատիկյանի «Լեքսուս» մակնիշի 16 ՍԼ 115 պետհամարանիշի ավտոմեքենայով հանցագործ «տրոյկան» գնում է Ջրվեժ գյուղ, որտեղ մեքենայի մեջ սպասել են մինչեւ ժամը 5.30-ը, ապա ոտքով գնացել նշված գյուղի 4-րդ փողոցի 10ա հասցեում գտնվող հնահավաք Մանվել Մարգարյանի տան մոտ։
Ըստ հատուկ քննչական ծառայության, Արթուր Ներսիսյանը դարպասի վրայով անցնում է հիշյալ տան բակ, բացում դարպասը, որից հետո Հակոբ Անդրեասյանն ու Մանվել Բատիկյանը նույնպես մտնում են բակ: Նրանք երեքով դիմակավորված էին, ունեին 1953թ. գործարանային արտադրության «թծ 79*» համարի 9մմ տրամաչափի «Մակարով» ատրճանակ, էլեկտրահարման սարք ու ձեռնաշղթա: Սպասում են մինչեւ Մանվել Մարգարյանի տնից դուրս գալը։ Երբ Մանվել Մարգարյանը դուրս է եկել տնից ու մտել խորդանոց, Բատիկյանը, Անդրեասյանն ու Ներսիսյանը մտել են խորդանոց, ապա՝ նաեւ տուն եւ հարձակվել Մ. Մարգարյանի վրա: Հ. Անդրեասյանը ձեռքով բռնել է Մարգարյանի կոկորդից եւ էլեկտրահարման սարքի գործադրմամբ հաղթահարել նրա դիմադրությունը, իսկ Ներսիսյանը ատրճանակի կոթով հարվածներ է հասցրել Մարգարյանի գլխին եւ դեմքին, ապա՝ կպչուն ժապավենով վերջինիս աթոռին կապելուց հետո, դեպքի վայրից վերցրած դանակով վնասվածքներ է հասցրել նրան: «Տրոյկան» հափշտակում է 6 154 970 դրամ արժողության գույք, այդ թվում՝ 47 970 դրամին համարժեք 130 դոլար եւ 7 000 դրամ, «MS» տառերի դաջվածքով 19-րդ դարի արտադրության մատանի, տեղական արտադրության հատուկ գծվածքով ոսկյա շղթա՝ 18-րդ դարի մեդալիոնով, ոսկյա ապարանջան, 1999թ. շվեյցարական արտադրության տղամարդու ձեռքի ժամացույց՝ ոսկյա հնաոճ շղթայով, 5 կտոր 1,5 կարատ չափերի անմշակ ալմաստե քարեր, 2 հատ ձեռքի համակարգիչ, «Մոտոռոլա» մակնիշի բջջային հեռախոս, պատյանով որսորդական դանակ՝ գրպանիկի մեջ փոքր դանակով, արծաթագույն պատյանով դանակի եւ լապտերի կոմպլեկտ, չինական արտադրության տարբեր տիպի ժամացույցների հավաքածու, սեւ պատյանով հեռադիտակ, ծովի մակերեւույթից բարձրությունը չափելու համար նախատեսված բարձրաչափ, 1815թ. տպագրության՝ արծաթե կազմով գիրք, սեւ կաշվե կազմով ավետարան, դեղին մետաղից կլոր զարդատուփ, զինվորական համազգեստով անձի քանդակ, գնդիկավոր եւ խաչով երկու հատ արծաթյա շղթա, ինչպես նաեւ խոշոր չափերի՝ 550 000 դրամ արժողության, 1954թ. գործարանային արտադրության «ՕՊ ՍԿՍ» տեսակի որսորդական ինքնալից կարաբին (օպտիկական նշանառության հարմարանքով), երկփողանի որսորդական կոմբինացված հրացան եւ ռազմամթերք հանդիսացող 17 հատ տարբեր տրամաչափի եւ նմուշի՝ գործարանային արտադրության որսորդական փամփուշտներ: