Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը փաստեր ունի՞

Հունիս 02,2010 00:00

Ավետարանական եկեղեցու առաջնորդը կառավարության՝ իրեն ուղղված մեղադրանքին ապացույցներ է պահանջում:

Պետեկամուտների կոմիտեն Ավետարանական եկեղեցուց մոտ $20-30 հազար մաքսատուրք է պահանջել՝ դեռեւս հունվար ամսին բարեգործական նպատակներով Հայաստան ներկրված բեռի համար: Մինչդեռ, ըստ օրենքի, բարեգործական բեռները ենթակա չեն հարկման, կամ առանձին դեպքերում արտոնություններ են սահմանվում: Ավետարանական եկեղեցու առաջնորդ Լեւոն Պարտագճյանի ներկայացմամբ, ՀՀ կառավարությունն իրենց բարեգործական ծրագիրը չեղյալ է համարել՝ հիմնավորելով, որ իրենց եկեղեցին բարեգործություն անվան տակ մարդորսությամբ է զբաղվում:

Երեկ «Առավոտը» ՀՀ կառավարությունից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են Ավետարանական եկեղեցու ծրագիրը համարել ոչ բարեգործական:

Մեր հարցմանն ի պատասխան, ՀՀ կառավարությունն ուղարկեց Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանի գրավոր պատասխանը: Հանձնաժողովը պարզել է, որ եկեղեցին բարեգործության անվան տակ ներկրած նվերները շահառուներին տրամադրել է որոշակի գումարի դիմաց՝ պատճառաբանելով, որ այդպես ճանապարհածախսի գումարն է «հանում»: Ըստ կառավարության. «Ծրագրի բարեգործական չորակման պատճառը մեկ աբեղայի նամակը կամ հանձնաժողովի նախագահի ու հանձնաժողովի մեկ անդամի դրդումը չէր, այլ կազմակերպության եւ նրա ղեկավարի կողմից ներկայացված իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները, որոնք պարզ դարձան քննարկման ընթացքում: Կազմակերպության ղեկավարը պնդում էր, որ նվերները շահառուներին հանձնվում են անհատույց, եւ թաքցվել էր այն հանգամանքը, որ կազմակերպությունը գումարներ է գանձում ստացողներից՝ պատճառաբանելով դրանք որպես բեռների տեղափոխման եւ կազմակերպչական ծախսեր: Ծրագրի որակման եւ հարակից գործարքների վերաբերյալ հայտը կարող է մերժվել, եթե՝ հայտում եւ կից փաստաթղթերում ներկայացված տվյալներն ու տեղեկությունները չեն համապատասխանում ՀՀ կառավարության 66-Ն որոշման որոշ կետերի: Քննարկման արդյունքում աննպատակահարմար է դիտվում տվյալ ծրագրի որակումը կամ հարակից գործարքներին հարկային արտոնությունների տրամադրումը: Հանձնաժողովը միաձայն որոշեց մերժել ներկայացված ծրագրի բարեգործական որակումը»:

Այս առնչությամբ հ/կ-ի նախագահ Լեւոն Պարտագճյանն «Առավոտին» պարզաբանեց. «Իմ կարծիքով, կառավարության կողմից այդ մերժումն անհիմն է: Նրանց նպատակն է՝ ծրագիրը մեզանից զավթել եւ մեկ ուրիշին տալ, կամ Առաքելական եկեղեցուն, կամ այլ անձանց: Որովհետեւ Էջմիածնում տեղի ունեցած «կլոր սեղանի» ժամանակ մեր նույն ծրագիրը հաստատվել է: Ինչ վերաբերում է նրան, թե մենք նվերների դիմաց գումար ենք վերցնում, ասեմ, որ դա 100%-անոց սուտ եւ սխալ տեղեկություն է: Մենք պայմանագրեր ենք կնքում շահառուների հետ, որտեղ նշված է, որ տրանսպորտային եւ պահեստային ծախսերը կատարվում են կազմակերպության հաշվին: Երեխաներից ու շահառուներից արգելվում է գումար վերցնել: Թող ապացուցեն, որ Լեւոն Պարտագճյանը նվերների դիմաց գումար է վերցրել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել