ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
Մասնագետի գնահատմամբ՝ ՀՀ երեք նախագահներից ամենալավ PR-ը նրանն է
«Եթե երկրի նախագահը չգիտի՝ որտեղ ինչ հագնի, իրեն ինչպես պահի, ինչ խոսի ու երբ լռի՝ գոնե պետք է իր կողքին մարդիկ պահի, ովքեր նրան ճիշտ խորհուրդներ կտան ու տեղյակ կպահեն այդ նրբությունների մասին: Հասարակական կարծիքը շատ լուրջ, կարեւոր ու ազդեցիկ լծակ է բոլոր ժամանակներում ու բոլոր երկրներում: Ստալինն անգամ գիտակցում էր PR մասնագետների անհրաժեշտությունը եւ իր կողքին 4-5 նման խորհրդատու էր պահում, որ իրեն ուղղություն ցույց տան: Մինչդեռ մեր քաղաքական գործիչները, ՀՀ նախագահը իրենց խոսելու ու ժեստերի վրա բացարձակ ուշադրություն չեն դարձնում: Խնդիրը Ստեֆանո Ռիչիից հագուստ գնելու մեջ չէ, կարելի է այդքան թանկ չհագնվել, բայց ավելի ճիշտ տպավորություն թողնել»,- «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» նախագահ Հայկ Կիրակոսյանը: Նրա խոսքերով՝ մենք քաղաքական գործիչներ ունենք, որոնք իրենց մազերի կտրվածքով «ծիծաղելի» ասոցիացիաներ են առաջացնում. «Ունենք պատգամավորներ, որոնք կրկեսային կերպարների են նման: Այդ է պատճառը, որ երբեմն ԱԺ քննարկումները ժամանցային հաղորդում են հիշեցնում»: Համեմատելով ՀՀ 3 նախագահների PR արշավները՝ մասնագետը վստահեցրեց, որ այդ դաշտում ամենաթույլը ներկայիս նախագահն է՝ Սերժ Սարգսյանը. «Նա ավելի դիվանագետ է՝ լիդեր լինելու փոխարեն: Մինչդեռ երբեմն երկրի ղեկավարին պետք է պակաս դիվանագետ լինել, կոշիկը հանել, սեղանին խփել կամ մատը թափ տալ: Հենց դա է Պուտինի կամ Մեդվեդեւի՝ որպես լիդերի հաջողության գաղտնիքը: Օրինակ, Պուտինը, կառավարության քննարկումներից մեկի ժամանակ, ելույթի կեսից միկրոֆոնը կտկտացրեց եւ խիստ նկատողություն արեց երկու նախարարների, որոնք իր խոսելու ժամանակ զրուցում էին: Նա կտրուկ ասաց՝ երբ ե՛ս եմ խոսում, պետք է լսել, եթե ոչ՝ դուրս եկեք: Ս. Սարգսյանը նման բան չէր անի: Իմ կարծիքով, Սերժ Սարգսյանից հետո Ռոբերտ Քոչարյանի համար հեշտ կլինի վերադառնալ քաղաքականություն: Այսօր այնքան ընկած է նախագահի իմիջը, որ հասարակությունն ավելի շատ կուզենա Լեւոն Տեր-Պետրոսյանին կամ Քոչարյանին տեսնել այդ պաշտոնում, քան՝ Ս. Սարգսյանին: Քոչարյանը հիմա կարող է առանց Սերժ Սարգսյանի դեմ սեւ PR անելու՝ հանգիստ դառնալ նախագահ: Միայն պետք է ճիշտ նախընտրական ծրագիր ունենալ, այն շարքային հնարքները՝ ալյուր, պեսոկ կամ 5000 դրամ բաժանելը կամ մանկատներում պարսկական խաղալիքներ նվիրելը՝ միանշանակ չեն գործելու: Քոչարյանին ճիշտ կլինի գալ ու միանգամից բռնել այսօրվա ակտուալ ու չլուծված խնդիրների պոչից: Ղարաբաղ, հայ-թուրքական սահման, ցույց տալ, որ ավելի կտրուկ որոշումներ կարող է կայացնել, քան հիմա պատրաստ է Սերժ Սարգսյանը: Հնարավոր է, որ կարգախոսը լինի այսպիսին՝ ես զղջում եմ, որ իմ դիրքերը զիջել եմ Սերժ Սարգսյանին»:
Հ. Կիրակոսյանը համոզված է, որ PR-ի մեծ վարպետ է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա իր ամբողջ նախընտրական ծրագիրը կառուցեց այս նախադասության վրա՝ «Ես սրանց բերել եմ՝ ես էլ կմաքրեմ»: Ըստ մասնագետի, դա բավական կտրուկ էր ու ճիշտ մտածված. «Սկզբում այն մարդիկ, ովքեր մարտի 1-ին պետք է կանգնած լինեին նրա կողքին, ասում էին՝ մենք չենք մոռացել էն մութ ու ցուրտ տարիները, սակայն 3-4 ամիս անց մարդիկ ոչ միայն մոռացել էին, այլեւ երդվում էին, որ նման բան չի եղել: Չեմ կարծում, որ Տեր-Պետրոսյանը մասսայական հիպնոսի սեանսներ է անցկացրել, ուղղակի բավականին հաջող քաղաքական տեխնոլոգիաներ էին կիրառվել ու հմուտ PR էր արվել: Լեւոն Տեր-Պետրոսյանը պինդ մասնագետ է, պինդ քաղաքական գործիչ, ուրիշ հարց է, թե ով երկիրն ուր կտանի»: Հարցին, թե համեմատական կարգով 3 նախագահներից ո՞վ է ամենալիդերը՝ Հ. Կիրակոսյանը պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը չեմ ասի, թե Ֆիդել Կաստրո է, Հիտլեր կամ Ստալին, բայց խարիզմատիկ լիդերի որոշակի հատկանիշներ ունի, երկրորդ տեղում է Ռոբերտ Քոչարյանը, նրա մեջ լիդերին բնորոշ ավելի կամային հատկանիշներ եմ տեսնում, քան ներկայիս նախագահի՝ առանց նրան վարկաբեկելու»:
Ընդհանրապես մեր երկրում ոչ մի պետական օղակում PR-ին մեծ տեղ չեն տալիս. «Ցանկացած նորմալ երկրում մինչ որոշում կայացնելը արդեն կառավարությունը զբաղվում է այդ որոշման PR-ով, իսկ մեր երկրում որոշումն ընդունվում է, ժողովուրդը ոտքի է կանգնում, ցույցեր, հացադուլ, գործադուլ, մեկը կառավարության մոտ իրեն հրկիզում է՝ նոր սկսում են հանգստացնել, մարդկանց բացատրել, որ այդ որոշումն այնքան էլ վատը չէ»:
Այսօր շատ պետական հիմնարկներ կան, որոնք հազիվ ու անիմաստ գոյատեւում են ու հոգս դառնում պետբյուջեի համար: Կառավարությունը նման հիմնարկներից ազատվելու համար մասնավորեցման է գնում ու ոչ մի «խեր» չի ստանում: Մասնագետը համոզված է, որ կարելի է մի փոքր գումար ծախսել, լավ PR անել ու ցանկացած մեռած կառույց վերակենդանացնել. «Այսօր մեր կրկեսը շատ ծանր վիճակում է, ու ոչ մի քայլ չի ձեռնարկվում: Ռուսական կրկեսն էլ ուներ ֆինանսավորման, կենդանիներին կերակրելու եւ վերանորոգվելու խնդիր: Բայց կազմակերպիչները դիմեցին անհատ PR-շչիկի օգնությանն ու հարցն արագ լուծեցին: Հայկական տարբերակում կրկեսի աշխատակիցները բողոքով կդիմեին կառավարությանն ու ԱԺ-ին, մինչդեռ պետական ֆինանսավորումից կտրված ռուսական կրկեսը որոշեց գործադուլ եւ հացադուլ կազմակերպել կենդանիների միջոցով. կանչեցին լրատվամիջոցների ու կրկեսի առաջ կանգնեցրին մարզված կապիկների, որոնց ձեռքին պաստառ էր՝ «Մենք սոված ենք, խնդրում ենք մեզ կերակրել», վարժեցված շների պաստառի վրա գրված էր՝ «Մենք բույն չունենք», խոսող թութակները նույնը լրագրողներին ասացին, մեծ աղմուկ բարձրացավ, ու կրկեսը հասավ իր նպատակին»:
Հ. Կիրակոսյանը մտահոգություն հայտնեց, որ այսօր Հայաստանում, կրկեսից բացի, էլի շատ կառույցներ կան, որոնք համարյա մեռած են ու PR-ի խիստ կարիք ունեն: Օրինակ՝ Բուսաբանական այգին. «Մարդիկ որքան էլ վատ վիճակում լինեն, մեկ-մեկ իրենց երեխաներին Կենդանաբանական այգի տանում են, բայց Բուսաբանական այգու նկատմամբ հետաքրքրությունը լրիվ մարել է ու պետք է ինչ-որ կերպ այդ հետաքրքրությունը շարժել: Կարելի է, օրինակ, սիրահարներին հնարավորություն տալ, որ Բուսաբանական այգում «Սիրո ծառ» տնկեն: Թող տնկիների համար 3000 դրամ վճարեն, իրենց անվանական ծառը տնկեն ու վրան փորագրեն թեկուզ Ա+Գ= ՍԵՐ, կամ իրենց անունները, հետո ցանկացած սիրող զույգ իր երեխաների հետ անընդհատ կգնա այգի, կխնամի իր ծառը, եւ Բուսաբանական այգին չի մեռնի: Այգում ահագին ամայի գոտիներ կան, հնարավորություն կլինի նույնիսկ բարեգործություններ անելու»: