Լրահոս
Օրվա լրահոսը

Ինֆլյացիան զոռով կզսպեն

Հունիս 02,2010 00:00

2010 թվականին ՀՀ Կենտրոնական բանկն ստիպված է խստացնել դրամավարկային քաղաքականությունը՝ ինֆլյացիան զսպելու նպատակով, ըստ «Արմինֆոյի»՝ երեկ հայ ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, ինֆլյացիայի զսպումն այս տարի հանդիսանում է իշխանությունների կարեւորագույն խնդիրներից մեկը: Սպասվում է, որ 2010 թ. ՀՀ տնտեսությունն արագորեն կաճի անցյալ տարի տեղի ունեցած կտրուկ անկումից հետո, ինչը լրացուցիչ ինֆլյացիոն ճնշումներ կառաջացնի, ասել է վարչապետը: Նա նշել է, որ 2009-ին ՀՆԱ 14.2% անկումից հետո 2010 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՆԱ-ն աճել է 7.2%: Առաջին եռամսյակում տարվա կտրվածքով այն կազմել է մոտ 9%, ավելացրել է նա: (2010թ.հունվար-ապրիլ ամիսներին ինֆլյացիան կազմել է 8.4%, իսկ 2010թ. մայիսին, 2009թ. մայիսի համեմատ, կազմել է 6.3%. խմբ.): Վարչապետը նշել է, որ 8-9% տարեկան ինֆլյացիան, Հայաստանի համար, երբ ճգնաժամից առաջ այն չէր անցնում տարեկան 3%-ից, շատ մեծ ցուցանիշ է: «Այսօր մենք փոխել ենք դրամավարկային քաղաքականությունը, եւ այն ավելի զսպված է: Փորձագիտական գնահատականները վկայում են, որ մինչեւ տարեվերջ ինֆլյացիոն ճնշումները կնվազեն»,- նշել է վարչապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել