Եվրագոտու մեջ մտնող 16 երկրներում գործազրկության մակարդակը ապրիլին հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ 10,1%-ի, այսինքն՝ աշխատանք չունի մոտ 16 մլն մարդ։ Ինչպես տեղեկացնում է tert.am—ը, վկայակոչելով AFP-ին, համաեվրոպական արժույթի շրջանառության գոտում գործազրկությունը, որն աճել էր մարտին, 2010թ. ապրիլին հասել է եվրոյի ստեղծումից ի վեր (1999թ.) ամենաբարձր մակարդակին՝ 10,1 տոկոս։ Եվրամիությունում (27 երկիր) առանց աշխատանքի է մնացել մոտ 23,3 մլն մարդ, ինչը 2,4 մլն-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։ Միայն Գերմանիայում, որի տնտեսությունը Եվրոպայում խոշորագույնն է, գործազրկության ցուցանիշը տարեկան արտահայտությամբ կրճատվել է՝ 7,6-ից հասնելով 7,1 տոկոսի։ Համեմատության համար նշենք, որ մարտ ամսվա դրությամբ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կազմում է 9,9 տոկոս, Ճապոնիայում՝ 5 տոկոս։ Այս մասին հայտնում է AFP-ն։