Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՌՆԱՁՈՐՈՒՄ ԽՈՒՃԱՊ Է

Հունիս 02,2010 00:00

Ուրանի հանքի շահագործումը վնաս է առողջությանը, էկոլոգիային ու շրջապատին

\"\"
Լեռնաձորի այս հրաշք բնության մեջ է թաքնված ուրանի չարաբաստիկ հանքը:

\"\"
Լեռնաձորցիները կտրականապես դեմ են ուրանի հանքերի շահագործմանը:

«Ով որ ուրանի հանքը բացում է, թող գա իր ընտանիքով, թոռներով ապրի, օֆիսը դնի մեր գյուղում, եթե ոչ՝ ղափանցու ասած՝ կարկաժը մեջան էրկու եմ անելու, եթե հանկարծ երեւան մեր կողմերում, վատ բան ա ըլնելու»,- «Առավոտի» հետ զրույցում այսպես մեկնաբանեց վերջերս լայն քննարկման առարկա դարձած ուրանի հանքի շահագործման հետ կապված հարցը 1983 թվականից Լեռնաձոր գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Ռոբերտ Գրիգորյան-Էջանանցին: Ապա մեզ խորհուրդ տվեց. «Մի քիչ երգիծանքով գրի, բա մե՞ղք չեն թուրքերը, ադրբեջանցիները՝ էս ձորը մխտռում են»: Տնօրենը մտահոգված է՝ այս տարվա սեպտեմբերի 1-ից գյուղում առաջին դասարան չի լինելու. լեռնաձորցիները խուճապի մեջ են: Դպրոցն իր պատմության մեջ մինչեւ 230-ի հասնող աշակերտների թիվ է ունեցել, այս տարի ընդարձակ տարածք զբաղեցնող դպրոցում ընդամենը 44 երեխա է սովորում: Չնայած սրան, գյուղացիները վստահեցնում էին, որ իրենց գյուղից արտագաղթ չկա, քանի որ բնակիչները աշխատում են Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում: Այլ հարց է, որ երիտասարդները մեկնում են Հայաստանի այլ քաղաքներ սովորելու ու էլ ետ չեն գալիս: Լեռնաձորում մեզ հիմնականում տատիկներ ու պապիկներ հանդիպեցին: Առաջին անգամ Լեռնաձոր այցելողի համար աննկատ չի կարող մնալ գյուղի դպրոցի պատին փակցված հուշատախտակը, որը տեղեկացնում է՝ 408 թվականին այդ վայրով է անցել Մեսրոպ Մաշտոցը: Դպրոցից վերեւ գյուղապետարանի խոնավացած շենքն է, որի ժանգոտ ջրհորդանն այլեւս իր նպատակին չի ծառայում:

Հիշեցնենք, որ Կապանի տարածաշրջանային հիմնադրամը եւ «Ազատամարտ» կոմիտեն Լեռնաձոր համայնքի տարածքում հետախուզական աշխատանքները եւ հնարավոր շահագործումը դադարեցնելու համար ստորագրահավաք են անցկացնում, բայց գյուղացիներն այդ ստորագրահավաքի մասին միայն լսել են: «Մեզ դեռ ցուցակ չեն արել, որ ժողովուրդը ստորագրի: Մի թափից չեն անում, ստորագրենք, ազատվենք: Սաղ ժողովուրդը շահագրգռված ա, որ ստեղի հանքը չբացվի, եթե հանքը բացեն, մարդիկ լրիվ քաղցկեղից կկոտորվեն»,- «Առավոտին» ասաց Քաջարանի կոմբինատում երկար տարիներ զոդող աշխատած լեռնաձորցի 78-ամյա Ռաֆիկ Տիգրանի Ավետիսյանը: Սյունիքի մարզպետի կարծիքին ի պատասխան, թե հանքաքարը տեղում չի վերամշակվելու, Ռ. Ավետիսյանն ասաց. «Ժողովուրդը սխալ բան չի ասում: Հանքը որ տան, վերամշակելը որտեղ ուզում ա՝ վերամշակվի, էն թափոնը, որի մեջ քիչ ա պարունակում ուրանը, որտե՞ղ ա թափելու, էդ է՞լ պիտի տանի ուրիշ տեղ: Ասենք, էդ էլ տարավ, նույն ապարի միջից ճառագայթված ջուրը դուրս ա գալիս, խառնվում ա գետին, մի 300 կմ-ի վրա ժողովուրդը ապրում է, էդ ջրով բոստաններն է ջրում, անասուններն են ջուր խմում, ի՞նչ ա դառնալու դրա վերջը: Պարոն Խաչատրյանը գորիսեցի ա, թեկուզ մարզպետ ա, էգուց էս հանքը որ բացեն, կարող ա մարզպետարանը տեղափոխի Գորիս, ինքը պրծնի, բա ժողովո՞ւրդն ինչ անի: Եթե ուրանը շահագործեն, մարդ չի մնա: Մեկ էլ, եթե հանդիպելու ես էդ Խաչատրյանին, ասա, որ էդ հանքը շահագործես, տանես, ուրանը ուրիշ տեղ մշակես, էն թափոնը, ջուրը ի՞նչ ես անելու»։ Հաճախ շահարկվող հարցը, թե ուրանի շահագործմամբ աշխատատեղեր կստեղծվեն, գյուղացիներն անհեթեթ են համարում՝ միակարծիք պատասխանելով. «Մեզ նման աշխատանք պետք չի»: 78-ամյա Ռ. Ավետիսյանը նեղսրտած է. «Չեմ ուզում գնալ գյուղից, 78 տարեկան հասակում գնամ ուրիշ տե՞ղ բնակվեմ: Լյուբոյ մարդ էլ իրա ծննդավայրը, ինչքան էլ դառնությամբ լինես ապրած, էլի կարոտում ես: Ուզում են էն վերադասը գրպանները հարստացնեն, ինձ նմաններին էլ սպանեն»:

63-ամյա Նորիցա տատն էլ ասում է. «Էս գյուղում ծնվել եմ, մեծացել, ամուսնացել, երեխաներ, թոռներ, ծոռներ ունեմ, ո՞նց կարելի ա դա մի թափից զրոյի հավասարեցնել»: Գյուղի տարեցները լավ հիշում են, թե ինչպես 70-ականներին ամբողջ բրիգադ՝ 14 հոգի, հետազոտությունների ժամանակ մահացավ: «Եթե հետազոտման ժամանակ էդքան մարդ զոհվել ա, բա շահագործումի՞ց ինչ կլինի: Մեկ Խաչատրյանով կարելի՞ ա ամբողջ ժողովրդի ճակատագրի հետ խաղալ: Գիտեն Զանգեզուրը սուսիկ-փուսիկ ա, ինչ ուզում՝ անում են, կարելի՞ ա էդ աստիճանի հասցնել»: Էմմա տատիկն էլ ավելացնում է. «Մարզպետն իրա կաշին փրկելու համար, որպեսզի իրան պաշտոնից չհանին, դրա համար ասում ա՝ վնաս չի, մի գողական մարզպետ ա, հո ամեն ինչն էլ գիդմ ենք, թո մարզպետը կյա, ես իրան ասեմ»: Նրան հանդիմանում է ամուսինը՝ «Սուս արա, քեզ կպռնին, կտանին»: Տիկին Էմման էլ, թե՝ «Լավ եմ անում՝ ասում եմ, թող կիրի: Ի՞նչ պիտի անի, կարծես թե պաշտոնից հանելու ա: Մարզպետը դրա համար մեր գյուղսովետի նախագահին էլա անցյալ տարի ծեծած: Էն էլ իրա պաշտոնից ա վախում, որ հանեն»: 71-ամյա Ծաղիկ տատն էլ ասում է. «Ուրանը որ բացին, ստեղ կարելի՞ ա մնացած: Բա մենք հո՞ւնց ինք մնալու ստեղ, թող ինձ տեղավորին, ուզում են՝ ուրանի հանք բացին, հինչ ուզում են, թող անին: Մեր գյուղում հի՞նչ կա, է, որ չհեռանանք, բա էդ ուրանը որ բացին, լոբի ցանինք ոչ, կարտոշկա ցանինք ոչ, կով չենք պահում, ընչիսա պետք գյուղը, թող տուն տան, տունն ալ քանդին, դոմիկն ալ, ուրանն ալ»:

Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Միակ հանրահավաքը, որին ես պատրաստ եմ մասնակցելու առաջին շարքում՝ բնապահպանությունն է: Եթե ուրանի հանքերը բացվեցին, հաստատ բնակչությունը հեռանալու է, խուճապ կա»:

«Խուստուփ» բնապահպանական հ/կ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը եւս դեմ է հանքի շահագործմանը: Ի տարբերություն ակադեմիկոս Սերգեյ Գրիգորյանի կարծիքի, թե՝ «Բացի բուտերբրոտից, ամեն ինչ ուրանի հետ կարելի է անել», Վ. Մարտիրոսյանն ասում է. «6-7-րդ դասարանի ֆիզիկա իմացողը կասի, որ դա վնաս է առողջությանը, էկոլոգիային, շրջապատին: Եթե հանքը շահագործվեց, ցանկացած լեռնային փորվածքների անցման դեպքում հասցվում է ստորերկրյա ջրերի շերտեր: Այդ ջրերը ռադիոակտիվացված են լինելու, քանի որ գտնվում են Ողջի գետի վերին հոսանքում, ապականելու են ամբողջ գետը, որն անցնում է Կապանի միջով եւ այլն: Այսպիսի փոքր պետության մեջ չի կարելի ուրան շահագործել: Համաշխարհային փորձը ուսումնասիրելով՝ ուրան պետք չէ շահագործել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել