Արամ Գասպարիչը՝ մեր օլիգարխների, ձախ դաշտի համախմբման եւ 2012-ի ընտրությունների մասին
Մի քանի ամիս առաջ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ իր ղեկավարած կուսակցությունը նախաձեռնում է ձախ դաշտի՝ սոցիալ-դեմոկրատական ուժերի համախմբման գործընթաց: Թե ինչ առաջընթացներ եւ ձեռքբերումներ կան այս ուղղությամբ՝ երեկ «Առավոտի» հետ զրույցում Դեմկուսի նախագահն ասաց, որ քաղաքական խորհրդակցություններ եղել են: Թե որ ուժերի հետ՝ առայժմ ձեռնպահ մնաց մանրամասնել: Նկատելի արդյունքներ դեռ չկան, սակայն Արամ Գասպարիչը հուսահատված չէ եւ կարծում է, որ միավորումը եւ ինքնաբավ ուժ լինելը պարզապես պարտադիր պայման են, այլապես՝ ձախերը 2012-ի ընտրություններին անելու բան չեն ունենա: Առաջին դիտարկումը, որ անում է մեր զրուցակիցը՝ հետեւյալն է. «Այդ ուժերն այսօր թվով շատ են, բայց կշռով՝ փոքր: Միավորվելու ուղղությամբ բոլորն էլ մտածում են, բայց միավորումը պետք է այնպիսին լինի, որ դառնա որակական նոր միավոր, որն էլ պետք է իր լոկոմոտիվն ունենա»: Մեր զրուցակցի բնութագրմամբ՝ «ներկայիս աննորմալ» իրավիճակում, երբ քաղաքական դաշտում տիրում են ոչ թե գաղափարախոսությունն ու ծրագիրը, այլ փողն ու ադմինիստրատիվ ռեսուրսը, շատ բարդ է մարդկանց համոզել, որ միայն միավորվելով արդեն իսկ կարելի է հակակշիռ դառնալ: Եվ եթե իշխանությունն ինքն առաջին հերթին չցանկանա եւ չնախաձեռնի այս իրավիճակի փոփոխություն, չստեղծի գաղափարական մրցակցային դաշտ՝ Արամ Գասպարիչը կանխատեսում է նախեւառաջ հենց իշխանության վախճան, քանի որ մեր նորագույն պատմության շրջանում բազմաթիվ են «գործարանով կուսակցությանն անդամագրվելու» եւ առաջին իսկ պատեհ առիթով առնետավազքի դիմելու դեպքերը: Նաեւ ցավում է, որ ձախ ուժերը նորից չեն կարողանա գալիք խորհրդարանում իրենց խոսքն ասել: Որ Հայաստանում սոցիալիստամետ ուժերի էլեկտորատը մեծ է, նա համոզվել է հանդիպումների արդյունքում, բայց քանի որ ադմինիստրատիվ ռեսուրսը եւ փողն իրենց գործն անում են հայկական ընտրություններում, մեր զրուցակիցը դժվարանում է ասել, թե հատկապես որքա՞ն է իրենց էլեկտորատը: Սակայն հարգանքը, որը ժողովուրդը տածում է իրենց նկատմամբ, արդեն ոչինչ չի տալիս, ուստի անկեղծորեն եւ հստակ հայտարարում է. «Շատ լուրջ պատրաստվելու ենք 2012-ի ընտրություններին: Շատ ավելի չար պայքար ենք տանելու, բացահայտելու ենք այն ամեն նեգատիվը, ինչ որ կա՝ շատ ավելի բաց ձեւով եւ երեւույթները ներկայացնելով, եւ անունները տալով, եւ հեռանկարը ցույց տալով»: Խոսքը օլիգարխիկ-նեոլիբերալ համակարգից ազատվելու մասին է: Քանի որ նամուսի մասին խոսակցությունները մեր օլիգարխներին չեն հուզում, ավելին, Գասպարիչի կարծիքով՝ «Վասյա կատվի նման լսում եւ ուտում են», ապա մեր զրուցակցի պատկերացմամբ՝ դա պետք է անել բնակչության մեջ հոգեբանական բեկում մտցնելով, ընտրողի մոտ կամք առաջացնելով, ինչի արդյունքում մարդիկ ի վերջո կհասկանան, որ ադմինիստրատիվ ռեսուրսին եւ փողին ենթարկվելով՝ էլ ավելի են վատացնելու իրենց իսկ վիճակը: Նկատեցինք, որ այդ գործի համար էլ ֆինանսներ են անհրաժեշտ: Գասպարիչը ասաց, որ այդ հարցը կկարգավորեն կուսակցականների ռեսուրսներով, ինչպես անցած տարիներին. «Ոչ մի օտար կամ ներսի ուժի վրա հույս չենք դնելու եւ այդպիսի պայքար մղելու համար անհրաժեշտ նվազագույնը կապահովենք: Մենք մեծ գումարների կարիք չունենք, որ ճեղքեր փակենք կամ հեղինակություն գնենք, մեզ գումար պետք է ընդամենը մեր խոսքը մարդկանց հասցնելու համար»: «Առավոտի» հարցին՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի ֆինանսական միջոցներն է՞լ չեն ներգրավելու, պատասխանեց. «Արա Աբրահամյանի հետ ես աշխատում եմ՝ որպես Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահի առաջին տեղակալ, քաղաքական խնդիրների հետ կապված՝ մենք որեւէ պայմանավորվածություն չենք ունեցել. դրա մասին միմյանց հետ անգամ չենք էլ խոսում»:
Իսկ արդյոք ամբիցիաները չե՞ն խանգարում դաշտի միավորման համար: Արամ Գասպարիչը կարծում է, որ նման խնդիր թերեւս չկա, քանզի լիդերին ընտրում են, ոչ թե արհեստական ստեղծվում է: Ինչ վերաբերում է կոմկուսին՝ «Կոմկուսն իր անվանն ուզում է հավատարիմ լինել այն առումով, որ ոչ ոքի հետ չի ցանկանում իր նիշը կիսել: Իրենց խնդիրն է»: Իսկ Աշոտ Մանուչարյանի նախաձեռնությամբ ժամանակին ստեղծված եւ գործող սոցիալիստամետ ուժերի միավորման վերակենդանացմանը մեր զրուցակիցը նույնպես խնդիր չի տեսնում. «Միակ խնդիրն այն է, որ այդ մարդիկ իրենց անցյալով մեկը մյուսի նկատմամբ տարաբնույթ խնդիրներ չառաջացնեն: Եթե զուտ կենսագրության տեսանկյունից խնդիրներ չլինեն՝ մնացյալը հեշտ է լուծել»: