Երեկ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները Ազատության հրապարակ չմտան, բայց Սարյանի արձանին հարող պուրակում «քաղաքական զբոսանք» անցկացրեցին: Ոստիկանությունն այս անգամ նրանց վրա չհարձակվեց: Երեւի հրաման չկար:
Դեռ մայիսի 30-ին ՀՀ ոստիկանությունը, փորձելով արդարացնել այդ եւ նախորդ օրը Ազատության հրապարակում ընդդիմության փոքրաթիվ ներկայացուցիչների կողմից նույնիսկ գործող օրենքով արտոնման ոչ ենթակա եւ ոչ զանգվածային բողոքի ակցիան բռնությամբ ցրելու իր գործողությունները, հաղորդագրություն էր տարածել, թե՝ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանների նկատմամբ «չարտոնված հրապարակային միջոցառում անցկացնելու կոչ անող անձանց կողմից» բռնություն է գործադրվել, դիմադրություն է ցուցաբերվել: «Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել» էր, որ բռնություն գործադրած անձը «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող, 23-ամյա Անի Գեւորգյանն է: Նա, ի դեպ, ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էր ենթարկվել մայիսի 31-ին՝ Ազատության եւ ապա նաեւ՝ Սարյանի արձանին հարող պուրակում ընդդիմության եւ ոստիկանական ուժերի միջեւ տեղի ունեցած բախումների ժամանակ: Հիշեցնենք, որ այդ օրը, բացի նրանից, ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել եւս 15 հոգի: Նրանց մեծ մասը ավելի քան երեք ժամ ոստիկանությունում պահվելուց հետո ազատ էին արձակվել: Իսկ ահա Անին՝ որպես կասկածյալ, ձերբակալվել է եւ մեղադրվում է ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1-ին մասի՝ «իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու» մեջ: Երեկ գիշերը ձերբակալվել են նաեւ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանն ու Անիի եղբայրը՝ Սարգիս Գեւորգյանը: Նրանք մեղադրվում են ՔՕ 258 հոդվածի հատկանիշներով՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով: Ձերբակալվածների պաշտպանն է Լուսինե Սահակյանը:
Լրագրողի ձերբակալմանը երեկ արձագանքել են նաեւ լրագրողական եւ իրավապաշտպան կազմակերպությունները՝ տարակուսանք հայտնելով, թե «ինչպե՞ս է 23-ամյա աղջիկը բռնություն գործադրել ոստիկանների նկատմամբ, անհայտ է մնում»: «Նույն օրը ոստիկանները խոչընդոտել են նաեւ «ՀԺ»-ի մեկ այլ լրագրողի՝ Սյուզան Պողոսյանի եւ «Հայք» թերթի թղթակից Լիլիթ Թադեւոսյանի մասնագիտական գործունեությունը: Նրանց նույնպես բերման են ենթարկել, ապա ժամեր անց ազատ արձակել»: Թվով ութ հ/կ-ները հայտարարել են, որ «լրագրողների դեմ կիրառվող նման բռնի մեթոդները անընդունելի են ժողովրդավարական հասարակության համար», նաեւ հիշեցրել են, որ լրագրողի գործունեությունը խոչընդոտելը քրեորեն հետապնդելի արարք է: Հ/կ-ները ՀՀ ոստիկանության ղեկավարությունից պահանջել են անհապաղ ազատ արձակել Անի Գեւորգյանին ու դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, նաեւ պատժել իրենց լիազորությունները գերազանցած ոստիկաններին:
Եթե հավատանք ոստիկանության կողմից մայիսի 31-ին Ազատության հրապարակում եւ Սարյանի արձանի մոտ ծավալված իրադարձությունների վերաբերյալ հաղորդագրությանը, ապա այդ օրը «անհայտ անձինք՝ խախտելով հասարակական կարգը, փորձել են մուտք գործել Ազատության հրապարակ», իսկ ոստիկանները «նպատակ ունենալով կանխել նրանց գործողությունները՝ բազմիցս կարգի են հրավիրել օրինախախտներին, սակայն վերջիններս դիմադրություն ցույց տալով» հասարակական կարգի «պահապաններին»՝ նրանց հայհոյել եւ «առողջության համար վտանգավոր բռնություններ» են գործադրել՝ ոմանց նաեւ մարմնական վնասվածքներ պատճառել, պոկել ոստիկաններից մեկի ուսադիրը, գետնին շպրտել մյուսի գլխարկը: Խե՜ղճ ու անպաշտպան ոստիկաններ: Հաղորդագրության մեջ, բնականաբար, ոչինչ չկա ոստիկանների կողմից քաղաքացիներին ծեծի ենթարկելու, նրանց արժանապատվությունը վիրավորելու մասին, թեեւ իրականում սահմանադրական կարգը խախտողներն արդեն չորս օր շարունակ հենց իրենք՝ ոստիկաններն են, որոնք առանց որեւէ օրենք մատնացույց անելու ուղղակի քշում ու հետապնդում, ծեծի են ենթարկում քաղաքացիներին՝ խախտելով նրանց ոչ զանգվածային միջոցառում անցկացնելու սահմանադրական իրավունքը, հետեւողականորեն եւ «պրինցիպի» համար արգելելով մարդկանց մուտքը Ազատության հրապարակ:
Ահավասիկ երեկ էլ մի քանի տասնյակ ոստիկաններն ու հատուկենտ կարմիրբերետավորները, Երեւանի ոստիկանապետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանի եւ ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանի կարգադրությամբ, բացառապես ընդդիմության ներկայացուցիչների համար փակել էին հրապարակի բոլոր մուտքերը: Այնտեղ որեւէ կողմից թույլ չտրվեց մուտք գործել Կոնգրեսի նույնիսկ 3-4 ներկայացուցիչների: Բոլոր մուտքերի մոտ ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանին, Տիգրան Մարգարյանին եւ «Լինենք տեր պետությանը» հ/կ նախագահ Արմեն Համբարձումյանին եւ նրանց ուղեկցող մի քանի լրագրողների «դիմավորում» էին ոստիկանական շարքերը: Նրանք, ի դեպ, հրապարակի մուտքից մուտք էին քշվում իրենց վերադասների կողմից եւ վազելով հասնում հրապարակի մի ծայրից մյուսը՝ այնտեղի մուտքը «անառիկ» պահելու համար. «չի կարելի», «մեզ հրամայված է թույլ չտալ» ու վերջ: Ընդդիմության ներկայացուցիչները եւս մեկ անգամ փաստեցին, որ ոստիկանները խախտում են քաղաքացիների սահմանադրական, այդ թվում՝ նաեւ ազատ տեղաշարժի իրավունքը: «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ ընդդիմության ներկայացուցիչ քաղաքացիներին թույլ չի տրվում մտնել հրապարակի տարածք, ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանն այսպես պատասխանեց. «Իրենք միշտ մտել են Թատերական հրապարակ եւ միշտ հասարակական կարգ են խախտել: Որտեղ հայտնվում են իրենց խմբերով, այնտեղ կարգ են խախտում»: Բայց եթե այս անգամ մտնեն ու ոչ մի կարգ էլ չխախտե՞ն: «Մենք եթե-ներով չենք աշխատում: Մենք աշխատում ենք համոզմունքներով»,- հայտարարեց Վ. Օսիպյանը: ՀԱԿ ներկայացուցիչ Վլ. Կարապետյանն էլ նկատեց, թե դա կանխակալ տրամադրվածություն է, եւ ոստիկանության գործողություններն էլ հիմնված են «եթե»-ների եւ ապօրինության վրա: