Ըստ «7 օրի», քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցին՝ ասել է, որ ինքն այդ այցին այլ կերպ է նայում այն պատճառով, որ միջազգային կապերի տեմպերի անընդհատ արագացման պայմաններում ինքնավստահ հանգստությամբ տանը նստելը ճիշտ չէ. «Այդ իմաստով ես գտնում եմ, որ այնուամենայնիվ մեր արտաքին քաղաքականության մեջ ինչ-որ մի բան է նկատվում. դա ակտիվության, նախաձեռնողականության շեշտադրումներն են։ Այստեղ, իհարկե, գնահատականները կարող են տարբեր լինել։ Մինչեւ այն պահը, երբ մեր կողմից առկախվեց գործընթացը, ես ասել եմ, որ սա ֆուտբոլային դիվանագիտություն չէ, ավելի շուտ շախմատային է։ Մենք կատարել ենք ձիու քայլ, որը կարող ենք հետ վերցնել, բայց Թուրքիան չի կարող իր քայլը հետ վերցնել։ Ես գտնում եմ, որ թուրք-հայկական հարաբերությունների այս ռաունդը մենք տանուլ չենք տվել, որովհետեւ եթե ոչինչ էլ տակը չմնա, մնում են Հայոց ցեղասպանության քննարկումներն ամբողջ աշխարհով մեկ»: