Այդ նպատակին պետք է ծառայի այլընտրանքային խորհրդարանը
Օրերս «Սարդարապատ» շարժման կազմակերպած քննարկումներից մեկում առաջ էր քաշվել այլընտրանքային խորհրդարան ստեղծելու գաղափարը: Թե ինչ ասել է «այլընտրանքային խորհրդարան», ինչպես այն պետք է ձեւավորվի եւ գործի՝ «Առավոտի» հարցերին որոշ պարզաբանումներ տվեց «Սարդարապատի» նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը: Ըստ այդմ, Հայկական խորհրդարանն ապահովելու է Հայաստանակենտրոնության կողմնակիցների միավորումը եւ հայաստանակենտրոնության սկզբունքին հավատարիմ մարդկանց եւ ուժերի գործակցության դաշտը՝ նկատի ունենալով եւ լիբերալ-սոցիալիստ մեթոդական բազմազանության պահպանումը, եւ առավել ազատությունը, եւ բազմաձեւությունը՝ անկախ եւ ազատ Հայաստան կերտելու ճանապարհին, որը «Սարդարապատի» գլխավոր նպատակն է: «Գործող իշխող հակազգային ու հակապետական վարչակարգի պայմաններում արդար ընտրությունների անցկացումը անհնար է, ուստի անհրաժեշտ է ստեղծել այլընտրանքային խորհրդարան, որը եւ տեսական, եւ գիտական, եւ գործնական առումներով հետամուտ կլինի երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: Ստեղծվելիք խորհրդարանը պետք է խարսխված լինի պետականության վերականգնման գործում հայակենտրոնության եւ սոցիալ-արդարականության սկզբունքների վրա՝ ստեղծելով առողջ քաղաքացիական հասարակություն, որն էլ կդառնա հզոր եւ միասնական Հայաստանի ստեղծման անհրաժեշտ հիմքը»,- ասում է մեր զրուցակիցը:
Հայաստանում ստեղծված իրավիճակը գնահատելիս նա առանձնակի ուշադրության է արժանացնում այն հանգամանքը, որ քաղաքական դաշտում առկա ուժերին սովորաբար բաժանում են ըստ դասական գաղափարախոսական դաշտերի՝ սոցիալիստական, ազատական, ազգայնական եւ այլն: Սակայն գտնում է, որ առկա է նաեւ այլ բաժանում, որի հիմքում դրված է ապագա Հայաստանի պատկերացումները՝ մեկը որպես ինքնիշխան, միմիայն սեփական ուժերին ապավինող եւ սեփական ծրագրային, «պրոյեկտային» ուղղվածություն ունեցող պետություն, իմա՝ Հայաստանակենտրոնություն, եւ մյուսը, որը Հայաստանը պատկերացնում է որպես այս կամ այն ուժերի հովանու ներքո ինքնավար մի տարածք՝ լինի դա Ռուսաստանը, Եվրամիությունը, թե «թուրքական աշխարհը»: Այդ իմաստով, Հայկ Բալանյանի կարծիքով, ազգային փոքրամասնության նման բարդույթով Հայաստանը համակերպեցնելու միտք ունեցողներ եւ հայաստանակենտրոնության կողմնակիցներ կան բոլոր քաղաքական կազմակերպություններում՝ անկախ դասական գաղափարական բաժանումներից. «Խնդիր կա բյուրեղացնելու, պարզեցնելու քաղաքական դաշտն ըստ ապագա Հայաստանի պատկերացումների, աշխարհայացքային ընկալման, քանի որ լիբերալիզմը կամ սոցիալական քաղաքականությունը ընդամենը ավելի լավ երկիր ունենալու միջոց է եւ երբեք չի կարող լինել նպատակ, առավել եւս՝ ինքնանպատակ»: