Այսպես է կարծում անկուսակցական պատգամավոր Կորյուն Նահապետյանը
– ԵՄ-ի հետ գործընկերության ծրագրի մասին կարծիքները խիստ հակասական են: Բոլորս կարծես հասկանում ենք, որ հարկավոր է գնալ դեպի ժողովրդավարացում, դեպի եվրոպական արժեքներ, սակայն մյուս կողմից՝ հստակ չէ, թե Արեւելյան գործընկերության ծրագիրը ինչ է տալու մեր երկրին, որքանով ենք պատրաստ մտնել այս ծրագրի մեջ:
– ԵՄ-ի հետ մեր փոխհարաբերությունների զարգացման իմաստով, կարծում եմ, արեւելյան գործընկերության նոր ձեւաչափի հիմնումը բավականաչափ լուրջ առաջընթաց կարող է առաջադրել ԵՄ-Հայաստան հարաբերություններում: Նախ, պետք է հասկանանք, թե արեւելյան գործընկերությունը, որպես նոր ձեւաչափ, ի՞նչ է: Այն մեկնարկել է 2009 թվականի մայիսի 7-ին Պրահյան գագաթաժողովից հետո, որտեղ ընդունված համատեղ հայտարարությամբ հստակ ուրվագծվեցին այս ձեւաչափի նպատակները, հիմնական ոլորտները, նաեւ պետությունների մասնակցության ձեւը այս ծրագրին: Չափազանց կարեւոր նախաձեռնություն եմ համարում արեւելյան գործընկերության շրջանակներում խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթի կազմավորման աշխատանքները, որի մասին ուղղակի հիշատակված էր Պրահյան գագաթաժողովի հայտարարության մեջ: Արեւելյան գործընկերության ծրագիրը ներառում է համագործակցություն մի կողմից՝ եվրոպական միության, մյուս կողմից՝ արեւելյան գործընկեր երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Մոլդովայի միջեւ: Այս ծրագրի հիմնական նպատակն է ապահովել անհրաժեշտ պայմաններ ԵՄ-ի եւ նրա արեւելյան գործընկերների քաղաքական մերձեցման եւ տնտեսական ինտեգրման համար: Այս ձեւաչափն ապահովելու է գործընկեր երկրների նկատմամբ ԵՄ-ի քաղաքականության զգալի հզորացում: ԵՄ-ն ձգտելու է աջակցել բոլոր այն քաղաքական եւ սոցիալ-տնտեսական բարեփոխումներին, որոնք իրականացվում են գործընկեր երկրներում: Չափազանց կարեւոր է նաեւ վեց գործընկեր երկրների ազգային օրենսդրության համապատասխանեցումը ԵՄ օրենսդրությանը եւ այն չափորոշիչներին, որոնք գործում են այս կառույցի շրջանակներում:
– Այնուամենայնիվ, Եվրանեսթի կայացումը ձգձգվում է, եւ կարծեմ դեռ մարտ ամսին անդրանիկ նիստը պետք է կայացած լիներ, արդյոք այս ձգձգման պատճառը միայն Բելառո՞ւսն է, թե՞ կան այլ պատճառներ եւս:
– Եվրանեսթի առաջին նիստի գումարման հետ կապված իրականում եղել են որոշակի խնդիրներ, եւ դրանք հիմնականում պայմանավորված են եղել Բելառուսի պատվիրակության մասնակցության ձեւով: Ինչպես գիտեք, ԵՄ-ն չի ճանաչել այս երկրի խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ Բելառուսի խորհրդարանը չի դիտում որպես ընտրված իշխանություն:
Այդ պատճառով էլ որոշել է Եվրանեսթի կազմում չընդգրկել Բելառուսի խորհրդարանականներին: Առաջարկվել է, որ այդ երկիրը Եվրանեսթում ներկայացված լինի ընդդիմության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից: Որոշակի խնդիրներ են ծագել նաեւ Եվրանեսթի հիմնադիր փաստաթղթի վերաբերյալ: Արեւելյան գործընկերության վեց երկրների խորհրդարաններից ակնկալվում են առաջարկություններ հիմնադիր ակտի նախագծի վերաբերյալ: Նշեմ, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից մեր խորհրդարանի առաջարկությունները հասցեագրվել են Եվրախորհրդարանի նախագահին: Որոշ դրույթների վերաբերյալ մենք ներկայացրել ենք մեր մտահոգությունները, մասնավորապես՝ հիմնադիր ակտի նախագծում ամրագրված է դրույթ, ըստ որի՝ Եվրանեսթի մշտական հանձնաժողովներից մեկի՝ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի պատասխանատվության ոլորտի մեջ է ներառված նաեւ կոնֆլիկտների կանխարգելման եւ լուծման խնդիրը: Այս կապակցությամբ մենք ներկայացրել ենք մեր առարկությունը եւ առաջարկել ենք, որպեսզի Եվրանեսթի այդ հանձնաժողովի պատասխանատվության ոլորտում ներառված լինի միայն քաղաքական երկխոսության խթանման եւ բազմակողմ փոխվստահության միջոցների խթանման գործառույթը: Ինչ վերաբերում է Բելառուսի մասնակցությանը, այս կապակցությամբ եւս գործընկեր պետությունները ներկայացրել են իրենց մտահոգությունները, հայտնելով, որ ցանկալի կլինի, որպեսզի ներգրավված լինեն այդ երկրի խորհրդարանի ներկայացուցիչները: Քննարկումները դեռ շարունակվում են, եւ, որքան ինձ հայտնի է, հունիսի երկրորդ տասնօրյակում նախատեսվում է Եվրանեսթում ԵՄ պատվիրակության Բյուրոյի ընդլայնված նիստ, որին մասնակցելու են նաեւ վեց երկրների պատվիրակությունների ղեկավարները (հայաստանյան պատվիրակության ղեկավարը ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն է- Մ. Ե.):
– Մեր մղումը դեպի Եվրոպա կամ Եվրոպայի մղումը դեպի մեզ ի՞նչ վտանգներ է պարունակում: Գաղտնիք չէ, որ հիմա աշխարհը մի քիչ այլ կերպ է զարգանում, եւ գաղտնիք չէ նաեւ, որ շատ արագ Չինաստանը դառնում է կենտրոն: Ուրեմն մեր մղումը դեպի Եվրոպա արդյոք արդարացվա՞ծ է, երբ աշխարհը կենտրոնանում է «գլոբուսի» այլ կետում:
– Մեր երկրի արտաքին քաղաքականությունը բավականին հավասարակշռված մոտեցում է ցուցաբերում բոլոր գերակա ուղղություններով, եւ եվրաինտեգրումը մեր արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է: Դա չի նշանակում, որ մենք մյուս ուղղություններով չենք իրականացնում մեր քաղաքականությունը եւ չենք փորձում ընդլայնել մեր փոխհարաբերությունները աշխարհաքաղաքական այլ կենտրոնների հետ, այդ թվում՝ ձեր նշած Չինաստանի հետ: Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ բավականաչափ ակտիվ հարաբերություններ ենք զարգացնում նաեւ Չինաստանի հետ: Այդուհանդերձ, եվրաինտեգրումը բացառիկ կարեւոր է Հայաստանի համար: Մենք, իսկապես, կարեւորում ենք ԵՄ շրջանակներում մեր քաղաքականությունը, եւ դրան են ուղղված արտաքին քաղաքական զարգացումները, մասնավորապես՝ երկրի նախագահի այցը Բելգիա, որտեղ մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ տեղի ունեցան: Այս շրջանակներում կարեւոր է նաեւ ԵՄ-ՀՀ համագործակցության ծրագրի իրականացումը թե եվրոպական հարեւանության ծրագրի շրջանակներում եւ թե Արեւելյան գործընկերության ձեւաչափով: ՀՀ նախագահի կողմից ստեղծվել է համապատասխան միջգերատեսչական հանձնաժողով, որը համակարգում է ԵՄ-ի հետ մեր փոխհարաբերությունները, եւ շուրջ 200 միջոցառում է նախատեսված, որոնք իրականացվում են գրեթե բոլոր ոլորտներում: