Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ՍՓՅՈՒՌՔ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԵՆՔ

Հունիս 02,2010 00:00

Նաեւ այս փաստարկով է պատճառաբանվում օտարալեզու դպրոցներ հիմնելու նախաձեռնությունը, որ հայերը Ռուսաստանում «չմո» չլինեն:

Աժ խմբակցությունների հետ հանդիպումների շրջանակում՝ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի անդամները երեկ հանդիպեցին «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչներ Արամ Սաֆարյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հետ: Վերջիններս ներկայացրին խմբակցության դիրքորոշումը Հայաստանում օտար լեզուներով ուսուցման կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ հիմնելու կառավարության նախաձեռնության վերաբերյալ, թե նման ուսուցում պետք է իրականացվի միայն ավագ դպրոցներում: Իսկ Արամ Սաֆարյանը հավելեց՝ նաեւ ոչ պետական դպրոցներում: Իսկ նախաձեռնող խմբի անդամները դեմ էին նաեւ լրամշակված տարբերակին: «Եթե մարդու մեջ անգամ մի վտանգավոր վիրուս է մտնում՝ բնականաբար, նա հիվանդանալու է: Այսինքն՝ քանակից չի կախված: Այստեղ կարեւորն այդ սահմանափակումը հանելն է»,- ասաց Հովհաննես Զաքարյանը, որը 11 տարի աշխատել է Լեզվի տեսչությունում, եւ հիշեցրեց, որ սա նման նախաձեռնության արդեն 4-րդ փորձն է: Ըստ նրա՝ անգամ մի դպրոցով կարող է սկսվել գործընթաց, եւ այդ 1-ը հետո կդառնա 10, 20 եւ այլն:

Առավել հանգամանալից ներկայացնենք ԲՀԿ ներկայացուցիչների տեսակետը, քանի որ մինչ այս խմբակցության անդամները ձեռնպահ էին մնում այս նախաձեռնության մասին տեսակետ հայտնելուց: Նշենք, որ «Բարգավաճ Հայաստանը» դեռ պատրաստվում է քաղխորհրդի եւ խմբակցության նիստում քննարկել այս նախաձեռնությունը:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե ներգրավված լինելով միջխորհրդարանական միջազգային տարբեր պատվիրակություններում՝ «Ես ամաչում եմ, որպես Հայաստանի ներկայացուցիչ, երբ գնում եմ որեւէ երկիր: Ես անուններ չեմ ուզում տալ, բայց պատգամավորների շատ նկատելի մասը սկսում է հարաբերվել համրերի լեզվով՝ ձեռքով-ոտքով: Եվ դեռ խոսում ենք ադրբեջանցիների կամ այլոց մասին, թե երբ մենք մշակույթ ունեինք՝ «իրենք ծառերի վրա էին» եւ այլն, բայց հիմա ադրբեջանցի պատվիրակները խոսում են ամեն մեկը մի քանի լեզվով, իսկ մերոնք նույնիսկ ռուսերեն չգիտեն: Բազմաթիվ պաշտոնյաներ, պատգամավորներ կան մեր երկրում, որոնք նույնիսկ ռուսերեն չգիտեն, եւ արական սեռի ներկայացուցիչն ինքն իր մասին խոսելով կարող է ասել՝ յա պոշլա»: Կարելի է վիճել՝ սա լեզուների ուսուցմա՞ն, թե՞ ընտրական համակարգի խնդիր է, որ կրթական այդպիսի մակարդակի մարդիկ են հայտնվում խորհրդարանում:

Արամ Սաֆարյանն անվիճարկելի համարելով, որ նախ պիտի մայրենիի ուսուցում լինի, հետո դրա հենքի վրա՝ օտար լեզվի, նշեց. «Օտարալեզու դպրոցների դեմ պայքարի դուրս եկան մեր նորանկախ Հայաստանի ձեւավորված վերնախավերը՝ կրթական, գիտական, տնտեսական, քաղաքական, զինվորական եւ այլն, որոնք, իմ հաշվարկով, առայժմ չեն անցնում բնակչության 1%-ից՝ 30 հազար մարդ, 7 հազար ընտանիք: Դա ասում եմ՝ ելնելով մեր օրաթերթերի տպաքանակից, սոցիալական ակտիվության դրսեւորումներից: Սա շատ առողջ երեւույթ է՝ մեր նորանկախ հանրապետությունն իրապես ունի մի բարոյականության եւ ազգային մտածողություն կրող խավ, որն ասում է՝ ոչ»: Սա ընդունելի համարելով՝ նա այսուհանդերձ նշեց. «Եթե անցկացնեք հասարակական հարցումներ (ես ավելի քան համոզված եմ, քանի որ օրական շփվում եմ հարյուրավոր մարդկանց հետ), կտեսնեք, որ Հայաստանի ժողովրդի մեծ մասը՝ եւ ինչքան աղքատ, ինչքան չքավոր, այնքան ավելի համոզված եմ իմ ասածին՝ ուզում է ստանալ այլալեզու կրթություն: Եվ կարող եմ հորդորել, որ պետությունը հրապարակային սոցհարցում անցկացնի, ու կտեսնեք, որ մարդիկ նախ եւ առաջ ռուսերեն, ավելի քիչ՝ անգլերեն են ուզում սովորել, քանի որ մենք սփյուռք արտահանող հասարակություն ենք: 1991-ից մինչեւ այսօր բոլոր իշխանությունները ժողովրդին պարտք են, քանի որ բոլոր իշխանությունների օրոք արտագաղթ է եղել, բոլոր իշխանությունների օրոք մեր հասարակությունը ծնել է սփյուռք»: Մանրամասնեց, թե դպրոցում «ադապտացիոն մեխանիզմներ են պետք», որ հայը Ռուսաստանում, ըստ նրա թվարկման՝ «չմո» չլինի՝ լեզու իմանա, ստանա ավելի բարձր վարձատրություն, կարողանա պաշտպանել իր իրավունքները եւ մարդավարի հաղորդակցվի. «Այստեղ մարդկանց աշխատանք չենք տալիս, նյութական ապահովություն չենք տալիս, երկրում նորմալ կյանքի պայմաններ չենք ապահովում՝ չենք էլ ստեղծում պայմաններ, որ կարողանան իրենց հացը դրսում աշխատել»: ԲՀԿ խմբակցության քարտուղարի այս փաստարկներին նախաձեռնող խմբի անդամ Արամ Ապատյանն այսպես հակադարձեց. «Ով որ գնալու է Ռուսաստան բանվոր աշխատելու՝ ինքն այստեղ էլիտար դպրոցներում չի սովորելու»: Իսկ Ռուբեն Թարումյանը հետաքրքրվեց. «Իսկ եթե հարցում անցկացնենք, թե քանի հոգի է ուզում բանակում ծառայել՝ դա ձեզ մտորելու տեղեկատվություն կտա՞: Դրանից ի՞նչ է հետեւելու: Բանակը փակելու ենք, ասենք՝ տղերք, գնացեք տո՞ւն»:

Արամ Սաֆարյանը հայտնեց, որ մայիսի 31-ին ինքն ու Նաիրա Զոհրաբյանն առաջարկել են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հրավիրել կոալիցիոն քննարկում. «Քաղաքական ակտիվի ներկայացուցիչներով հավաքվենք եւ ունենանք ընդհանուր կարծիք: Զարմանում եմ, որ մինչեւ հիմա այդ կարծիքը չի մշակվել: Բայց ենթադրում եմ, թե քանի որ հասարակական ճնշում կա՝ կառավարությունն էլ կգնա զիջումների եւ կներկայացնի մի նախագիծ, որը կդառնա քննարկման հենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել